Խեցեգործությունը կամ կավագործությունը մարդկությանը վաղուց հայտնի զբաղմունքներից մեկն է:  Մարդիկ արտադրում էին սպասք, օգտագործում այն ճարտարապետության մեջ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՔԹՈՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 31. Կավագործությունը հայտնի է նաև առողջարար հատկություններով: Իր մեջ գտնվող էլեմենտների շնորհիվ կավն օգնում է օրգանիզմը մաքրել բացասական լիցքերից, սթրեսից, դեպրեսիայից:

«Գիտեք, դա կարելի է դիտարկել ավելի լայն համատեքստում. արտթերապիա, այսինքն արվեստով զբաղվելը՝ և՛ ստեղծելը, և՛ ընկալելը: Տվյալ դեպքում խոսքը ավելի շատ վերաբերում է ինչոր ստեղծագործական աշխատանքի, դա թերապեվտիկ էֆեկտ է ունենում», –   ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Խեցեգործությունը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, վերացնում է ձեռքերի թմրածությունը, հոդացավերը, գլխացավերը, վստահեցնում է հոգեբանը:

 «Ընդհանրապես հոգեկան աշխարհը հանգստացնող, հոգեկան վիճակը բարելավող էֆեկտ ունի արվեստի հետ, արվեստի ցանկացած ճյուղի հետ շփումը: Իսկ մարդը, ով ունի ստեղծագործելու ներքին մղում, նույնիսկ գիտեք գեղարվեստական արժեքը տվյալ դեպքում էդքան կարևոր չի»:

Ծնված օրից կավի բույրն առած Արմենը պատմում է, որ մասնագիտական տասը տարիների ընթացքում բրուտագործություն շատերին է սովորեցրել, բայց հիմնականում աղջիկներն են հետաքրքրվում: Մեզ էլ խորհուրդ տվեց զբաղվել կավագործությամբ:

 «Հիմնականում հանգիստ բնավորությամբ, եթե լարվես, ինչոր նյարդային բաներ լինի մոտդ, չես կարող ստանալ քո ուզած աշխատանքը: Կաշկանդվելու ես, չի ստացվելու: Եթե ինչոր բան իրենք չեն կարում արտահայտեն, ստանում են կավի միջոցով, ինչոր բաներ սարքելով, հանգստացնում ա էլի մարդուն»:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նույնպես համամաիտ է՝ ստեղծագործելիս մարդը հոգեկան թեթևություն է զգում, եթե ներքին լարվածություն կամ խնդիրներ ունի: Եվ կարծում է, որ բրուտագործությունն այդ կոնտեքստում պետք է դիտարկել, քանի որ այն իսկապես կարող է շատ բարերար ազդեցություն ունենալ մարդու հոգեկան աշխարհի վրա:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here