Իսպանական “El País” պարբերականը նյութ է հրապարակել «Մարդը, որը մեզ ցույց տվեց Ստամբուլը» վերնագրով, որտեղ ներկայացնում է Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի անդրադարձը Արա Գյուլերին և Հայոց ցեղասպանությանը:

ArmeniaOn, դեկտեմբերի 5. Արա Գյուլերը ժամանակակից Ստամբուլի ամենագլխավոր լուսանկարիչն էր, գրում է պարբերականը: Ծնվել է 1928 թ., այս թուրքական քաղաքում ապրող հայկական ընտանիքում: Լուսանկարել սկսել է 1950 թ-ից։ Նրա լուսանկարչությունը մարդկանց կյանքն էր` Օսմանյան մոնումենտալ ճարտարապետության, նրա հրաշագեղ մզկիթների և հիասքանչ շատրվանների կողքին: Ես ծնվել եմ երկու տարի անց, 1952 թ.-ին և ապրել եմ նույն թաղամասերում: Արա Գյուլերի Ստամբուլն իմ Ստամբուլն է:

1960-ականներին ես ծանոթացա Արայի հետ, երբ տեսա նրա լուսանկարները «Հայաթ» շաբաթաթերթի` լուրջ և սրտառուչ նորությունների ամսագրում, որտեղ ուժեղ շեշտադրում էր արված նրա լուսանկարի վրա: Իմ քեռիներից մեկը ղեկավարում էր այն: Արան գրողների և նշանավոր մարդկանց դիմանկարներ էր անում, ինչպիսիք էին Պիկասոն, Դալին և նախորդ սերնդի հայտնի թուրքերը, ինչպես Թանփընարը: Երբ նա իմ «Սև գրքի» հաջողությունից հետո ինձ առաջին անգամ լուսանկարեց, ես երջանիկ էի, որովհետև հասկացա, որ ես կայացել եմ որպես գրող:

Արան ավելի քան կես դար` մինչև 2000-ականները հավատարմորեն նկարահանել է Ստամբուլը: Ես ուսումնասիրել եմ նրա լուսանկարները ագահորեն, որպեսզի տեսնեմ նրանց մեջ քաղաքի զարգացումն ու վերափոխումը: Մեր բարեկամությունը սկսվեց 2003-ին, երբ ես սկսեցի ուսումնասիրել  նրա 900 000 լուսանկարի արխիվը, որպես ուսումնասիրության մի մաս  «Ստամբուլ» գիրքս գրելու համար: Նա այդ ժամանակ իր հորից կտակված եռահարկ տունը`  Գալաթասարայ թաղամասի դեղագործի տունը վերափոխել էր,  դարձրել արվեստանոց, աշխատասենյակ և պահոց՝ իր լուսանկարների համար:

Անհատներն ավելի փխրուն և խեղճ  են թվում, երբ նրանք հայտնվում են Օսմանյան ճարտարապետության կողքին։

Լուսանկարներ, որ ես ուզում էի ինձ համար

«Ստամբուլը» Արա Գյուլերի հայտնի պատկերները չէին, որ բոլորին ծանոթ էր, այն ավելի շատ Ստամբուլի մելամաղձոտ երեսն էր, որը ես նկարագրել էի` իմ մանկության գորշ մթնոլորտը: Արան ավելի շատ լուսանկարներ ուներ, քան ես սպասում էի: Նրան զզվեցրել էր Ստամբուլի ստերիլ պատկերները` ստերիլ և զբոսաշրջային: Երբ նա իմացավ ինչ նպատակով էի ցանկանում տեսնել իր լուսանկարները,  ինձ թույլ տվեց մուտք գործել իր բոլոր պահոցները:

1950-ականների սկզբներին Արա Գյուլենի քաղաքային  ռեպորտաժի միջոցով՝ աղքատների, գործազուրկների և գյուղից նոր եկած մարդկանց դիմանկարներով էր, որ առաջին անգամ ճանաչեցի «անծանոթ» Ստամբուլը։

