Վալերի Օսիպյանը արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարել է գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները:

 ArmeniaON,Դեկտեմբերի 23. ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության ֆեյսբուքյան էջը։

«Խորհրդակցությանը մասնակցել են նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։

Վալերի Օսիպյանը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծել է, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարել է՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները։

Վալերի Օսիպյանը առանձնահատուկ կարևորել է բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը։ Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարել է ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։

Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլ ոստիկանության պետը հանձնարարել է անկաշկանդ օգտագործել օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակում իրականացնել համապատասխան միջոցառումներ։

Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանը և՛ տեղակալներին, և՛ ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգել է՝ նույնիսկ առանց հանգստի աշխատել՝ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։