«Բացում ենք հնարավորությունները, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքի միջոցով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի հացն ու բարեկեցությունը»,-նշել է Փաշինյանը: 


ArmeniaON, Նոյեմբերի 14. Միկրոբիզնեսը ազատված կլինի հարկերից, իսկ մինչ երեք աշխատող ունենալու պարագայում կգործի եկամտահարկի թեթև ռեժիմ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնել է ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված իր ելույթում:

«Բյուջեի համատեքստում աշխատանքի խրախուսման կարևորագույն խնդիր է սահմանել «միկրոբիզնես» նոր հասկացություն: Դա ազատված կլինի բոլոր հարկերից: Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, չեն վճարի հարկ: Իհարկե, կլինեն որոշակի սահմանափակումներ` կախված ոլորտներից: Կլինի նաև գոտիականության խնդիր: Այս քաղաքականությամբ կփորձենք հատկապես մարզերում խրախուսել տնտեսական գործունեությունը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է նաև, որ իրենք միկրոբիզնեսով զբաղվող և խնդիրներ ունեցող մարդկանց ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու փոխարեն այլ ճանապարհ են ընտրել:

«Բացում ենք հնարավորությունները, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքի միջոցով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի հացն ու բարեկեցությունը»,-նշել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` միկրոբիզնեսում մինչ երեք աշխատող ունենալու պարագայում գործելու է նաև եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ: Նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, այլ ուղղակի 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը: Սա թույլ կտա ունենալ ավելի շահավետ պայմաններ, կարծում է Նիկոլ Փաշինյանը:

Armenpress

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here