Լրագրող-հաղորդավարուհի Ամալյա Պապյանը մարդկանց թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր է: ArmeniaOn-ի հետ զրույցում նա պատմել է, թե որն է իր հաջողության գաղտնիքը:

Հարցազրույցը վարեցին Ռոզի Սարգսյանն ու Մերի Բադալյանը

ArmeniaON, դեկտեմբերի 27. Ամալյա Պապյանն արդեն երկրորդ անգամ դառնում է մարդկանց թրաֆիքինգի եւ դրանց դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր: Առաջին մրցանակը նա ստացել է  իր հեղինակային «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում, իսկ երկրորդը՝ մեկ տարի անց, Ռադիո Մարշալի եթերում նույն թեմային անդրադառնալու համար: Այս տարվա մրցանակն էլ սակայն միակը չէր, բարձր գնահատականի արժանցավ նաև Ամալյայի «Հատուկ դպրոց կամ անտարբերության զոհերը» ֆիլմը: ArmeniaOn-ի հետ զրույցում նա մանրամասնել է, թե ինչ թեմաների է անդրադառնում, ինչ խնդիրների է բախվում նկարահանումների ժամանակ և, վերջապես, ինչ նշանակություն ունեն նման մրցանակները:

-Բարև Ձեզ, Ամալյա, շնորհավորում ենք հերթական ձեռքբերման կապակցությամբ։ Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր տպավորություններով,  փոքր-ինչ կմանրամասնե՞ք, թե որն է ամենամյա մրցանակաբաշխության նպատակը։

– Ողջույն: Շնորհակալ եմ: Լրագրողական աշխատանքների մրցույթների հիմանական նպատակն է խրախուսել լրագրողներին, որոնք անդրադարձել են խնդրահարույց թեմաների: Մրցանակը, գնահատանքը լավագույն միջոցն է ոգևորելու լրագրողին շարունակելու ոգևորությամբ աշխատել, չէ՞ որ հաճելի է լինել գնահատված, հասկանալ, որ ասելիքդ տեղ է հասել և արժանացել ուշադրության: Մրցույթի մասնակցությունը միայն մրցանակ ստանալու միջոց չէ, սա լավ հնարավորություն է պրոֆեսիոնալների ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, որը շատ կարևոր ես համարում և դե, իհարկե, պահպանել մարզավիճակդ (ժպտում է):

-Այս տարի  արժանացել եք երկու մրցանակի: Առաջինը «Հատուկ դպրոց կամ անտարբերության զոհերը» ֆիլմի համար, որը մեծ աղմուկ բարձրացրեց և քննարկումների թեմա դարձավ: Ինչը՞ առիթ հանդիսացավ, որպեսզի անդրադառնաք խնդրին ու  ֆիլմ նկարահանեք:

-Ինձ համար չափազանց կարևոր է այս ֆիլմը, որի շուրջ ես շատ երկար եմ աշխատել: Անկեղծ ասած ունեցել եմ անքուն գիշերներ, երբ ստիպված եմ եղել բախվել այնպիսի փաստերի, որոնք մեղմ ասած տակնուվրա են արել հոգիս: Որպես լրագրողական աշխատանք այն նույնպես դժվար էր, առհասարակ հետաքննական նյութի վրա աշխատելը հեշտ չէ: Ֆիլմում խոսվում է հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների կրթահամալիրի մասին: Երեխաների այստեղ հայտնվելու պատճառների, հաստատությունում առկա բարքերի և փոխհարաբերությունների մասին: Հավատացնում եմ ձեզ այդ դպրոցում կան շատ լավ երեխաներ: Երեխաներ, որոնք արժանի են լավագույնին և տվյալ հաստատությունում գտնվելու հարցում չկա նրանց անձնական մեղքի բաժինը: Դպրոցի սաների զգալի մասը հանգամանքների, բախտի քմահաճույքի, մեր մեծերի ստեղծած թերի համակարգի արդյունքի զոհեր են: Այո, ֆիլմը արժանացավ տարվա լավագույն հեռուստահաղորդում մրցանակին «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթում:  Սա շատ կարևոր մրցույթ էր, կարևոր և նշանակությամբ, և լրջությամբ: Ուրախ եմ, որ հաջողվեց խնդիրը լսելի դարձնել:

-Ինչու՞ որոշեցիք  հատկապես նման թեմաների անդրադառնալ և ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնում այդպիսի փակ ոլորտների անդրադառնալիս:

