Փոքրիկ երգիչների վտանգված ապագայի հաշվին կառուցվող բիզնեսնախագիծը փլուզեց ոչ միայն շենքը, այլև փշրեց փոքրիկների երազանքը: Մասնագետներն ու պատասխանատուները քննարկել են Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչների» հուշարձանշենքի պատի փլուզման պատճառները

Ռոզի Սարգսյան, Մերի Բադալյան 

ArmeniaOn, հունվարի 14. Եթե գրունտային հողերի հիմքերը ժամանակին ամրակայվեին, այս խնդիրը չէր լինի: «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պատի փլուզման փաստի մասին նման համոզմունք  հայտնեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ Վարդան Սերմաքեշին պատկանող «Հին Երևան» ծրագրի շրջանակներում կատարվել են  փորման աշխատանքներ: Դրա հետևանքով վնասվել է  «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ֆիլհարմոնիայի հարակից պատը:

Նախարարությունը պահանջել է հիմնատակն ամրացնել: Հարցն արդի է եղել նաև նախորդ կառավարության ժամանակ, բայց հարցերն իրենց պատասխանը չեն ստացել: Իսկ թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակում,  Աբրոյանը պատասխանեց.

«Նշանակվել է հետաքննություն, մանրամասները պարզաբանվում են: Դեռ ամիսներ առաջ դիմել ենք դատախազություն և ստացել պատասխան, որ գործը ուղարկվել է քննչական մարմիններին, անգամ ուղարկվել է փորձաքննության»:

Աբրոյանը համոզված է՝ եթե գրունտային հողերի հիմքերը ժամանակին ամրացվեին և չփորվեր փոսը, ապա այս հետևանքները չէին լինի: Ըստ նախնական նախագծի փոսն իր մեջ պետք է ներառեր ընդամենը երկու ենթահարկ, սակայն այն փորվել է երեքի համար: Շենքը մոտ 150 տարվա կառույց է և դեռ կշարունակեր ծառայել, եթե շինարարական աշխատանմքները գրագետ իրականացվեին:

«Մենք արձագանքել ենք այս խնդրին դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի իրավիճակը կարգավորվեր,  միջոցներ ձեռնարկվեր  և հայտնել ենք, որ աշխատանքները անօրինական են կատարվել»,- նշեց  Արմեն Աբրոյանը:

Արտասահմանցի  մասնագետների հետ քննարկելով՝ ինքնուրույն են փորձել գտնել լավագույն լուծում: Նախագիծը կազմել է «Հայաստանի փոքրիկ երիգիչներ»-ի ղեկավար Տիգրան Հեքեքյանը ու ներկայացրել ՀՀ Մշակույթի նախարարություն: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, նախագիծն անմիջապես քննարկվել է և տրվել թույլտվություն: Խնդիրը վերաբերվում էր հուշարձանի ամրակայման առաջնահերթությանը, որը ենթադրում էր հիմնատակերի՝ այսինքն գրունտների ամրացում, ինչն էլ ենթադրում էր, որ հուշարձանը չէր քանդվի: Թեեվ քաղաքապետարանը դիմում է սեփականատեր Վարդան Սերմաքեշին ու Հին Երևան նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանին, սակայն նախագծին ընթացք չի տրվում, քանի որ վերջիններս, որոնք մեղավոր էին հասցված վնասի համար, հարմար չեն գտնում այն իրագործել:

Աբրոյանը հերքեց մեղադրանքը, թե մշակույթի նախարարության անգործության արդյուքնում է քանդվել շենքը և իբր գոյություն են ունեցել 2-րդ, 3-րդ , 4-րդ նախագծեր:

Տիգրան Հեքեքյանի խոսքով, պատի փլուզումից առաջ, երբ այն արդեն գտնվել է վթարային վիճակում, նա դիմել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ով հավաստիացրել է, թե շենքին վտանգ չի սպառնա: Նույնը պնդել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շենքի փլուզման օրը Արամի 23 հասցեում «Հին Երևան նախագծի» ճարտարապետ Լևոն Վարդանյանի և Աբրոյանի միջև եղել է վիճաբանություն և ճարտարապետը հայտատարել է, որ այս շենքը պիտի քանդվի, քանի որ այդպես է նախագծել:

Թեեև Մեսչյանը  հանձնարարել  էր շտապ ամրակայել շենքը, այնուամենայնիվ, ոչինչ չի արվել: Իսկ արդեն շենքի պատի փլուզումից հետո գլխավոր ճարտարապետն արանագրել է.

«Անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք է այս պատի քանդումը, ժամանակին կարելի էր հանգիստ ամրացնել և խուսափել այս ամենից, ինչ որ պատահեց»:

 «Վարչապետը, Մեսչյանն ասում են չի քանդվելու շենքը, Լևոնն ասում է քանդելու եմ, հանցագործություն չի՞ բա սա»,- հարցնում է պարոն Հեքեքյանը:

Նրա խոսքով, այդ շենքն ամրագույն շենք էր, և մինչ 2018 թվականի մայիս-հունիս ամիսը կանգուն է եղել: Դա կարող է նաև փաստել մշակույթի նախարարությունը:

«Մենք միշտ ծաղրում ենք մեր հարևան ժողովրդներին, որ նրանք այնքան էլ խելացի չեն, որքան մենք, բայց ես ամռանը տեսա Վրաստանում, թե նրանք ինչպես են փոսորակ փորել, ինչ գրագետ ձևով, որը Հայաստանի ոչ մի վայրում չի կիրառվում: Դա հասկանում են բոլոր ոլորտի մասնագետները, սակայն  չեն հասկանում ճարտարապետները: Եթե փոսը փորեին գրագետ, ապա նման հետևանքներ չէին լինի» , – հավելեց Հեքեքյանը:

Հեքեքյանը վստահեցրեց, որ անպայման դիմելու է դատարան: Ավելացրեց նաև, որ այս ամենի մեղավորը նախկին իշխանությունն է, բայց ցավալին այն է, որ ներկայիս իշխանությունը ցանկանում է ժառանգել նախորդի սխալները:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին շենքը ճանաչվել է գերակա շահ, որի արդյունքում «Փոքրիկ երգիչները» կորցրել են իրավունքը այդ տարածքի հանդեպ:

«Բիզնես-պրոյեկտը, փաստորեն, ավելի գերակա շահ  է, քան աշխարհին հայտնի «Հայ փոքրիկ երգիչներ»-ի գործունեությունը: Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցում իրեն շատ մտերիմ մարդիկ: Մեզ ոչինչ պետք չէ, մեզ աշխատելու տարածք է պետք, մյուս կողմից՝ մենք չենք ուզում, որ պատմական հուշարձանը քանդվի», – հավելեց Հեքեքյանը:

Ասուլիսի վերջում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը հավելեց.

«Հարցն այսքան բարդացել է, քանի որ այն իր բնականոն հունով չի ընթացել: Մեր մայրաքաղաքը 2800 տարվա պատմություն ունի, բայց գրեթե ոչ մի մշակութային արժեք չի պահպանվել»:

Հիշեցնենք, որ 2018 թվի ապրիլից սկսվել են հողային և շինարարական աշխատանքներ կատարվել «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հուշարձան-շենքին հարակից տարածքում, որի հետևանքով էլ վնասվել է շենքի պատն ու փլուզվել:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here