ՀՀ Գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ` պատգամավոր Արամ Հարությունյանի հանդեպ քրհետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու։ 

ArmeniaON,  դեկտեմբերի 3. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, ի դեմս ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հանդեպ քրհետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

 

Բանն այն է, որ 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրգործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումման ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է $14 մլն առանձնապես խոշոր չափերով կաշառք, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Ընդ որում, նշված գումարից $6 մլն-ը 2008-ի հունվարից մինչև նույն տարվա նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած $8 մլն կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

 

Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:

 

Նշված քրգործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

 

Միաժամանակ քրգործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևանի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան $1.5 մլն:

Այսպիսով, քրգործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղղակիորեն հաստատում են Հարությունյանի անմիջական մասնակցությունը հանցավոր գործողություններին և վկայում հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի առկայության մասին: Նրան վերագրվում է պետծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Մեղսագրվող հանցագործության բնույթը, կաշառքի ստացման շղթաներում բազմաթիվ անձանց ներգրավվածությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

 

Հանցանքի առերևույթ կատարմանը ներգրաված մի շարք անձինք հանդիսանում են կամ նրա մտերիմները, կամ նրա կողմից ղեկավարած պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում աշխատող անձինք: Այս հանգամանքը ողջամտորեն թույլ է տալիս կարծելու, որ նա կարող է ձեռնարկել միջոցներ՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ, ինչն էականորեն բարձրացնում է ազատության մեջ գտնվելու դեպքում Արամ Հարությունյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր ու փաստաթղթեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաև նրան վերագրվող հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականությունը:

panarmenian.net

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here