Նոյեմբերի 20-ին և 21-ին Ախուրյանի մշակույթի տանը կկայանա Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» ստեղծագործության բեմադրությունը։

ԱԼԲԵՐՏ ՍԵՐՈԲՅԱՆ

ArmeniaOn, նոյեմբերի 20. ՀՀ վաստակավոր արտիստ, ԵԹԿՊ-ի Գյումրու  մասնաճյուղի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանի պիեսի բեմականացման դերասանները նրա ուսանողներն են։ Երիտասարդների աշխատասիրությունը բարձր է գնահատում վաստակավոր դերասանը և վերջին խորհուրդներն է տալիս։

«Նախադիպլոմային աշխատանք է, և ուսանողները մեծ սիրով ու ոգևորությամբ են մոտենում գործին։ Ուսանողական թատրոնի շրջանակներում որոշել ենք բեմադրել հենց այս ներկայացումը, քանի որ բեմում երիտասարդներ են, և հենց նրանց միջոցով կփորձենք երիտասարդ հանդիսատեսի մեջ խթանել հայկական ստեղծագործությունների պահպանումը, որովհետև վերջերս ինքս եմ նկատել՝ ավելի շատ արտասահմանյան և, մասնավորապես, Եվրոպական մշակույթի հանդեպ է  մեր երիտասարդությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերում», – ասում է վարպետը:

Ներկայացումը բարեգործական է, հասույթը տրամադրվելու է ինստիտուտի ուսանողների ուսման վարձավճարներին։ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, նմանատիպ բարեգործական միջոցառումները շարունակական են լինելու։ Ապագայում ծրագրեր կան նաև Ուսանողական թատրոնով շրջագայել սահմանամերձ գոտիներով՝ ոչ միայն Հայ-Ադրբեջանական, այլ նաև Շիրակի մարզի Հայ-Թուրքական սահմանամերձ գյուղերում։

Դավիթ Մարդոյանը ԵԹԿՊ-ի երրորդ կուրսի ուսանող է։ Ներկայացմանը մարմնավորելու է գլխավոր հերոսին՝ Հաճի աղային։ Առաջնային կարևորությունը տալիս է ժողովրդի մեջ բարեգործություններ անելու մշակույթի ձևավորմանը:  Աշակերտները,  որոնք շուտով կդառնան ուսանողներ, հնարավոր է ունենան վարձավճարի հետ կապված խնդիրներ, նաև կունենան այն գիտակցումը, որ խնդիրները կարելի է հեշտությամբ լուծել բարեգործության ոգով դաստիարակված մարդկանց օգնությամբ։

«Մարմնավորում եմ հայ ավանդական ընտանիքի հոր կերպարը, որը հատուկ անուն և դիրք ունի քաղաքում ,խոսքը ունի բացարձակ արժեք ընտանիքում; Իր խնամքի տակ է վերցրել անդամալույծ քրոջը, որին համարում է տան սրբությունը։ Այս կերպարով հանդես գալը շատ բարդ է, որովհետև Հաճի աղան կանգնած է երկընտրանքի առաջ. մի կողմում երեխաները, թոռը, ապրուստը, իսկ մյուսում՝ հարազատ քույրը»:

Ախուրյանցի երիտասարդ դերասանը գտնում է, որ պետք է ուսանողական թատրոնի նմանատիպ հյուրախաղերը շարունակական լինեն մարզի գյուղերում, որովհետև գյուղաբնակներին ավելի հարմար է իրենց համայնքում մասնակցել մշակութային միջոցառումներին, քան հասնել մարզկենտրոն։ Իսկ Հովհաննես Հովհաննիսյանը շեշտում է, որ մարզում վաղուց է վերացել մշակութային սահմանը գյուղաբնակ և գյումրեցի հանդիսատեսի միջև, մատնանշելով Գյումրու թատրոնի վերջին տարիների լեփ-լեցուն դահլիճները, որի մեծամասնությունը լրացնում են Շիրակի մարզի մնացյալ համայնքների բնակիչները։

Ախուրյանի համայնքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Մարինե Խաչատրյանը նշում է, որ վերջին տարիներին Ախուրյանի բնակչությունը ակտիվ մասնակցություն է ունենում համայնքում կազմակերպվող մշակութային բոլոր միջոցառումներին, որոնք կազմակերպվում են  հավուր պատշաճի։

«Ներկայացման երկու օրերի բոլոր տոմսերը սպառված են։ Խոշորացված համայնքի բնակիչները մեծ ոգևորությամբ են ընդունել ներկայացման գաղափարը, որը նաև դպրոցական նյութ է։ Անգամ չի խանգարել մշակույթի տան դահլիճի չջեռուցվող լինելու փաստը։ Կարևորում ենք նաև, որ երիտասարադները և փոքրերը այս տարիքից կկարողանան սատարել իրենց տարեկից ընկերներին։ Մենք մեր օրինակով ենք փորձում  տարածել այս գաղափարը։ Դահլիճը համայնքապետարանի կողմից  ուսանողներին է տրամադրվել անվճար»:

ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը պիեսի միջոցով  նաև փորձել է տարածել և երիտասարդության շրջանում ամրապնդել այն գաղափարը, որ «Ավելորդ մարդ չկա, Աստծո առաջ բոլորը հավասար են»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here