Մինչև 1997 թվականը Նուբարաշենի թիվ մեկ դպրոցը բանտային տիպի պատժիչ հիմնարկ է եղել անչափահասների համար, որտեղ հայտնված երեխաները մշտական բռնությունների են ենթարկվել։  Այսօր այն հատուկ կրթահամալիր է՝ դպրոցը լքելու իրավունքով:

ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ 

ArmeniaOn, նոյեմբերի 3. Աշխատանքային օրվա ավարտին տուն գնալու իրավունք ունեն բոլոր սաները, սակայն ոչ բոլորին են սպասում տանը: Ովքեր են Վարդաշենի հատուկ դպրոցի սաները՝ ամիսներ շարունակ իր հետաքննությունն է անցկացրել Ամալյա Պապյանը: «Հատուկ դպրոց կամ անտարբերության զոհերը» Ֆիլմի նկարահանումների ընթացքում շատ մտահոգիչ փաստեր են ի հայտ եկել:

Այսօր այստեղ սովորում է «Հակասոցիալական վարք» դրսևորած 10-18 տարեկան 63 երեխա: Միևնույն «Հակասոցիալական վարք» ձևակերպմամբ հաստատությունում հայտնված սաները խիստ տարբեր են միմյանցից` թե հատուկ դպրոցի սան դառնալու պատճառներով, և թե կարիքներով: Մեկ հարկի տակ են ապրում և ուսում ստանում բազմակի իրավախախտում կատարած 18 ամյա անչափահասներ և 10-ը տարեկան մուրացիկ  երեխաներ, որոնց մուրացկանությամբ զբաղվել ստիպում են ծնողները։

Տարիքային տարբերության ու կարիքների անհամատեղելիության հետևանքով դպրոցում հստակ գործում է ստորադասման և կանոններ թելադրողների համակարգ։ Մուրացկանությամբ զբաղվող երեխային իրավախախտման առավել մեծ փորձ ունեցող սաները ստիպում են շարունակել զբաղվել մուրացկանությամբ, սակայն այս անգամ գումարը տալ ոչ թե ծնողին, այլ իրենց։

Որպես կանոն կրթահամալիրում արդեն «ինքնադրսևորված» աշակերտներին գումարը հարկավոր է լինում խաղադրույքներ կատարելու համար։ Դպրոցում իշխող կանոններից շեղումը պատժվում է դաժան ծեծով, ստորացմամբ։ Նախանձելի չեն նաև աշակերտ- մանկավարժ փոխհարաբերությունները։

Վարդաշենի կրթահամալիրում ոջլոտությունը սովորական երևույթ է, իսկ անչափահասի սեռավարակ ունենալը հաճախ հանդիպող իրականություն։ Այսօր այս կրթահամալիրը սնվում է պետական բյուջեից աշակերտների թվին համապատասխան։ Շատ սան՝ շատ գումար սկզբունքով, ահա այստեղ է թաքնված պատճառը, թե ի՞նչու մանկավարժական անձնակազմի զգալի մասը հակված է հաստատությունում տեսնել նույնիսկ այն սաներին, որոնց հետ աշխատանք կատարելու դեպքում կարելի է վերադարձնել ընտանիք։

Կրթահամալիրի սաների մասին խոսելիս առանձնակի ուշադրություն է հարկավոր դարձնել նրանց ընտանիքներին, հիմնականում դրանք միայնակ մայրեր են։ Մայր, ով իր առօրյան առավել անհոգ և ազատ դարձնելու համար երեխային բերում է հատուկ դպրոց։ Արդյո՞ք սա համակարգի բացթողում չէ, ի՞նչու ծնող-ոստիկան համաձայնությամբ պետք է հնարավոր լինի ազատվել երեխայի հոգսից տարիներով, ընդ որում՝ ի վնաս երեխայի։  Վարդաշենի կրթահամալիրի խնդիրները խիստ բազմազան են և խորքային։ Քանի դեռ մենք պատրաստ չենք լուծել Վարդաշեն կրթահամալիրի սաների խնդիրները, այսօր և վաղը ստիպված կլինենք լուծել նրանցից շատերի ավելի բարդ խնդիրները քրեակատարողական հիմնարկներում։

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here