Բանաձևն ընդունվել է, հաշվի առնելով, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը:

ArmeniaOn, Նոյեմբերի 8. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքը կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Այդ մասին ասվում է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի՝ Արցախի ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բանաձևում:

Արցախի ԱԳՆ-ն ներկայացրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը: Նշվում է, որ բանաձևն ընդունվել է, հաշվի առնելով, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը, ինչպես նաև.

հաշվի առնելով, որ 30 տարի առաջ, 1988 թ․ փետրվարին, բռնապետության պայմաններում Արցախի ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել հանուն ինքնորոշման, ազատագրման և ժողովրդավարության, ինչպես նաև

հաշվի առնելով, որ Ստեփանակերտից մինչև Երևան մարդիկ համախմբվել են հանուն ազատության ու ինքնիշխանության և ընդդեմ անհանդուրժողականության ու օտար տիրապետության,

հաշվի առնելով, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, որը հավանության է արժանացել ժողովրդի մեծամասնության կողմից, Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը,

հաշվի առնելով, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը տոկունություն և հաստատակամություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաև

հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մնացել իր քաղաքացիներին՝ պահպանելով անկախությունը, աշխատելով փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջան, անցկացնելով ազատ և արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք տարածաշրջանում ճանաչվել են որպես օրինակելի, ինչպես նաև

հաշվի առնելով, որ Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը 2013 թ․ սեպտեմբերի 10-ինպաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և կոչ է արել Միացյալ Նահանգների Կառավարությանը և միջազգային հանրությանը ձեռնարկել նույն քայլը:

Տվյալ բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսը շնորհավորում է Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և բարձր է գնահատում այն զոհողությունները, վճռականությունը և տոկունությունը, որոնք Արցախի ժողովուրդը ցուցաբերել է ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և հայտարարում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ը կլինի Արցախի օրը Լոս Անջելեսում:

Բանաձևով որոշվել է նաև, որ Լոս Անջելեսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին հանուն խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողության և կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։

panarmenian.net

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here