Արան իր լուսանկարների միջոցով  ուշադրություն էր հրավիրում  Ստամբուլի խուլ փողոցների բնակիչների վրա՝ սրճարաններում  նստած ձկնորսներ, որոնք կարգի են բերում իրենց ուռկանները, գործազուրկներ, որ հարբում են գինետներում, երեխաներ, որ նորոգում են  ավտոմեքենաների անվադողերը` հին քաղաքի ավերված պատերի ստվերում, շինարարները, երկաթգծի աշխատողները, նավավարները ովքեր Ոսկեղջյուրի  (Բոսֆորի նեղուցի Մարմարա ծովի հետ հատման վայրը. խմբ) մի ափից մյուսն էին տեղափոխում քաղաքի բնակիչներին, փողոցային մրգավաճառներ իրենց սայլերը հրելով։ Մարդիկ, որ սպասում էին Գալաթա կամրջի բացմանը, քաղաքային ավտոբուսների վարորդները՝ ցույց էին տալիս այնտեղ ապրող մարդկանց կախվածությունը քաղաքին։

Կարծես թե Արայի լուսանկարները ասելիս լինեն. «Այո, Ստամբուլի գեղեցիկ քաղաքային տեսարանները վերջ չունեն, բայց առաջին հերթին ուշադրության են արժանի նրա բնակիչները»:

Արա Գյուլերի լուսանկարների կարևոր առանձնահատկությունը էմոցիոնալ փոխհարաբերությունն է, որը ձևավորվում է քաղաքային տեսարանների և անհատների միջև: Նրա լուսանկարների օգնությամբ ես բացահայտեցի նաև, թե Ստամբուլի բնակիչները որքանով են ավելի փխրուն և աղքատ, երբ նրանց լուսանկարում են քաղաքի  Օսմանյան մոնումենտալ ճարտարապետության, նրա վեհաշուք մզկիթների և հոյակապ շատրվանների ֆոնին:

«Դու սիրում ես միայն իմ լուսանկարները, որովհետև նրանք հիշեցնում են քո մանկության Ստամբուլը», – ասում էր նա ինձ երբեմն տարօրինակ նյարդայնացած տոնով:

«Ոչ,- բողոքում էի,- Ես սիրում եմ դրանք, որովհետև գեղեցիկ են»:

«Բայց գեղեցկությունն ու հիշողությունը առանձի՞ն բաներ են: Իրերը կդադարե՞ն գեղեցիկ  լինել, եթե դրանք նաև փոքր-ինչ ծանոթ են մեզ, կամ ինչ-որ բան են  հիշեցնում․․․»։

Հաճույք էի ստանում զրուցելով նրա հետ այս թեմաների շուրջ:

Երբ ուսումնասիրում էի նրա Ստամբուլի լուսանկարների պահոցը, հաճախ ինձ հարց էի տալիս, թե ի՞նչ կար դրանցում,  որ ինձ գրավել էր խորապես. Արդյո՞ք այս լուսանկարները ուրիշներին նույն ձևով կգրավեին։  Այս լուսանկարները նայելիս արբեցնող մի բան կա անտեսված դետալներում, թեկուզ այսպիսին, բայց քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող,  որտեղ անցել է իմ  կյանքը՝ մեքենաներ, փողոցային վաճառականներ, ճանապարհային ոստիկաններ, բանվորներ, գլխաշորավոր կանայք, որ հատում էին մշուշով պատված կամուրջները, ավտոբուսի հին կանգառներ, ծառերի ստվերները՝ նկարներ պատերի վրա:

