Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների նախընտրական ցուցակները առնվազն մեկ միավորող հատկանիշ ունեն՝ բոլորում ընդգրկված են լրագրողներ։


ArmeniaON, նոյեմբերի 22. Ժամանակավոր կառավարությունը ձեւավորած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում նրանց թիվը մեկ տասնյակ է։ Եթե «Իմ քայլը» դաշինքի պարագայում պատճառը գուցե այն է, որ լրագրողները քայլել են հեղափոխականների հետ, ինչ-որ իմաստով աջակցել հեղափոխությանը, եւ հեղափոխության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւս անցյալում լրագրող էր, դժվար է միանշանակ ասել, թե ինչ նպատակով կամ հաշվարկներով են մյուս քաղաքական ուժերը ներգրավել լրագրողների։ Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե ինչն է մղում լրագրողներին մտնել քաղաքականություն։

Լրագրողներն ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետության բոլոր խորհրդարաններում։ Սակայն այս արտահերթ ընտրություններում առաջադրված լրագրողների թիվը՝ 23 այս պահի դրությամբ, գերազանցում է նախորդ ցուցանիշները։ Նրանց թվում են ինչպես հեռուստատեսության եւ ռադիոյի, այնպես էլ տպագիր եւ առցանց մամուլի թղթակիցներ ու խմբագիրներ։

Ինչպես նշեցինք, «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 10 լրագրողի անուն կա։ Այս դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխությունից անմիջապես հետո գործադիր իշխանություն բերեց քաղաքացիական անհնազանդության շարժումը ակտիվ լուսաբանած մի շարք լրագրողների. «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հովհաննես Մովսիսյանը, որը քայլարշավի բազում օրերից հետո Նիկոլ Փաշինյանի հետ նրա տուն այցելեց եւ ռեպորտաժ պատրաստեց, նշանակվեց վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար։ PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր, 1in.am-ի նախկին թղթակից Արթուր Հովհաննիսյանը նշանակվեց Հովհաննես Մովսիսյանի տեղակալ։ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված լրագրողները կամ առնչություն են ունեցել Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ (Հայկ Գեւորգյան, Վահագն Թեւոսյան, Վահագն Հովակիմյան), կամ տարբեր կարգավիճակներով ակտիվ դերակատարություն են ունեցել հեղափոխության ժամանակ եւ հիմա ցանկանում են այդ դերակատարությունն ամրապնդել ինստիտուցիոնալ մակարդակում։
Որպեսզի լուծեն տարիներ շարունակ իրենց բարձրացրած հարցերը
Ինչու են մտնում քաղաքականություն. այս հարցն ուղղեցինք տարբեր կուսակցությունների ցուցակներով խորհրդարանական ընտրություններին մասնակցող լրագրողներին։

«Այս փուլում ինձ համար կարեւոր է Հայ Հեղափոխական Դաշնակցության մասնակցությունը եւ Դաշնակցության մոտեցումները հանրությանն ավելի հանրամատչելի ներկայացնելը: Կարծում եմ` այդ հարցում դերակատարում կարող եմ ունենալ»,- ասում է ՀՅԴ ԳՄ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Նորաստեղծ «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված լրագրող Թեհմինե Ենոքյանը քաղաքականության մեջ իր ուժերը որոշել է փորձել կոնկրետ հարցեր լուծելու համար՝ բնապահպանական, հանքարդյունաբերության ոլորտի եւ մարզային։ Նրա կարծիքով՝ այս թեմաները դուրս են մնում քաղաքական դիսկուրսի շրջանակներից կամ պաշտոնյաների ուշադրությունից, ուստի որոշել է այլեւս այլոց վրա հույս չդնել։

«Եթե կա հնարավորություն, ինքս բարձրաձայնեմ եւ լուծմանը նպաստեմ։ Քարոզարշավի ընթացքում փորձելու եմ, մասնավորապես, Ամուլսարի, Թեղուտի եւ այլ խնդիրներ պահել ուշադրության կենտրոնում եւ դրանք լուծելու հայտ ներկայացնել»,- ասում է Թեհմինե Ենոքյանը:

Պատահական չէ, որ Թեհմինեն վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, որոնք համարվում են

