Քաղաքացին արդեն պետք է իմանա, որ դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից պետք է հարկ վճարի։

ArmeniaON, Նոյեմբերի 19. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականից կարող է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդնել, ինչը ենթադրում է, որ դրսից եկամուտ ստացող քաղաքացին պարտավորվում է այն հայտարարագրել ու 23% եկամտային հարկ վճարել պետությանը: «Ռադիոլուրի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Արտագնա աշխատողներին հարկելու մասին օրենսդրական փոփոխություններ քննարկվել են դեռևս 2015 թվականին. խոսքն այդ ժամանակ երկրի տարածքից դուրս շինարարական ու շինմոնտաժային աշխատանք կատարող ՀՀ քաղաքացիների երկամտահարկը ՀՀ բյուջե ուղղորդելու մասին էր:

«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել և ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով», – նշել է Անանյանը:

2017-ին Հայաստան է մտել $1.756 մլրդ տրանսֆերտ: 2017-ին ՀՀ ՀՆԱ ֆիզիկական ծավալը $11.6 մլրդ դոլար էր՝ տրանսֆերտների գրանցված ծավալից մոտ 10 անգամ ավելի: Այսինքն՝ միայն տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ը նախատեսում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը:

panarmenian.net

Photo: Pxhere