Բազմաթիվ երգերի հեղինակ և կատարող Սամվել Ծովակը ArmeniaON-ի հետ զրույցում  պատմել է իր անցած ճանապարհին ծավալած գործունեության և հետագա ծրագրերի մասին:

Ռոզի Սարգսյան

ArmeniaON, հունվարի 5. Սամվել Ծովակը երգիչ-երգահան է, ով հանրությանը հայտնի է դարձել «Արձագանք» ստուդիայում իր գործունեության առաջին իսկ տարիներից:

-Բարև Ձեզ Սամվել, կպատմե՞ք Ձեր առաջին քայլերի մասին: Ինչպե՞ս սկսեցիք ստեղծագործել, մուտք գործել «Արձագանք» ստուդիա և երգի ասպարեզ:

-Ողջույն: Ես Եղիշե Պետրոսյանի հայտարարությամբ տեղեկացա «Արձագանք»-ի մասին: Այդ ժամանակ ես կռվում էի, պատերազմի մասնակից էի: Որոշեցի, որ վերադառնալուց հետո այնտեղ գնալու մասին կմտածեմ: Դա 1992 թիվն էր: Կռվից 2 տարի անց գնացի «Արձագանք» : 1994-ին մասնակցեցի «Բոհեմ» մրցույթին: Այնուհետև ստեղծվեց «Արձագանք»-ի կորիզը և բոլոր նրանք, ում մեջ կար պոտենցիալ այդ ասպարեզում առաջադիմելու՝ ընտրեցին: 1995 թ-ի մարտից սկսեցինք արդեն շրջագայել հեմարգներով: Առաջին շրջագայությունն ուղղված էր դեպի Եղեգնաձոր:

-Հայտնի է, որ Դուք բազմաթիվ երգերի հեղինակ եք, նաև ստեղծագործություններ ունեք այլ երգիչ-երգչուհիների համար: Կիսվեք մեզ հետ խնդրեմ, որո՞նք են Ձեզ համար ստեղծագործելու նպաստավոր պայմանները և ո՞րն է Ձեր մուսան:

-Մուսան միշտ էլ կա, իմ աջ ուսի վրա միշտ էլ տեղ ունի…Ինչու՞ աջ ուսի վրա, որպեսզի սրտի զարկերը նրան չխանգարեն (ծիծաղում է): Ինձ պետք չեն հատուկ պայմաններ ստեղծագործելու համար, ես օրվա ցանկացած ժամին էլ ստեղծագործել եմ՝ առավոտյան, երեկոյան, կեսգիշերին: Կարծում եմ ստեղծագործ մարդն այդպիսին է, հատուկ պայմաններ ստեղծագործելու համար նրան հարկավոր չեն:

-Կար ժամանակ, երբ թե՛ ռադիոյով, թե՛ հեռուստատեսությամբ հաճախ էին հնչում Ձեր կատարումները: Ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ դրանք սկսեցին ավելի քիչ հնչել և ինչու՞ դադարեցրեցիք Ձեր ստեղծագործական կարիերան:

-Մարդն է պատճառը, որ իրեն առաջ չի բրդում, ես ինքս եմ պատճառը: Բացի այդ էլ ներկայիս ընդունված երաժշտական ոճն ու ճաշակն իմը չէ:

-Կհիշե՞ք որն է եղել Ձեր առաջին հեղինակային երգը և ո՞ր տարիքում եք այն ստեղծել, նշեք նաև վերջինը:

-Առաջին կիթառս գնել եմ 1982 թվին, 1 տարի անց գրել եմ իմ առաջին երգը Շիրազի բանաստեղծեւթյուններից մեկի հիման վրա, այնուհետև բանակում ծառայությունս վերջացնելուց հետո սկսեցի Տերյանի գործերի հիման վրա ստեղծագործել: Իսկ վերջին ստեղծագործությունս հնարավոր է, որ հենց այսօր էլ գրել եմ մտքումս: Սկզբում ինձ մոտ ծնվում է մեղեդին, հետո նոր խոսքերը: Իսկ «Կարոտ» երգս ստեղծվել է եղբորս գրած խոսքերի հիման վրա, որն իմ առաջին ձայնագրությունն է եղել:

