Կայացել է Լիլիթ Մակարյանի մենագրության շնորհանդեսը, որի շնորհիվ գիտական շրջանառության մեջ են դրվել բազմաթիվ արխիվային փաստաթղթեր հայ գաղթականության, ցեղասպանության և այլ իրադարձությունների վերաբերյալ:

ArmeniaOn, դեկտեմբերի 13. Հայաստանի ազգային արխիվում տեղի է ունեցել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանի` «Հայաստանի օգնության կոմիտեի գործունեությունը 1921-1937 թթ.» մենագրության շնորհանդեսը:

Ներկա են եղել պատմաբաններ, ինչպես նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունից Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը, Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: 

Գրքի խմբագիր, Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը բացման խոսքում բարձր է գնահատել հեղինակի կատարած աշխատանքը, որի շնորհիվ գիտական շրջանառության մեջ են դրվել  հայ գաղթականության, ցեղասպանության, 1920-30-ականներին Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղակական իրավիճակին վերաբերող բազմաթիվ արխիվային փաստաթղթեր:

ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության բաժնի պետ (պ.գ.թ.), դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը մենագրությունն արժեքավոր է համարել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ուսումնասիրման տեսանկյունից:

Նշենք, որ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ-ը) առաջին նախագահը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր: Այն իր մասնաճյուղերն էր բացել արտասահմանի հայաշատ համայնքներում և օգնություն էր բերում Խորհրդային Հայաստան, օժանդակում հայրենադարձության աշխատանքներին: