Յուրաքանչյուր պատերազմ աղետ է մարդկության համար՝ թե ընթացքով և թե հետևանքներով: Սիրիայի պատերազմի արդյունքում փախստական դարձած բազում ընտանիքներներից մեկն է Չիլինգարյանների ընտանիքը, որ այսօր հաստատվել է հայրենիքում՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները:
ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ
ArmeniaO, նոյեմբերի 11. Դժվար է պատկերացնել գեթ մեկ արդարացում գրոհողի համար, գեթ մեկ պատճառ, որով կարդարացվեն պատերազմից խեղված ճակատագրերը, անմեղ զոհերը, տեղահան եղած ընտանիքների տառապանքը:
Այդ ու հանդերձ դժվար կլինի գտնել թեկուզ կարճ ժամանակահատված, երբ բացարձակ խաղաղ է ապրել մարդկությունը: Համաշխարհային բացարձակ խաղաղություն և հանդուրժողականություն չի եղել երբեք, փոխարենը եղել են և շարունակում են լինել պատերազմներ, որոնք գրվում են մարդկության պատմության մեջ անմեղ զոհերի արյամբ:
Սիրիա՝ ծաղկող և շատ հայերի համար տուն դարձած երկիրն այսօր ողբերգություն է ապրում: Խաղաղ բնակչության հազարավոր զոհեր, փախստական դարձած բազում ընտանիքներ, և նրանցից մեկն է Չիլինգարյանների ընտանիքը:
Չորս տարի շարունակ ապրել են Սիրիական պատերազմի կիզակետում: Խաղաղության հաստատման սպասման ճանապարհին գերդաստանը ունեցավ մի քանի անմեղ զոհ, բազմաթիվ քաղցած օրեր և մահվան սարսափի սպառնալիք ամեն վայրկյան:
«Ես ծնունդով Քեսաբցի եմ: Հարս եմ գնացել Հալեպ: Ամուսինս Հալեպում ունի խանութ, ես հյուրանոց Քեսաբում: Իհարկե, ունենք տուն, ավտոմեքենա: Այդ ամենը այսօր էլ ունենք Սիրիայում, սակայն ավերակ վիճակում: Երբ սկսվեցին հրթիռակոծությունները, մենք առաջիններից էին, ովքեր լքեցին իրենց տունը, քանի որ ապրում էին հենց զինանոցի դիմաց: Այդպես չորս տարի շարունակ թափառելով բարեկամների շատ թե քիչ ապահով տներով, տեսնելով, որ պատերազմի վերջակետը չի երևում, որոշեցինք փախչել Հայաստան: Վաճառեցինք մեր ավտոմեքենան և ինքնաթիռի տոմս գնեցինք: Փրկեցինք մեզ և երեխաներին»,-պատմում է Հասմիկը:
Նա շնորհակալանքով է հիշում այն օրը, երբ նրանց հաց բաժանեցին 15 օր քաղցած մնալուց հետո:
«Բաշշար Հաֆեզի ալ-Ասադի զինվորները թաղ-թաղ շրջելով հաց էին բաժանում: Օգնում էին նաև եկեղեցին ու մզկիթը: Հայերին չէին տարանջատում արաբներից, բոլորին օգնում էին հավասարապես: Ընդհանրապես հայերը Սիրիայում միշտ իրենց շատ լավ են զգացել: Մենք մեզ Սիրիայում երբեք խորթ չենք զգացել, նույնիսկ, հակառակը, այնտեղ հայերին սիրում են և հարգանքով վերաբերվում: «Հայերը Հալեպի ծաղիկներն են»՝ իր ելույթներից մեկում ասաց Սիրիայի նախագահը»,- երախտիքով հիշում է տիկին Հասմիկը:
Չիլինգարյանները Հայաստան են եկել 2014 թվականին: Սկզբնական 6 ամիսների ընթացքում ընտանիքը ստացել է ամսական 60.000 դրամ՝ տան վարձակալության համար: Ստանում էին նաև հումանիտար օգնություն, որը սակայն շուրջ 6 ամիս է չի տրվում: Հասմիկը ունի շաքարախտ և չի ստանում նաև շաքարախտի դեղերը, չնայած որ ՀՀ քաղաքացի է:
«Իմ դեղերը Սիրիայից մայրս է գնում և ուղարկում», – ասում է տիկին Սուլյանը: Հասմիկի ամուսինը նույնպես ունի առողջական խնդիր, ոտքերը վիրահատված են, չի կարող երկար կանգնել:
Չնայած առողջական խնդիրներին ամուսինները աշխատում են, սնունդ են պատրաստում նախարարությունների շենքի ճաշարանում: Սիրիայից բերված ճաշատեսակները, բաղադրատոմսերը, Հասմիկի խոհարարական տաղանդը համտեսողների մեծ հավանությանն են արժանանում:
