Երկու երիտասարդ-գրպանահատ չկարողացան ավարտին հասցնել իրենց ծրագրած գողությունը:

Ռոզի Սարգսյան 

ArmeniaOn, հունվարի 11. Այսօր՝ ժամը 20:45-ի սահմանում, 27 համարի երթուղայինում ականատես եղանք, թե ինչպես են երկու երիտասարդ-գրպանահատ փորձում գողություն անել ուղևորներից մեկի պայուսակից: Գողությունը, սակայն ավարտին չհասավ, քանի որ կանխվեց մեկ այլ ուղևորի՝ մի երիտասարդ տղայի կողմից: Քանի որ գողության փորձը բացահայտված էր, ձախողումից հետո գրպանահատ-երիտասարդները սկսեցին հեգնել ու ծաղրել համարձակ երիտասարդին՝ ասելով.

-Ախպե՛ր իջի, ես 50 դրամ տվել եմ, 50 էլ դու տուր ու իջի:

Նրանք շարունակեցին ոչ պատշաճ ու ծայրահեղ անհարգալից վարք դրսևորել մյուս ուղևորների ներկայությամբ, ապա իջան երթուղայինից: Միայն այդ ժամանակ ուղևորներից շատերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել:

Գրպանահատ տղաներից մեկը բարձրահասակ, աջ այտի վրա մեծ ու արտահայտված սպիով երիտասարդ էր, մյուսը՝ միջին հասակի, չսափրված և սևահեր: Գողությունը կանխող որիտասարդը երթուղայինից գրպանահատների իջնելուց հետո կոչ արեց բոլոր ուղևորներին.

-Ժողովուրդ ջան, ձեր պայուսակների հետ զգու՛յշ եղեք երթուղայինի մեջ, տեսաք, թե ինչ էին ուզում անել..Վերջերս էլի նման դեպքի էի հանդիպել, զգուշացեք…

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում երթուղայիններում իրոք հաճախակի են դարձել գրպանահատության և գողության դեպքերը, ուստի մենք ևս կոչ ենք անում ուղևորներին զգոն լինել:

լուսանկարները՝ kakprosto.ru, yerkirmedia.am