Նրանց համար, ովքեր ինձ նման 65 տարի են անցկացրել մի քաղաքում, տարիներ շարունակ չլքելով այն, քաղաքի պատկերները դառնում են, մի տեսակ, մեր հուզական կյանքի չափանիշը։ Փողոցը կարող է աշխատանքից հեռացված լինելու դառը հիշողություն բերել, կամուրջի տեսարանը՝ վերապրեցնել  մեր երիտասարդության միայնությունը։ Մի հրապարակը կարող է ստիպել մեզ վերապրել սիրո հաճույքը, իսկ մյուս մթին փակուղին կհիշեցնի մեր  քաղաքական վախերի մասին։ Մի հին սրճարանում էլ կկորչեն մեր բանտարկված ընկերների մասին հուշերը։ Իսկ թխկին կստիպի մեզ հաշիվ տալ,  որ մենք նախկինում աղքատ ենք եղել:

Մեր բարեկամության սկզբնական շրջանում երբեք չենք խոսել իր հայկական ծագման և օսմանյան հայերի  ոչնչացման  ճնշող ու ցավոտ պատմության մասին, հարց, որ մինչ օրս  իսկական տաբու է Թուրքիայում: Ես զգում էի, որ դժվար կլիներ խոսել նրա հետ այս ցավոտ թեմայի մասին, որը մեր հարաբերություններում լարվածություն կառաջացներ: Նա գիտեր, որ այս հարցի շուրջ խոսելը կբարդացնի նրա կյանքը Թուրքիայում:

Տարիների ընթացքում նա սկսեց վստահել ինձ մի փոքր և երբեմն քաղաքական հարցեր էր բարձրացնում, որոնք այլոց հետ չէր քննարկում: Մի օր նա ինձ ասաց, որ 1942 թ.-ին, նրա դեղագործ հայրը հեռացել է Գալաթասարայի իր տնից եւ մի քանի ամիս թաքնվել մեկ այլ տանը՝ չհամարձակվելով նույնիսկ մեկ անգամ դուրս գալ այնտեղից, որպեսզի խուսափի «հարստության հարկից», որը թուրքական կառավարությունը պարտադրում էր ոչ մահմեդական քաղաքացիներին, նաև որպեսզի խուսափի աշխատանքային ճամբարներ արտաքսվելուց, եթե հարկը չի վճարվել:

1955 թ. Սեպտեմբերի 6-7–ի գիշերը, Կիպրական իրադարձությունների պատճառով  Թուրքիայի և Հունաստանի միջեւ լարվածության շրջանում, թուրքական կառավարության կողմից ձևավորված ավազակախմբերը շրջում էին Ստամբուլի փողոցներով, հարձակվում և կողոպտում հույների, հայերի և հրեաների  խանութները, պղծում եկեղեցիներն ու սինագոգները։ Արայի տնից քիչ այն կողմ, Իստիկլալ փողոցը՝ կենտրոնական պողոտան, որն անցնում էր  Բեյօղլուով,  իսկական պատերազմի դաշտի էր վերածվել։ Հայ և հույն խանութպանները խոսում էին թուրքերեն՝ մի փոքր ակցենտով։ 1950-ականներից մինչև 1960-ականների կեսը արդեն այդ խանութները չկային։ Այդպիսի էթնիկ զտումների արդյունքում հաջողվեց աքսորել եւ ոչնչացնել ոչ մահմեդական փոքրամասնություններին:

Այս մասին մենք սկսեցինք խոսել, երբ դիտում էինք այդ ժամանակների և  նման այլ իրադարձությունների հետ կապված լուսանկարները:

Սակայն օսմանյան հայերի ոչնչացման թեմային՝ Արայի տատիկների և պապիկների հարցին չէինք անդրադառնում: 2005 թ.-ին ես հարցազրույցներից մեկում բողոքեցի, որ Թուրքիայում չկա մտքի ազատություն, և մենք դեևս չէինք կարող նույնիսկ խոսել սարսափելի իրադարձությունների մասին, որ 90 տարի առաջ արել են հայերի հետ: Ազգայնական մամուլը չափազանցնում է իմ մեկնաբանությունները: Ստամբուլում ինձ դատի են տալիս`թուրքական ինքնությունը ժխտելու համար, մեղադրանք, որը կարող է հանգեցնել երեք տարվա ազատազրկման:

