Լևոն Ջավադյանը, որ իր երկարամյա գործունեության ընթացքում բարձր պաշտոններ է զբաղեցրել Քաղավիացիայում, «Հայ Աէրոնավիգացիա» , «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերություններում,  Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեում, նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում, այժմ նաև պատգամավորի թեկնածու է:

ArmeniaON, նոյեմբերի 21. Լևոն Ջավադյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին և պատմել է, թե ինչու է ընտրել «Մենք» դաշինքը:   

«Տարիներ առաջ էր, – պատմում է Լևոն Ջավադյանը: – Համախոհ, արվեստասեր ընկերներով գեղանկարիչ Խաչատուր Աբրահամյանի հյուրընկալ հարկի տակ էինք, որը նաև նրա արվեստանոց-պատկերասրահն է: Ի դեպ, ընկերներով հաճախակի ենք լինում գեղագետի արվեստանոցում, մտքեր փոխանակում, բանավիճում ջերմ, մտերիմ մթնոլորտում, զրուցում մեր առօրյայից՝ նորություններից, քաղաքականությունից և, իհարկե, բոլորիս հոգեհարազատ ոլորտից՝ մշակույթից»:

Լևոն Ջավադյանի  համար, սակայն, առանձնապես հիշարժան է այն օրը, երբ հանդիպումը առավել մարդաշատ էր և ներկա էին գեղանկարիչներ Մարտին Պետրոսյանը, Սամվել Մարությանը, Արմեն Դերմենջյանը, Գագիկ Բադալյանը, Գագիկ Ղազանչյանը, Հրանտ Միրզոյանը, քանդակագործ Գարեգին Դավթյանը, կոմպոզիտոր, նշանավոր կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, մշակույթի աշխարհին հանրածանոթ Ժակ Հակոբյանը:

«Ավելի ուշ արվեստանոց այցելեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որի ներկայությամբ մեր զրույցն ու քննարկումները առավել բովանդակալից և հետաքրքրական դարձան: Պարոն Քոքոբելյանի հետ մինչ այդ օրը չէի առնչվել, ծանոթ էի միայն հեռուստաէկրանից: Ինձ հաճելիորեն զարմացրեց արվեստի գործերի պատմությանը նրա լավատեղյակությունը: Իսկ երբ մոտիկից ծանոթացավ արվեստանոցում ցուցադրվող ներկա գեղանկարիչների և քանդակագործների աշխատանքներին ու ծառացած խնդիրներին, անմիջապես շատ գործնականորեն անդրադարձավ դրանց, քաջալերեց հեղինակներին, որոշակի ծրագրերի ու անելիքների իրականացման համար օժանդակելու պատրաստակամություն հայտնեց»:

Այդ օրվանից Լևոն Ջավադյանն ավելի ուշադիր է եղել իր նորածանոթի՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով հեռարձակվող ելույթների և նրա հայրենանվեր գործունեության նկատմամբ:

«Առանձնապես նշանակալի էր այս տարվա ամռանը նրա հայրենի եզերքում՝ Գոշավանքում մեր հանդիպումը: Հարգարժան Խաչատուր Քոքոբելյանը միջնադարյան նշանավոր կոթող էր այցելել բազմաթիվ հյուրերի հետ: Այստեղ մեր զրույցը ծավալվեց ոչ միայն հնօրյա հուշարձանի, հանճարեղ Մխիթար Գոշի հետ կապված հետքրքրական պատմություններ ընդգրկելով, այլև մշակույթը խթանելու և զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նրա ուշագրավ մտադրությունները և առաջարկությունները, որոնք և ներկայում իրենց արժանի տեղն ունեն «Մենք» դաշինքի ծրագրում»:

Տասնամյակներ շարունակ պաշտոնավարելով պետական մարմիններում, Լևոն Ջավադյանը երբեք չի անդամագրվել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ քաղաքական կուսակցության, մինչև որ ծանոթացել է «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների նոր ձևավորած «Մենք» դաշինքի՝ իրեն անչափ սրտամոտ ծրագրին:

«Ճանաչելով Դաշինքի նախաձեռնողների մարդկային և գործնական որակները, խոսքը գործի վերածելու նրանց կարողությունները, նպատակին հասնելու աներեր ձգտումները՝ լիահույս եմ, որ «Մենք» դաշինքի գործունեության և առաջ քաշած ծրագրերի շնորհիվ մեր՝ ՀՀ քաղաքացիներիս կյանքի որակը արմատապես կբարձրանա և բոլորիս կողմից գործադրվող ջանքերը միայն ու միայն հաջողությամբ կպսակվեն»,- ասում է Լևոն Ջավադյանը:

Պատգամավորի թեկնածուն հաստատապես որոշել է ոչ միայն մաս կազմել «Մենք» դաշինքին, այլև իր կենսափորձով ու ունակություններով նպաստել քաղաքական դաշինքի ծրագերի իրականացմանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here