Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, որը վերջերս էր նշանակվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, հրաժարվել է այդ պաշտոնից:


ArmeniaON, դեկտեմբերի 11. Շահվերդյանը հրաժարվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

 

«Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը… Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները։ Հուսով եմ նաև, որ ապագայում առիթներ կունենանք միասին ստեղծագործելու և ծառայելու Նորին մեծություն Թատրոնին»,-նշված է գրառման մեջ:

Սուրեն Շահվերդյանին նոյեմբերի 28-ին Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում էր նշանակել թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը: Թատրոնի ստեղծագործական կազմը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ից իրականացնելու է անժամկետ գործադուլ՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Դերասանները նշել էին, որ չեն ցանկանում համագործակցել նաև Սուրեն Շահվերդյանի հետ, քանի որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում են տեսնում Համազգային թատրոնի վաստակավոր դերասանուհի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանին, իսկ տնօրենի պաշտոնում՝ թատրոնի դերասան Արման Նավասարդյանին:

Armenpress