Կարո՞ղ եք նշել Ձեզ համար ամենահոգեհարազատ ստեղծագործությունը, որը տարբերվում է մյուսներից:

-Ստեղծագործ մարդուն այդպիսի բան մի հարցրեք, չկա այդպիսի երգ, որ ավելի հարազատ լինի ինձ, քան մյուսները, չէ՞ որ բոլորն էլ ինձնից են դուրս եկել: Երգը երկխոսություն է, այն տրամադրության դրսևորում և հավաքածու է: Ցանկացած երգ լսելու ժամանակ մարդն ինքը պետք է լինի տվյալ տրամադրության մեջ, որպեսզի այն հոգեհարազատ լինի ունկընդրողին, արտացոլի նաև նրա հույզերն ու ապրումները:

-2016 թ-ին Շանթ հեռուստաընկերության եթերում հեռարձակվում էր «Պրեմիերա» հաղորդաշարը, որտեղ մասնակիցները կատարում էին նաև Ձեր հեղինակային երգերից: Այդ երգերը կայի՞ն, թե հատուկ գրվել էին հենց նախագծի համար: Մանրամասնեք խնդրեմ, ինչպե՞ս որոշեցիք մասնակցել նախագծին:

-Հայտարարությունը լսեցի, 4 երգ ձայնագրեցի և ուղարկեցի: Մոտ 300 երգի հայտ էր ներկայացվել: Իմ հեղինակային երգերից երկուսն անցել էին մրցույթում՝ «Հայրենիք»-ը և «Քեզնով հարբած»-ը:

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը և արդյո՞ք հասցրել եք Ձեզ լիարժեք սպառել ստեղծագործական առումով, թե դեռևս կան չգրված ու չլսված երգեր:

-Ինձ որպես ստեղծագործ մարդ չեմ սպառել, միանշանակ, իսկ ձեռքբերումներ շատ են եղել, բայց հուսով եմ դեռ ավելի մեծերն առջևում են:

-Որքանո՞վ է տարբերվում երգիչ-երգահան Սամվել Ծովակն անձ-անհատականություն Սամվելից: Ձեր երգերը շատ հուզական ու նուրբ են, կյանքում և՞ս էմոցիոնալ եք, թե փոքր – ինչ այլ եք:

Իրական կյանքում հուզականությունը մնում է նույնը, որքան որ երգերում է, սակայն դա կարող է այդպես չընկալվել մարդկանց կողմից: Հոգիս ինչպիսին որ երգերում է արտացոլվում, այնպես էլ իրական կյանքում է դրսևորվում, և ինչպես որ երգերս են միմյանցից տարբերվում, այնպես էլ ես եմ կյանքում տարբեր կերպ դրսևորվում:

-Վերջերս  Another Story Band-ի համերգներից մեկի ժամանակ ելույթ ունեցաք նաև Դուք, հանդիսատեսը բուռն ծափողջույններով արձագանքեց Ձեր ելույթին, կարծես՝ կարոտել էր…Մտադիր չե՞ք արդյոք վերսկսել Ձեր երգչի կարիերան, վերադառնալ բեմ՝ այնտեղ մնալու նպատակով, այլ ոչ թե ժամանակավոր:

-Մտադիր եմ, մտածում եմ այդ մասին, միանշանակ: Կարծում եմ ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները:

-Ի՞նչ ակընկալիքներ ունեք 2019 թ-ից և ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:

-Նախ կմաղթեմ առողջություն, ապրեն երջանիկ ու ներդաշնակ կյանքով և ամենակարևորը՝ խաղաղություն: Իսկ 2019-ից ակընկալում եմ ստեղծագործական վերածնունդ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here