«Հասարակությանը ինտեգրվելու խնդիր գրեթե չունեցանք: Մեզ շատ լավ են վերաբերվում, հատկապես մեր գործատուն չափազանց հոգատար է: Առավել լավ են իրենց Հայաստանում զգում մեր երեխաները: Աղջիկս ասում է՝ «Մամ այստեղ բոլորը հայ են, բոլորը հայերեն են խոսում, սա մեր երկիրն է, այստեղ է մեր տեղը»:
Հասմիկը պատմեց, որ իրենց ընկերներից շատեր տեղափոխվեցին Կանադա և անհոգ կյանքով են ապրում, սակայն մեր ընտանիքում դա ավելորդ թեմա է: Հայաստանը լքելու մասին Չիլինգարյանների երեխաները նույնիսկ լսել չեն ուզում:
«Մենք այստեղ պիտի ապրենք ու շենացնենք մեր երկիրը: Նույնիսկ, եթե կարիք լինի պատերազմ կգնամ»,- ասում է Հասմիկի վարսավիր որդին:
«Սիրիայում երեխաները խիստ հայրենասեր են դաստիարակվում, արդեն երեք տարեկանում, երբ առաջին անգամ մատիտ են վերցնում Մասիս սարն են նկարում: Հայրենիքում ապրելը մեզ համար երազանք էր», -շարունակում է Հասմիկը:
«Եթե մենք կարողանայինք վաճառել Սիրիայի մեր ունեցվածը, ապա այստեղ ներդրումներ կանեինք: Սակայն ականներից հյուրանոցը ավերակ է դարձել: Որոշ սիրիահայեր, որոնք վերադարձան Հայաստան պատերազմից առաջ կարողացան ինքնահաստատվել, սակայն պատերազմից մազապուրծ եղածների համար շատ դժվար է: Մեր այն հարազատները, որոնք մնացել են Սիրիայում միշտ հարցնում են՝ «Կ՞արողանում եք ապրել, մենք էլ գ՞անք»: Այսօր մեր ընտանիքը 90.000 դրամով վարձակալել է մի անհարմար բնակարան երրորդ մասում գումարած 15-20 հազար դրամ կոմունալ ծախսերը, եթե ընտանիքի անդամներից գեթ մեկը իրեն վատ զգա և չգնա աշխատանքի ծախսերը հոգալու, խնդիր կունենանք»,- պատմում է Հասմիկը:
Կենսական խնդիրներով բեռնված Չիլինգարյանների ընտանիքը չի տրտնջում, նույնիսկ մեկ զղջման խոսք չլսվեց Հայրենիքում հաստատվելու համար: Հասմիկն ու ամուսինը պատրաստ են պայքարել և հաղթահարել դժվարությունները, նույնիսկ հարազատներին տեղափոխել հայրենիք և կատարել Հայաստանում ապրելու նաև նրանց երազանքը:
«Այսօր մենք միայն մեկ խնդիր ունենք, որը անհաղթահարելի է թվում, դա բնակարանի հարցն է: Մենք չենք խնդրում օգնություն, չենք խնդրում նվեր, ոչ: Խնդրում ենք միայն ցածր, մատչելի տոկոսադրույքով բնակարանային վարկ: Այսպես մենք յուրաքանչյուր ամիս մեր եկամուտի մեծ մասը տան տիրոջն ենք վճարում և անդադար անհանգստանում, որ անտուն չմնանք: Եթե պետությունը ստեղծի մեզ համար բնակարան գնելու հնարավորություն, ապա ապագայի հանդեպ սիրիահայ ներգաղթյալների անորոշ ապագայում լույս կբացվի: Գոնե կիմանանք, որ որոշ ժամանակ անց մեր բույնն ենք ունենալու»,- անկեղծ խոսում է Հասմիկը:
2018 թվականի հուլիսին Եվրամիությունը 3 միլիոն եվրո է հատկացրել սիրիահայերի խնդիրների լուծման համար: Սա լույսի շող էր շատ փախստականների համար:
«Երբ լսեցինք այս մասին ցնծում էինք, կարծում, որ հնարավոր է սրիահայերի համար բնակարաններ կառուցվեն: Իմացանք, որ հաշվառում է անցկացվում, մասնակցել չհասցրինք: Սովորաբար, երբ սիրիահայերի համար որևէ բան է կազմակերպվում զանգահարում են, թաղապետարանները ունեն բոլորիս տվյալները, սակայն չէին զանգահարել: Փոխարենը գրանցվել հասցրել էր ամուսնուս քույրը, որը սակայն նույնպես լուր չունի, թե ինչ կերպ է օգտագործվել Եվրամիության օգնությունը, տեղեկություն չունենք», – ասաց տիկին Հասմիկը:
Չիլինգարյանների համար մեկ բան հաստատ է՝ նրանք ուզում են ապրել հայրենիքում, սակայն երբեմն, խնդիրների հետ միայնակ մենամարտելիս թևաթափության պահեր են ունենում: