Միայն բռունցքվելով ու միմյանց սիրելով կարող ենք կերտել մեր բաղձալի Հայրենիքը: Արմենիա ON-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը: 

Արփինե Աբաջյանց

ArmeniaON, հունվարի 23. Բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը Արմենիա ON-ի հետ ամփոփեց ստեղծագործական տարին և խոսեց 2019-ից ակնկալիքների մասին:

– 2018 թվականն ինձ համար ստեղծագործական բուռն ու հագեցած տարի էր: Գործնական առումով ևս շատ հաջողված էր. Համահայկական գրողների միությունը կազմակերպել էր այցելություններ սահմանամերձ գյուղեր: Ինձ համար մեծագույն երջանկություն էր լինել սահմանապահ համայնքներում և հնչեցնել իմ ստեղծագործությունները, առավել ևս` հավանության արժանանալ: Մենք այս տարի ևս նախատեսել ենք այցելություններ, քանի որ սահմանամերձ գյուղերում մեր կարիքն ունեն: Կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ, քննարկումներ ու հանդիպումներ: Հրավեր է եղել դպրոցներից ու գրադարաններից, նաև`մարզային: Բայց ես տարին միշտ արժևորում եմ, երբ կորուստներ չեն լինում… Հուսանք 2019-ին կորուստներ այլևս չենք ունենա, և սահմանին խաղաղություն կլինի: Այժմ աշխատում եմ երրորդ գրքիս վրա. ուզում եմ գրքում տեղ գտնեն միայն լավագույն ստեղծագործություններս… Այն դեռ խմբագրման փուլում է, հուսամ՝ ընթերցողի սեղանին կդնեմ հենց այս տարի: Ինձ համար շատ կարևոր է ընթերցողի կարծիքը, քանի որ հենց ընթերցողներն են ոգևորում ինձ ու թևեր տալիս: 2019-ից սպասելիքներս շատ են…

– Ես գիտեմ, որ Դուք գրում եք նաև պատմվածքներ, բայց Ձեզ համարում եք բանաստեղծուհի, ինչո՞ւ:

– Կարծում եմ արձակ գործերս չեն գերազանցում չափածոյին: Այո՛, երբեմն գրում եմ պատմվածքներ, ակնարկներ, հոդվածներ, բայց ես բանաստեղծ եմ: Իմ ասելիքը պոեզիայի միջոցով ավելի ու ավելի եմ կարողանում հասցնել մարդկանց:

– Ո՞ր գրողին եք համարում Ձեր ուսուցիչը:

– Ուսուցիչներս շատ են, քանի որ իմ պոեզիայի ակունքը հայ դասական գրականությունն է: Իմ առաջին` «Վերադարձ դեպի արևը» գրքում երևում է իմ սիրելի Պարույր Սևակի ազդեցությունը… Երկրորդ` «Վաղը կգա…» գրքում ակնհայտորեն Տերյանական թախիծ կա, իսկ երրորդում ընթերցողը հաստատ կնկատի Չարենցյան ոգի, Սահյանական բնապատկերներ ու Սարուխանական շունչ… Ես միշտ սովորում եմ նաև մեր Ամենայն Հայոց Հայրիկից` Հովհաննես Թումանյանից:

– Վերջին տարիներին Ձեզ շնորհվեց «Պարույր Սևակի» անվան գրական մրցանակ: Կպատմե՞ք այդ մասին:

– 2017 թվականին արժանացա «Պարույր Սևակի» անվան մրցանակի: Ինձ համար մեծագույն երջանկություն էր արժանանալ իմ սիրելի գրողի անվան մրցանակին, բայց մրցանակը նաև շատ պարտավորեցնող է, քանի որ այն միշտ ստացել են ավագները. ես առաջին երիտասարդն էի և պետք է փորձեմ պահել արժանավորի անունը:

– Գրողը որպես անհատ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի:

– Այս մասին բազմիցս խոսել եմ. ինձ համար կատարյալ գրողի կերպար է Հովհաննես Թումանյանը, ով առաջին հերթին հայրենիքի ու ժողովրդի նվիրյալ է: Գրողը պետք է իր տողերի կրողը լինի: Նրա ապրած կյանքը գրեթե չպիտի տարբերվի ստեղծագործական աշխարհից, որովհետև եթե դու քո տողերի հետևորդը չես, իրավունք չունես այն ներկայացնելու հասարակությանը:

– Ի՞նչ կարծիքի եք գրողների երիտասարդ սերնդի մասին:

– Անշուշտ մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդ գրողներ, ովքեր ունեն պետական հոգածության և ավագների հոգատարության կարիքը: Եթե պետությունը խրախուսի երիտասարդ գրողին, իսկ ավագ սերնդի գրող-գրականագետներն ուշադիր լինեն, քանի որ երիտասարդի սխալվելու հավանականությունը մեծ է, երիտասարդ գրողը կկայանա ու ստեղծագործական բուռն վերելք կունենա: Այդ առումով ես ինձ բախտավոր եմ համարում. ճիշտ է, երբեք պետության կողմից որևէ ուշադրության չեմ արժանացել, բայց տեսել եմ բանաստեղծ Հրաչյա Սարուխանի հոգատար վերաբերմունքը, ավագներից շատերի ուշադրությունն ու ոգևորելու ցանկությունը: Դե իսկ ստեղծագործական հաջողություններիս համար շնորհակալ եմ գրականագետ Աբգար Ափինյանին, ում խորհուրդներն ու առողջ քննադատությունը մեծ դեր են կատարում իմ ստեղծագործական կյանքում:

– Դուք գրում եք սոցիալական, հայրենասիրական, սիրո թեմաներով, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ: 

– Բոլոր թեմաներն էլ հոգեհարազատ են, բայց միշտ առանձնացնում եմ հայրենիքին նվիրված ստեղծագործություններս:

– Բացի ստեղծագործելուց ուրիշ ինչո՞վ է զբաղվում բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը:

– Երկար տարիներ է աշխատում եմ «Նոր-Դար» ընկերությունում, հիմա արդեն Համահայկական գրողների միությունում: Եղել եմ «Գրական Երևան» թերթի գլխավոր խմբագիրը, «Հայրենիքի ձայն» թերթի վերստուգող խմբագիրն եմ, արդեն տասը տարի է «Նոր-Դար» հանդեսի վերստուգող խմբագիրն եմ, այժմ արդեն` գլխավոր խմբագիրը: 2018-ին նաև խմբագրել եմ մի քանի գիրք: Զբաղվում եմ նաև Համահայկական գրողների միության կազմակերպչական աշխատանքներով:

– Ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին և աշխարհին:

– Մեր Հայրենիքին ու ժողովրդին ցանկանում եմ հզորություն ու բարօրություն, լուսաշաղախ օրեր ու լիություն: Մեր Ավետյաց երկիրը թող Աստծո օրհնությունն ունենա և ամենակարևորը` միաբանություն ու խաղաղություն լինի: Մեզ միաբանություն շատ է պետք, շատ ենք հեռացել իրարից, մի տեսակ բաժան-բաժան ենք եղել… Միայն բռունցքվելով ու միմյանց սիրելով կարող ենք կերտել մեր բաղձալի Հայրենիքը: Իսկ աշխարհում շատ կկամենամ, որ այլևս պատերազմներ չլինեն, մարդը մարդուն չհոշոտի, քանի որ յուրաքանչյուր մարդ արարած իրավունք ունի այս արևի տակ իր տեղն ունենալու:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here