Մեր օրերում համացանցը ողողված է բլոգերներով, նրանք նկարահանում են իրենց առօրյան`փորձելով օգտակար լինել հասարակությանը: Նրանցից մեկն է Սասնուհի Պասկեւիչյանը, ով սիրում է խորհուրդներ տալ գեղեցկության և խնամքի մասին:

Սոնա Սողոմոնյան

 ArmeniaOn, դեկտեմբերի 22. Սասնուհի Պասկևիչյանը սվորել է տուրիզմ և հյուրանոցային կառավարում, սակայն ստեղծել է նորաձևության բլոգ և յութուբյան ալիք, որտեղ խորհուրդներ է տալիս աղջիկներին:

– Ճիշտն ասած ցանկությունը վաղուց կար, դեռեւս 2013 թվականից: Ես ոգեշնչված էի արտասահմանյան յութուբերներից: Բացի այն, որ գնումներ էի անում նրանց խորհուրդներով, նաև ուսումնասիրում էի տեղական դաշտը, հետաքրքրվում, թե մեր շուկայում ինչեր կան Ժամանակի ընթացքում ընկերներս կամ հարազատներս դիմում էին խորհուրդ հարցնելու համար ու ես մի օր մտածեցի, թե ինչու այս ամենը հայերենով չի կարող լինել և ինչ-որ մեկը խորհուրդ տա հարյուրավոր աղջիկների ու կանանց: Ճիշտ է` երկու տարի տևեց մինչև ես իրականացրեցի, չնայած փոշմանում եմ, որ ավելի շուտ չարեցի, բայց ի վերջո արեցի դա, որովհետև հասկացա, որ ինֆորմացիայի պակաս կա : Այս դաշտը հիանալի կաշխատի մեր երկրում:

-Որո՞նք են Ձեր նախընտրելի թեմաները, որոնց մասին սիրում եք խոսել:

-Մինի խորհուրդներ եմ սիրում տալ գեղեցկության վերաբերյալ, որոնք կարող են աղջիկները կիրառել առօրյա կյանքում և լինել ու զգալ իրենց ավելի գեղեցիկ: ԵՎ իհարկե ինձ հոգեհարազատ է փոխանցել մարդկանց լավ էներգիա, մանավանդ հայերին, որովհետև մեզ մոտ ինչ-ինչ պատճառներով գերիշխում է բացասականը:

-Կա՞ն բյութի բլոգերներ, որոնց հետևում, շփվում եք, և արդյո՞ք Դուք կիսվում եք խորհուրդներով ու կարծիքներով:

-Այո, մեկը Թագուհին է ինստագրամում շատ հայտնի (@queen__m__beauty): Շատ եմ հավանում նրա ոճը, անմիջականությունը, իր մոլի սերը կոսմետիկայի հանդեպ, կարծում եմ` ինքն էլ շատ լավ ու բարի գործ է անում, նրա հետ շատ եմ շփվում: Էլի կան աղջիկներ` Ռիման (@ria_beautyblog), նա էլ նմանատիպ բլոգ է վարում, նաև Մարիան (@mb___beauty), ով Գերմանիայում է բնակվում: Մեկ էլ շատ հավանում եմ Լուսինեին (@confessions_of_a_beautyholic), նրա հետ նույնիսկ հանդիպել ենք, ծանոթացել: Այսինքն` մի քանիսը կան գեղեցկության ոլորտի բլոգերներ, որոնց հետ մեծ սիրով շփվում եմ և, իհարկե, կիսում ենք մեր սերը կոսմետիկայի հանդեպ:

-Ձեր հայրը կոմպոզիտոր, երգահան Սասուն Պասկևիչյանն է: Երբևէ չե՞ք մտածել երաժշտությամբ զբաղվելու մասին:

-Ես միշտ նշում եմ, որ երաժշտությունը իմ կյանքն է, ես առանց դրա չեմ էլ գոյատևել: Իմ պարզությամբ կասեմ, որ իմ հոր չափ տաղանդ չունեմ, բայց ունեմ ուրիշ տաղանդներ, որոնք հենց իրենից էլ ժառանգել եմ: Միգուցե նրա տաղանդը կփոխանցվի իմ երեխաներին, և ես հույս ունեմ, որ կփոխանցվի, քանի որ հայրս իսկապես օժտված է հատուկ տաղանդով: Այն, որ երաժշտությունը մեծ դեր ունի իմ կյանքում, դա իմ բոլոր ընկերները ու հարազատները գիտեն:

-Իսկ ինչպե՞ս են ծնվում օգտակար տեսանյութերի գաղափարները:

-Ինձ մոտ ամեն վայրկյան է գաղափար ծնվում: Միակ վատն այն է, որ սովորություն չեմ դարձրել գրել դրանք: Ես ինքս եմ փորձում մտածել, թե ինչի մասին կարելի է խոսել, բայց ամենակարևորը լսարանի ցանկությունն է, նրանք են դիտում, պետք է հաշվի առնել  նրանց ուզածը:

-Համացանցում շատ են բյութի բլոգերները, այսպես ասած` շատ մրցակիցներ ունեք: Կա՞ ինչ-որ հատուկ ոճ, որը միայն Ձեզ է բնորոշ և դրանով իսկ տարբերվում եք մնացածից:

-Իմ կարծիքով ես թարմություն եմ հաղորդում, այսինքն`չոր ու ցամաք չեմ պատմում ինչ-որ բան: Նույնիսկ եթե գործարք եմ անում մեկի հետ, և մենք պայմանավորվում ենք, որ պիտի գովազդ անեմ, խոսեմ իրենց բրենդի մասին, լինի խմորեղենի թե սևաներկի գովազդ կամ խնամքի ինչ-որ պարագայի, անում եմ դա կրեատիվ: Ես դա սովորել եմ հայրիկիցս: Նա բացի կոմպոզիտոր լինելուց նաև 15 տարի զբաղվել է վիդեո արտադրությամբ: Նա գրում էր գովազդի սցենարը և ես միշտ հետևում էի նրան, թե ինչպես է անում, տեսնում էի, որ այդ ամենը ստեղծագործական բնույթ ուներ և նույնն էլ մեզ էր սովորեցնում ու ասում, որ պիտի այնքան տաղանդ, խելք ու շնորհք ունենաս, որ  նույնիսկ 15 վայրկյանում կարողանաս գերել քո լսարանին:

-Ինչո՞վ եք զբաղվում բլոգինգից բացի

Ես նաև միջոցառումների կազմակերպիչ եմ: Բավականին երկար ժամանակ տևեց մինչև հասկացա, որ դա ինձ շատ դուր է գալիս: Ես միշտ տեսել եմ, թե ծնողներս ինչպես են կազմակերպում մշակութային միջոցառումները և քիչ թե շատ սովորել եմ: Հիմա ազատ գրաֆիկով միջոցառումներ եմ կազմակերպում, բայց եթե լինեն լավ առաջարկներ, կանցնեմ 9-ից 6 աշխատանքային գրաֆիկով աշխատանքի:

-Վիդեոբլոգինգը Ձեզ թո՞ւյլ է տալիս գումար աշխատել:

-Այո, թույլ է տալիս, ոչ այնքան շատ ինչքան ֆիքսված աշխատանքը: Ես միշտ ասում եմ, որ ամեն ինչ մարդու աշխատասիրությունից է գալիս, երբ մեկը ունենում է ռազմավարություն, երբ հստակ պլանավորում է ամեն ինչ, ունենում է նպատակ ու անելիք, մշակում է ծրագիր, անպայման լավ արդյունք է ստանում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here