Բոլորը  ապշում էին ,թե ինչպիսի թեթևությամբ է Յուրի Վարդանյանը կարողանում բարձրացնել  այդ ահռելի կիլոգրամները: Այսօր`ԱՄՆ-ում,  62 տարեկան հասկում մահացել է ծանրամարտի Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն  Յուրի Վարդանյանը:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

ArmeniaOn, նոյեմբերի 2. Փառահեղ ու անկրկնելի է եղել հայազգի ծանրորդի մարզական կարիերան: Նրա ելույթներով էր հիանում ողջ աշխարհը:

Յուրի Վարդանյանի մարզական կարիերան սկսվում է 1970 թվականից, երբ իր հորեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ, սկսում է լրջորեն զբաղվել ծանրամարտով:

Նրա  հաղթանակները սկսվեցին արդեն 1975-1976 թվականներին, երբ ծանրամարտիկը դարձավ Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն: Այնուհետև դառնալով ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ, սկսեց փայլել արդեն մեծահասակների ասպարեզում:

1977 թվականից սկսած, արդեն ծանրամարտի աշխարհը հասկանում էր, որ հայտնվել է մեկը, ով կարողանալու է նոր էջ բացել ծանրամարտի պատմության մեջ, ով իր անունը ոսկե տառերով է գրելու այնտեղ: Հենց այդ թվականին, առաջին անգամ մեծահասկաների  պայքարում նա հասավ  հիանալի արդյունքի` դառնալով միաժամանակ  Եվրոպայի և աշխարհի չեմպիոն:

Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում Յուրի Վարդանյանը  7 անգամ դարձել է աշխարհի,ևս 5 անգամ Եվրոպայի չեմպիոն: Սակայն այս նվաճումները չեն , որ  համարվում  են նրա կարիերայի ամենափառահեղ էջերը:

Յուրաքանչյուր մարզիկի համար կյանքի երազանք են համարվում Օլիմպիական խաղերը: Որոշների համար հաջողություն է համարվում արդեն դրանց մասնակցելը, իսկ մյուսները  ձգտում են  «հասնել այնտեղ, որտեղ Զևսն է»` դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող: Բացառություն չէր նաև մեր Յուրի Վարդանյանը:

Այսպիսի հաղթանակներ ու հաջողություններ ունեցող մարզիկի համար մնում էր մեկ անհաս բարձունք, որից հետո նա կհավերժանար ծանրամարտի աշխարհում:
1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ, Յուրի Վարդանյանը հասավ իր ամենախոշոր նվաճմանը: Հանդես գալով 82 կգ քաշային կարգում, երկամարտում ցույց տալով 400 կգ արդյունք, սահմանելով միջին քաշային կարգում համաշխարհային ռեկորդ` Յուրի Վարդանյանը դարձավ Օլիմպիական խաղերի հաղթող: Այս օլիմպիադայում նա արժանացավ  «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար):

Նա  1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ: Մինչև 1985 թվականը սահմանել է 43 ռեկորդ:

Այսպիսին է եղել մեր մարզիկի կարիերան: Նրան նայելով ողջ հայ ազգը հպարտություն է ապրում, հաղթանական ոգի է առաջանում, որը ցանկանում է ծնել նորանոր հաղթանակներ:

Յուրի Վարդանյանն իր անգնահատելի ներդրումն ունի Հայաստանի և հայ ազգի ճանաչման գործում: Նրա շնորհիվ աշխարհը հասկացավ, թե ինչպիսի առյուծներ կարող է տալ Հայաստանը, ովքեր իրենց փոքր երկիրը կարողանում են բարձրացնել  հզորներից էլ վեր: Հայ ազգը երբեք չի մոռանա իր զավակներին, որոնց սիրտը թեկուզ հեռվում, բայց միշտ եղել է մայր հողի հետ:

Հավերժ փառք քեզ Յուրի Վարդանյան. Խոնարհվում ենք:

фото: Мир Тяжелой Атлетики, Известия

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here