Հայաստանի հանքարդյունաբերական կենտրոնները եւ լի են բնապահպանական խնդիրներով։
Լրագրողների մեծ մասն իբրեւ անկուսակցական է մասնակցում ընտրապայքարին, սակայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Ինչո՞ւ մտաք քաղաքականություն» հարցին պատասխանում է, որ հեղափոխությունից հետո հավատում է ժողովրդավարության հաստատմանը եւ պետք է այնպես անել, որ ոչ միայն այն մտահոգությունները, խնդիրները, որ բարձրաձայնում էին լրատվամիջոցների էջերում, քննարկվեն մարդկանց ֆեյսբուքյան պատերին, այլ դրանցից շատերին լուծումներ տրվեն:

««Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներգրավվածները բոլորը ցանկանում են այդ նպատակին հասնել, այդ անկեղծությունը հասարակությունը կասկածի տակ չի դնում: Այդ պատճառով էլ ես որոշեցի փորձել, իմ գիտելիքների չափով օգնել: Ոչ միայն խնդիրները բարձրաձայնենք, այլ լինենք դրանց մի մասի լուծողը: Ինչո՞ւ մի մասի, որովհետեւ ոչ բոլորն են օրենսդրական լուծում պահանջում»,- ասում է Սիսակ Գաբրիելյանը:

Նա վստահ է, որ լրագրողները խորհրդարանում տարբերվելու են բոլորից, եւ որ քաղաքական ուժի ցուցակով էլ անցնեն, իրենց ձեռագիրն ունենալու են` անկախ այդ ուժի իշխանություն կամ ընդդիմություն լինելուց:

«Լրագրողներն ավելի ինֆորմացված են, նրանց գիտելիքները բազմակողմանի են, կարծում եմ՝ ցանկացած ուժի համար էլ լավ լրագրող ցուցակում ունենալը մեծ պատիվ է»,-ասում է Սիսակ Գաբրիելյանը:
Նույն դաշինքի ցուցակով առաջադրված լրագրող, «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը քաղաքական նոր իրողություններում որոշակի պատասխանատվություն է զգում հեղափոխության արժեքների ինստիտուցիոնալացման գործընթացի համար։

«Այն աշխատանքը, որ 18 տարի իրականացրել եմ որպես լրագրող, վերջին տարիներին՝ նաև հասարակական կառույցի ղեկավար, այս փուլում առավել արդյունավետ կարող է լինել հենց քաղաքականության մշակման տիրույթ տեղափոխմամբ»,- ասում է նա:

Գայանեի կարծիքով՝ լրագրողական համայնքը վերջին տասը տարիներին որպես չորրորդ իշխանություն հենց այն վերահսկող և խնդիրները վերհանող մարմինն է եղել, որն անմիջապես հասարակության հետ աշխատելով՝ շատ լավ պատկերացնում է խնդիրների էությունն ու դրանց լուծման ուղիները:

«Կարևոր է քաղաքականության մեջ նաև այն ինստիտուցիոնալ հիշողությունը, որ կրում են երկար տարիներ դաշտում գործած լրագրողները։ Սա մի կարողություն է, որ որևէ համալսարանում չի տրվում»,– ասում է Գայանեն եւ հավելում, որ այդ հիշողության ու լրագրողների գիտելիքների շնորհիվ կկանխվի նախկին իշխանությունների սխալների կրկնությունը:

«Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի նախկին նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Վարուժան Բաբաջանյանը 3-րդ անգամ է մասնակցում ընտրության։ Կարծում է, որ բավականին փորձ է կուտակել, եւ այդ քաղաքական կապիտալը կոնկրետ արդյունքի վերածելու ժամանակն է:

«Մեր կադրային բանկն այնքան է աղճատվել, այնքան քիչ որակյալ կադրեր ունենք, իսկ լրագրողները պատրաստված, կիրթ, արդեն իսկ ճանաչված մարդիկ են, եւ քաղաքական ուժերը չէին կարող այդ բազայից չօգտվել»,- իր եւ գործընկերների ներկայությունը կուսակցական ցուցակներում բացատրում է պատգամավորության թեկնածու Բաբաջանյանը:

«Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված ArmeniaOn կայքի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը եւս ցանկանում է դերակատարություն ունենալ Հայաստանում սկսված, իր բնութագրմամբ՝ դրական փոփոխություններն ավարտին հասցնելու եւ իրական բարեփոխումներ իրականացնելու գործում:

