Ռուսաստանից դեպի Հայաստան է ճանապարհ դուրս եկել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքը (ЭП2Д): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը։

ArmeniaON, դեկտեմբերի 27. «Տրանսմաշհոլդինգ» ընկերության գնացքը կլինի թվով երկրորդը ՀԿԵ-ում և Հայաստանում թեստավորումից հետո կգործարկվի 2019 թվականի I եռամսյակում Երևան-Գյումրի-Երևան երթուղիով:

Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։

Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի մոտ 130 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi։

57 նմանատիպ գնացքներ սպասարկում են ուղևորներին Մոսկովյան տարածաշրջանում: