Գյումրիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել այնտեղ տեղակայված 102-րդ ռուսական բազայի դեմ։

ArmeniaON, հունվարի 12. Այս ակցիայի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին, երբ զինծառայողի ծեծի հետեւանքով մահացել էր Ջուլիետա Ղուկասյանը:

Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջարկում է կրկնակի հսկողության տակ վերցնել ռուսական 102-րդ ռազմաբազան:

«Իշխանություններից պահանջվում է  հետեւյալը. նախ, Ջուլիետա Ղուկասյանի նկատմամբ մահացու ծեծի գործով մեղադրյալին եւ հնարավոր այլ մեղադրյալներին ջանքեր ներդնել նրանց ՀՀ իշխանություններին փոխանցելու եւ բարեխիղճ քննություն անցկացնելու համար: Ինչպես հիշում եք, եւ 4 տարի առաջ, եւ մեկ տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազները իրենց կարծիքով, օրենսդրության մեջ եղած ինչ-ինչ հակասությունները սկսեցին մեկնաբանել ՌԴ քաղաքացու օգտին: Փորձագետների վերլուծություններով այս ռազմաբազայի մասին համաձայնագրերը նման փոխանցմում չեն նախատեսում:

ՀՀ քաղաքացիների սպանության մեջ մեղադրվողները, մանավանդ, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ռազմաբազայից դուրս, պետք է լինեն ՀՀ իրավապահներին հսկողության տակ: ՀՀ արդարադատությունը պետք է իրականացնի ամբողջ քննությունը»,- հայտարարեց Բարսեղյանը՝ հավելելով, որ իրենց պահանջը այս 4 տարիներին չի փոխվել՝ մեղադրյալներին ու հանցագործներին փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին:

Նա կարծիք հայտնեց, որ եթե դատավարությունն ընթանում է ռազմաբազայի ներսում, իր հրամանատարների, իր ընկերների կողքին, արդար դատաքննության հավանականությունը կտրուկ նվազում է. «ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հանցավոր համաձայություն կարող է լինել, ի վերջո, իրենց զինծառայողն է»:

Մանրամասն՝ տեսանյութում