-Եթե ոչ ես, ապա՝ ո՞վ: Նման թեմաներ լուսաբանող լրագրողները, ցավոք, շատ չեն, բայց կան: Եվ նաև նրանց շնորհիվ է, որ դրական փոխություններ են լինում: Մտնելով նման հաստատություններ և վեր հանելով խնդիրները լրագրողը որոշ չափով ինքն իրեն թիրախավորում է և անում է դա գիտակցաբար: Կոնկրետ այս ֆիլմի դեպքում, այո դարձա սպառնալիքների, գրոհի թիրախ, որոնց նպատակն էր ճնշման միջոցով ստիպել լռել և շարունակել ստվերում պահել խնդիրները:

Հատուկ դպրոց կամ անտարբերության զոհերը՝ Ամալյա Պապյանի ֆիլմում

Յուրաքանչյուր զանգից, նամակից, գրառումից հետո ավելի էի համոզվում, որ կարևոր գործ է արվել: Սպառնալիքներն ու բացասական արձագանքը ստիպում էին նեղսրտել, բայց գերադասելի էր, որ ես դառնայի նոխազ, քան հաստատության ուրևէ սան: Ֆիլմում չկա կոնկրետ երեխա, չկա մի բան, ինչը կհուշի, թե ովքեր են ինձ աջակցել, և սա էր շատ կարևոր: Կարևոր էր բարձրաձայնել խնդիրներ չթիրախավորելով որևէ երեխայի, «աշխատել չվնասելու» սկզբունքով: Սակայն մարդու տեսակը այնպիսին է, որ երբ լսում է դառը ճշմարտությունը, մի բան, ինչը կարող է իրեն տհաճ լինել սկսում է փնտրել մեղավորին: Այս դեպքում ոչ թե իրավիճակի մեղավորին էին փնտրում, այլ դա լսելի դարձնողին, այսինքն` ինձ: Անկեղծ ասած, ինձ համար հասկանալի էր այդ պոռթկումը, նեղացած չեմ: Վստահ եմ, որ կանցնի ժամանակ և դրական փոփոխությունները կստիպեն գրառումների հեղինակներին վերանայել իրենց կարծիքները:

-Ձեր երկրորդ մրցանակը  թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարին վերաբերող ռադիո հաղորդման համար ստացաք: Պատմեք այս մասին:

-Հաղորդման շրջանակներում վեր հանվեց խնդիր, որը նույնպես շատ ցավալի է: Հայաստանում կան ընտանիքներ, որոնք ամբողջ կազմով ենթարկվում են աշխատանքային թրաֆիքինգի: Օրինակ`հոր պարտքի և մեկ պատառ հացի դիմաց ընտանիքը աշխատում էր մասնավոր ֆերմայում: Խնամում էին անասուն և ապրում նրանց հետ գոմում: Ընտանիքում կար երեխա, որ չնայած իր տարիքին, անտառաճանաչ էր: Դպրոց չէր հաճախում, աշխատում էր: Հարց՝ ի՞նչու պետությունը հետամուտ չի եղել երեխայի ճակատագրով: Ի՞նչու համապատասխան մարմինները, օրինակ` երեխաների պաշտպանության մարզային բաժանմունքի աշխատակիցները չեն հետաքրքրվել, ախր այս գյուղում տասը տարի առաջ  մարդ ծնվեց, ուր է նա, ի՞նչու դպրոց չի գալիս: Ի դեպ մրցանակ ստացա այս թեմայի համար ՀՀ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախաձեռնած մրցանակաբաշխության շրջանակներում: Ստանում եմ մրցանակ երկրորդ անգամ, ինչի համար շնորհակալ եմ:

-Որևէ կոչ ունե՞ք մեր ընթերցողներին բռնության, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներում նրանց ներառելու և դրանց մեջ իրենց ներդրումն ունենալու նպատակով։

-Պարզապես հիշեցնեմ՝ բոլոր դժբախտությունների հիմքում ընկած է անտարբերությունը: Հաճախ ենք չէ լսում ՙՙ «մի խառնվիր, դա քեզ չի վերաբերում» կամ «դա քո պրոբլեմը չէ» արտահայտությունները: Մարդիկ արձագանքե՛ք միմյանց խնդիրներին, մի վախեցեք չլինել անտարբեր: