Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս ստուգատեսին, որը 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր համարվում, Հայաստանը ներկայանում էր 8 մարզիկով:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ArmeniaOn, նոյեմբերի 11. Կանանց  հավաքականի կազմում էին`Իզաբելլա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Արփինե Դալալյանը (87 կգ), իսկ տղամարդկանց հավաքականում՝ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Գոռ Մինասյանը (109+):

Առաջնությունն ի սկզբանե անհաջող սկսվեց մեզ համար: Կանանց պայքարում այդպես ել ոչ մի մեդալ չկարողացանք նվաճել: Իզաբելլա Յայլյանը զբաղեցրեց 9-րդ, Լիանա Գյուրջյանը`11-րդ,  Արփինե Դալալյանն էլ՝ C խմբում 3-րդ հորիզոնականը:

yerkirmedia.am

Իսկ Տաթև Հակոբյանը, պոկում վարժությունում ստանալով 0 միավոր, հրաժարվեց հետագա պայքարից:

Տղամարդկանց պայքարից թեև ունեինք մեդալային հույսեր, այն ևս մեր հավաքականի համար անչափ վատ մեկնարկ արձանագրեց: Անդրանիկ Կարապետյանը, պոկում վարժությունում ստանալով 0 միավոր, կրկնեց Տաթև Հակոբյանի քայլը և հրաժարվեց հետագա պայքարից:

Քիչ, թե շատ հաջողված կարելի է համարել Հակոբ Մկրտչյանի ելույթը, ով կարաղացավ նվաճել արծաթե փոքր մեդալ: Այս ելույթից հետո ավարտվեց մեր հավաքականի անհաջողությունների սև գիծը և սկսվեց մի ոսկե շղթա:

Գերծանր քաշային Գոռ Մինասյանը փայլուն ելույթ ունեցավ: Նա հրում և պոկում վարժություններում կարողացավ նվաճել 2 արծաթե փոքր մեդալ, և դրանց շնորհիվ երկամարտում զբաղեցնելով 2-րդ տեղը, հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: Իսկ սա ֆանտաստիկ արդյունք է՝ հաշվի առնելով, որ  նա զիջեց միայն վրացի «գերմարդ» Լաշա Տալաձեին, ով չունի իրեն հավասարը այս քաշային կարգում:

lragir.am

Սակայն  ամբողջ հայ ազգն իր հպարտության, իր երջանկության գագաթնակետին հասավ 109 կգ քաշային կարգում մեր առյուծ` Սիմոն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ: Դեռ մինչև առաջնության մեկնարկը, հայ մարզիչները և մարզասերները նշում էին, որ Սիմոնը չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդն է, և նա ուղղակի հիանալի է պատրաստվել այս առաջնությանը: Սիմոնն ասես ի սկզբանե որոշել էր  կոտրել բոլոր ռեկորդները և իր անունը գրել դրանց դիմաց:

Պոկում վարժությունում թեթևությամբ բարձրացնելով 190 և 195 կգ ծանրաձողերը, նա 3-րդ մոտեցման համար պատվիրեց 197 կգ, որը այդ վարժությունում աշխարհի նոր ռեկորդ էր համարվելու: Հայ մարզիկը այն նույնպես կարողացավ գլխավերևում պահել, սակայն մրցավարները  չհաշվեցին այս մոտեցումը`գրանցելով սխալ կատարում:

yerkirmedia.am

Թվում էր, թե այս դրվագը կարող է ծանր անդրադառնալ Սիմոնի հոգեբանական վիճակի վրա, և նա նույն ոգով հանդես չի գա: Սակայն իր հետագա մոտեցումներով  նա ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել հայ և ունենալ հզոր կամքի ուժ: Հրում վարժությունում մեր ծանրորդը մոտեցավ 230 կգ ծանրաձողին, որը բարձրացնելով, նա միանգամից սահմանեց նոր աշխարհի ռեկորդ երկամարտի արդյունքում և հենց այդ մոտեցմամբ էլ իրեն հռչակեց աշխարհի չեմպիոն:

Սակայն մեր մարզիկը չբավարավեց այսքանով, պատվիրելով 240 կգ, նա ցանկացավ աշխարհի ռեկորդ սահմանել նաև հրում վարժությունում, և հենց առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց ծանրաձողը, և ստիպեց ողջ դահլիճին ոտնկայս ծափահարել:

yerkirmedia.am

Նշենք, որ այս հաջողությանը մեր մարզիկը հասավ ընդամենը 21 տարեկան հասակում, և շատերը նշում են, որ նա կարող է դառնալ հայ ազգի «նոր» Յուրի Վարդանյանը: Այսպիսով Սիմոնը նվաճեց 1 փոքր արծաթե, 1 փոքր և 1 մեծ ոսկե մեդալներ, ինչպես նաև 2 աշխարհի նոր ռեկորդ: Որոնցով նա իր ուրույն տեղն ունեցավ  ծանրամարտի պատմության մեջ:

Վերջին անգամ մենք ծանրամարտում նման հաջողություն  էինք ունեցել 8 տարի առաջ, երբ 2010 թվականին  Տիգրան Մարտիրոսյանը  Թուրքիայում  դարձավ աշխարհի չեմպիոն:

yerkirmedia.am

Հավելենք, որ վերջնական մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց  8-րդ տեղը` նվաճելով 2 ոսկե և 5 արծաթե մեդալ:

լուսանկարը՝ shantnews.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here