Երկու տարի անց իմ ընկեր, հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում, փողոցի մեջտեղում, «Հայոց ցեղասպանություն» բառն օգտագործելու համար: Որոշ թերթեր սկսեցին պնդել, որ կարող եմ հաջորդը լինել: Մահվան սպառնալիքների, ինձ վրա ուղղված մեղադրանքների և ազգայնական մամուլի կոպիտ արշավի հետևանքով, սկսեցի ավելի շատ լինել արտերկրում, մասնավորապես, Նյու Յորքում: Ես մի քանի օրով վերադառնում էի Ստամբուլի իմ գրասենյակ, առանց  որևէ մեկին տեղյակ պահելու, որ այնտեղ եմ:

Այդ կարճ այցերից մեկի ժամանակ՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, այդ գորշ օրերին, ես մտա իմ գրասենյակ և անմիջապես զանգ եկավ հեռախոսին: Այդ շրջանում ես երբեք չէի պատասխանում իմ գրասենյակի հեռախոսազանգերին: Հեռախոսը զնգում էր, մի պահ  դադարում, ապա նորից  զնգում, զնգում  էր անընդմեջ: Անհանգստացած պատասխանեցի։ Անմիջապես ճանաչեցի Արայի ձայնը.

«Ահ, վերադարձե՞լ ես: Ես հենց հիմա գալիս եմ», – ասաց նա և կախեց խոսափողն առանց պատասխանի սպասելու:

15 րոպե անց Արան մտավ իմ գրասենյակ: Նա շնչակտուր էր և հայհոյում էր ամենքին և ամեն  ինչ, իրեն  բնորոշ ձևով: Հետո նա գրկեց ինձ իր հսկայական մարմնով և սկսեց արտասվել: Նրանք, ովքեր գիտեին Արային, և գիտեն, թե որքան էր նա սիրում հայհոյել և կոպիտ տղամարդկային արտահայտություններ անել, կհասկանան իմ զարմանքը, նրան տեսնելով այսպես արտասվելիս: Նա շարունակում էր հայհոյել և ասում էր ինձ․ «Այդ մարդիկ չեն կարող դիպչել քեզ»:

Նրա արցունքները անդադար գլորվում էին: Որքան նա ավելի շատ էր լալիս, այնքան ես ավելի շատ էի ինձ մեղավոր զգում և զգացի ինձ քարացած: Երկար լաց եղավ, ի վերջո  հանգստացավ և անմիջապես, կարծես իր այցի ողջ նպատակը հենց դա էր, մի մեծ բաժակ ջուր խմեց ու հեռացավ:

Որոշ ժամանակ անց մենք կրկին հանդիպեցինք: Ես վերադարձա իմ գաղտնի աշխատանքին իր արխիվում, կարծես ոչինչ էլ չէր եղել: Արդեն կարիք չունեի իր տատիկների և պապիկների մասին հարցնելու: Մեծ լուսանկարիչն արդեն ինձ պատմել էր ամեն ինչ իր արցունքների միջոցով:

Արան  ժողովրդավարություն էր ակնկալում, որտեղ մարդիկ կարող էին ազատորեն խոսել իրենց սպանված նախնիների մասին կամ գոնե ազատորեն լաց լինել նրանց համար: Թուրքիան երբեք չունեցավ այդ ժողովրդավարությունը: Վերջին 15 տարիների բարգավաճումը, վարկերի շնորհիվ կառուցված տնտեսական աճի շրջանը չի օգտագործվել ժողովրդավարության հասնելու համար, այլ առավել շատ է սահմանափակել մտքի ազատությունը:

Այդ տնտեսական աճից և այս բոլոր շինարարություններից հետո Արա Գյուլերի հին Ստամբուլը դարձավ նրա գրքերից մեկը:

© Photos / Ara Güler