«Որպես իմ երկրի համար մտահոգ քաղաքացի, ինչը բազմիցս ապացուցել եմ լրագրողական ու խմբագրական իմ աշխատանքով, ողջ ներուժս պատրաստվում եմ ներդնել ի շահ երկրիս: Ո՞վ է առավել թրծված քաղաքականությունում, եթե ոչ լրագրողները: Ո՞վ է առավել տեղյակ քաղաքական գործընթացներին, եթե ոչ լրագրողները: Ովքե՞ր են ավելի լավ քաղաքական և հասարակական գործիչներ դառնում, եթե ոչ լրագրողները»,- հարցին հարցով է պատասխանում Ալինա Օրդյանը։

«Գալա» հեռուստաընկերության արդեն նախկին թղթակից Հերմինե Մկրտչյանն առաջադրվել է «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով։ Նա կարծում է, որ լրագրությունն ու քաղաքականությունը բավականին մոտ են, և այն, ինչ չես կարող անել որպես լրագրող, կարող ես անել որպես քաղաքական գործիչ։

«Խնդիրները լուսաբանելուց զատ դրանց լուծման գործում իմ անմիջական մասնակցությունն եմ տեսնում, այդ նպատակով եմ որոշել զբաղվել քաղաքականությամբ»,-ասում է Հերմինեն։ Որպես Շիրակի մարզի ներկայացուցիչ նա պատրաստվում է խորհրդարանի միջոցով լուծել անօթևանության հիմնահարցը:

Լրագրողներ կան նաեւ «Լուսավոր Հայաստան» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակներում։ ԼՀԿ-ն առաջադրել է «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի տնօրեն (1in.am կայք) Արման Բաբաջանյանին, ՀՀԿ-ն՝ slaq.am-ի տնօրեն Մենուա Հարությունյանին։ Վերջիններիս հետ խոսել մեզ չհաջողվեց՝ հեռախոսահամարների անհասանելի լինելու պատճառով։

Բարդ ընտրություն քաղաքականության եւ լրագրության միջեւ
Նախկինում պատգամավորության թեկնածու առաջադրվող լրագրողները նախընտրական քարոզչության շրջանում շարունակում էին իրենց աշխատանքը։ Ամեն օր էկրանից կամ թերթի էջերում երեւալով իրենց պոտենցիալ ընտրողներին՝ նրանք անհավասար քարոզչական պայմաններ էին ստեղծում իրենց մրցակիցների համար, որոնք կարող էին օգտվել միայն ԿԸՀ սահմանած վճարովի եւ անվճար գովազդային ժամանակից։ Ընթերցողները հիշում են, հավանաբար, «Շանթ» հ/ը «Հորիզոն» լրատվական ծրագրի մեկնաբան Նվեր Մնացականյանին կամ «ԱԼՄ» հ/ը սեփականատեր ու հաղորդավար Տիգրան Կարապետյանին, որոնք առաջադրվել էին եւ իրենց իսկ հեղինակային հաղորդումների ժամանակ բանավիճում էին այլ թեկնածուների հետ։ Էթիկական այս խնդիրը 2011-ին իրավական կարգավորում ստացավ։ Ընտրական օրենսգրքի հոդված 22-ով սահմանվեց, որ «Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների՝ որպես թեկնածու գրանցված աշխատակիցներին, ինչպես նաև աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունեցող անձանց արգելվում են ընտրությունների լուսաբանումը, ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների վարումը»։

Սակայն, սահմանափակումը չտարածվեց տպագիր կամ օնլայն մեդիայի ներկայացուցիչների վրա։
Եվ չնայած արգելքի բացակայությանը, այս արտահերթ ընտրություններում որպես թեկնածու առաջադրված տպագիր եւ օնլայն մեդիայի բոլոր ներկայացուցիչները նախապես վայր են դրել իրենց լիազորությունները կամ լուծել աշխատանքային պայմանագրերը։ Ոմանք նման որոշում կայացրել են ժամանակավորապես եւ, կախված ընտրությունների արդյունքներից, կարող են վերադառնալ լրագրողական աշխատանքի։ Սակայն նրանք, որոնք լրագրողի անաչառության ու օբյեկտիվության այլ նշաձող են սահմանել իրենց համար, կարծում են, որ քաղաքականությունից լրագրություն վերադարձի ճանապարհ չկա։

Կա եւ երրորդ խումբը. նրանք, ովքեր «նավարկում են» մի ափից մյուսը՝ քաղաքականությունից լրագրություն, լրագրությունից քաղաքականություն։ Այս խմբին հրաշալի ձեւով բնութագրում է Գեղամ Մանուկյանը։

