Ապահովվել է քվեաթերթիկների առկայությունը, քվեարկությունը վերականգնված է, որևէ ընդհատում չի եղել։

AreniaON, դեկտեմբերի 9. 22/26 ընտրատեղամասում չի եղել այնպիսի ընտրող, ով ստանա քվեաթերթիկների փաթեթ, որում բացակայում է որևիցե համարի քվեաթերթիկ, իսկ քվեարկությունն այդ ընտրատեղամասում չի դադարեցվել: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանն` անդրադառնալով լուրերին, թե իբր քվեարկությունն այդ ընտրատեղամասում դադարեցել է, քանի որ չորրորդ համարի՝ «Իմ քայլի» քվեաթերթիկներ փաթեթներում չեն եղել:

«Եղել է որոշակի խնդիր, և ապահովվել է այդ քվեաթերթիկների առկայությունը, քվեարկությունը վերականգնված է, որևէ ընդհատում չի եղել: Չի եղել այնպիսի ընտրող, ով ստանա առանց որևէ քվեաթերթիկի փաթեթ: Բոլոր 11 քվեաթերթիկները տրամադրվել են այդ տեղամասում մասնակցած բոլոր ընտրողներին։ Տեխնիկական խնդիր է եղել, այդ պահին հանձնաժողովը տեղադրած չի եղել այդ քվեաթերթիկները, կապ ենք հաստատել նաև տարածքային հանձնաժողովի հետ: Դա անմիջապես ապահովվել է»,-ասաց Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ այնպիսի իրավիճակ չի եղել, որ որևէ ընտրողի իրավունք խախտվեր։

Armenpress