Ստեղծագործությունը կապրի ավելի երկար, քան ստեղծագործողը: Վերջինս կհեռանա՝ պարտված բնությունից, բայց նրա կերտած կերպարը դարերով կջերմացնի մարդկանց սրտերը: Այսօր միասին բացահայտելու ենք վաստակավոր նկարիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյանի արվեստի աշխարհը տանող ճանապարհը:

 ՎԱՐԴՈՒՀԻ ՏՈՆՈՅԱՆ

 ArmeniaON, հոկտեմբերի 30. Մեր քաղաքը գեղեցիկ է ամեն ինչով, բայց էլ ավելի գեղեցկություն է, երբ աջ ու ձախ աներևակայելի քանդակներ են, չնայած, որ մենք այնքան էլ լավ չենք պահում դրանք. կեղտոտում ենք և փչացնում:

Արամ Խաչատրյան, Հովհաննես Այվազովսկի, Մխիթար Հերացի, Զարթոնք… Բոլորիս քաջ ծանոթ ու հայտնի քանդակներ, որոնք գեղեցկացնում են մեր Երևանը:

Զրուցել եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Յուրի Պետրոսյանի հետ, ով պատմեց ոչ միայն իր ստեղծած քանդակների, այլև դրանց հիմնախնդիրների մասին.

-Արամ Խաչատրյանի քանդակի մրցույթում երկար փուլեր անցնելուց հետո, ես դարձա քանդակի հեղինակը: Այն ժամանակ միջոցներ չկային հուշարձանն իրականացնելու, և իմ շատ լավ ընկեր Սենիկ Գևորգյանի շնորհիվ, ով վերցրեց ողջ ծախսերն իր վրա, այսօր Արամ Խաչատրյանի հուշարձանը գեղեցկանում է մեր քաղաքը, որը տեղադրվել է 1999 թվականի օգոստոսին: 

mincult.am

Սենիկ Գևորգյանի աջակցությամբ կյանքի կոչվեց արվեստագետի հեղինակած ևս մեկ սիրված քանդակ:

-Հայտարարվեց Հովհաննես Այվազովսկու հուշարձանի մրցույթ, և ի տարբերություն նախորդ մրցույթի, այս մեկում հենց առաջին իսկ փուլում էլ ընտրվեցի:

aysor.am

Այն հարցին, թե ինչու են անխիղճի նման գողանում Այվազովսկու հուշարձանի վրձինը, վարպետը պատասխանեց.

Այվազովսկու վրձնի հետ կապված պետք է նշեմ, որ առաջին դեպքը չէ: Իրականում վրձինը իրենից արժեք չի ներկայացնում, ուղղակի կարծես ՝ կան մարդիկ, ովքեր մեկ բաժակ խմիչքի համար կարող են արվեստի գործ փչացնել, ինչը ցավալի է:

Յուրի Պետրոսյանի մասին կարելի է խոսել անվերջ: Նրա աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյան երկրների արվեստի թանգարաններում:

Հայ արվեստագետ, ով ունեցել է 80-ից ավելի ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում: Յուրաքանչյուր գործի մեջ նա աշխատել է ապավինել ներքին ձայնին և ցույց տալ իր անհատականությունը:

Արվեստաբան Լոևոն Լաճիկյանի խոսքերով, հինգ տասնամյակից ավելի Յուրի Պետրոսյանը հետևողականորեն խորացնում է իր հաջողությունները նոր ձևերի յուրացման մեջ, զարգացնում նախասիրած թեմաները։ Իսկ դրանք քանդակային սգերգերն են «Ռեքվիեմ» ու «Ողբեր» շարքը։

Այս շարքերով հեղինակն ամենևին էլ նպատակ չունի հուսահատական տրամադրություններ առաջացնել։ Ընդհակառակը՝ դրանք ուժեղ մարդ-անհատի, ճակատագրի ծանր հարվածներ կրած ժողովրդի ոգու ամրության դրսևորումներ են, ապագայի հանդեպ հավատ ներշնչող կերպավորումներ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here