«Դեռ տասնամյակներ առաջ Նիկոլ Աղբալյանն է ասել. «Զենքը չթողեց գրիչ վերցնեմ, գրիչը չթողեց զենք վերցնեմ»: Ես քաղաքականությունից եմ գնացել լրագրություն, եղել եմ պատգամավոր, հրաժարվել եմ մանդատից, որպեսզի շարունակեմ լրագրությունը»,-ասում է դարձյալ քաղաքականություն վերադարձող հեռուստալրագրողը։ Օրենսդրական պահանջից ելնելով՝ առաջիկա շաբաթներին նա չի լինի եթերում: Սակայն ընտրվելուց հետո լրագրությունը թողնելու մասին հարցին պատասխանում է՝ հեռուստատեսությունը չի կարելի թողնել:

Թեհմինե Ենոքյանը կարծում է, որ լրագրողն ինչ-որ չափով զբաղվում է քաղաքականությամբ, քաղաքական հարցեր է ձեւակերպում, սակայն չի պատրաստվում վերադառնալ դասական լրագրություն: Չընտրվելու պարագայում նախընտրում է զբաղվել հետաքննական ֆիլմերի արտադրությամբ։

«Ազատության» արդեն նախկին թղթակից Սիսակ Գաբրիելյանը վստահ է, որ իր բացը լրատվական դաշտում կլրացնեն, կարծում է` իր հեռանալով լրագրությունը մեծ բան չի կորցնում:

«Եթե քաղաքացիներն իրենց քվեարկությամբ որոշեն, որ ես չպիտի լինեմ խորհրդարանում, գիտակցում եմ, որ ես գուցե այլեւս չկարողանամ վերադառնալ լրագրություն, որովհետեւ ես «Իմ քայլը» դաշինքի ցուցակով եմ առաջադրվել եւ դժվար կլինի: Դեռ չեմ մտածել՝ ինչ կանեմ, բայց երեւի չվերադառնամ, որքան էլ ցավալի է դա արձանագրել: Նույն օբյեկտիվ Սիսակը հաստատ չեմ լինի»,- ասում է նա։

Վարուժան Բաբաջանյանը, որը մեդիայում հիմնականում բիզնես շահ է հետապնդել՝ կայքեր հիմնադրելով Հայաստանում եւ Ռուսաստանում, ասում է, որ լրագրության հետ կապված է այնքանով, որքանով: Չընտրվելու դեպքում անցնելու է գիտամանկավարժական աշխատանքի:

Լրագրողական աշխատանքը չի շարունակի նաեւ Գայանե Աբրահամյանը։ «Ոչ միայն քարոզաշավի ընթացքում, այլ նաև ողջ հեղափոխության ընթացքում, քանի որ անմիջականորեն ներգրավված էի որպես ակտիվիստ, կազմակերպիչ, այդ ժամանակից ի վեր դադարեցրել եմ լրագրողական գործունեությունս: Լրագրողական անաչառությունը կարևորագույն սկզբունք է և մասնագիտության հիմքերից մեկը, որը խախտելը կնշանակեր անարգանք ոչ միայն մասնագիտության, այլ հենց ինքս իմ լրագրողական ինքնության նկատմամբ»,– ասում է Գայանեն:

Չընտրվելու պարագայում նա վերադառնալու է Երևանի ավագանու անդամի պարտականություններին։ «Չնայած դա հասարակական գործունեություն է, սակայն քաղաքական դաշինքի մաս եմ կազմում, եւ սա արդեն իսկ կարող է լինել լրագրողական անաչառության սկզբունքի խախտում»,-համոզված է Գայանեն:

Ալինա Օրդյանը նույնպես դադարեցրել է խմբագրական գործունեությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Չընտրվելու պարագայում վերադառնալու՞ եք լրագրություն հարցին պատասխանում է. «Չընտրվելու հարց չեմ քննարկում»:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում մասնագիտական գործունեությունից ձեռնպահ կմնա նաեւ Հերմինե Մկրտչյանը։

Չընտրվելու պարագայում լրագրություն վերադարձի մասին նրա պատասխանը հստակ չէ. «Ես երբեք էլ չեմ հեռանալու լրագրությունից, ընդհակառակը՝ լրագրողական իմ կարողությունները կիրառելու եմ պատգամավորական գործունեությանն առնչվող հարցերում»:

Կկարողանա՞ն խմբագրությունները անաչառություն պահպանել ընտրապայքարին մասնակցող իրենց նախկին խմբագիրների կամ հիմնադիրների, նրանց առաջադրած քաղաքական կուսակցությունների նկատմամբ, ցույց կտա առաջիկա քարոզարշավը:

hetq.am