«ՔՈ» կուսակցության խնդիրը նախընտրական պայքարի մեջ գաղափարախոսական եւ ծրագրային պայքարի տարր մտցնելն է։

ArmeniaON, նոյեմբերի 29. Ընտրությունները կրկին ընթանում են առանց գաղափարախոսական պայքարի: Այս մասին նոյեմբերի 29-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքներում քարոզարշավային երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Ավագյանը:

Նրա խոսքով՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության խնդիրը հենց այն է, որ նախընտրական պայքարի մեջ մտցնի գաղափարախոսական եւ ծրագրային պայքարի տարր:

«Ինչպես նկատելի է, գործնականում բոլոր քաղաքական ուժերը ձգտում են իրենց քարոզչությունն իրականացնել հակառակորդների վարկաբեկման եւ սեւացման միջոցով: Մեր կուսակցությունը նրանով է տարբերվում, որ հրաժարվում է պայքարի նման մեթոդից եւ մյուս ուժերին ավելի կառուցողական բանավեճի կոչ է անում»,- նշել է Ավագյանը:

Ներկայացնելով «Քաղաքացու որոշում» կուսակցության ծրագրի կետերը՝ Արթուր Ավագյանը պարզաբանեց, որ գլխավորը սոցիալական խնդիրներն են եւ այդ խնդիրների լուծման մեջ պետության դերը: «Մեր կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ազատական մոտեցումներն անընդունելի են՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները: Սա հատկապես վերաբերում է հավասարաչափ եկամտահարկ մտցնելու ձգտմանը, այն դեպքում, որ ներկայիս պայմաններում գործող պրոգրեսիվ հարկն ավելի արադարացի է»,- ասել է  նա՝ հավելելով, որ պետությունը պետք է ավելի ակտիվորեն մասնակցի սոցիալական հարցերի լուծմանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Photo: fb page

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here