Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի շրջանակում շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմը: Գաղափարի և կատարված աշխատանքի մասին ArmeniaON-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանի հետ:  

Ռոզի Սարգսյան, Մերի Բադալյան

ArmeniaOn, հունվարի  27. Տիգրան Մանսուրյանին յուրովի  բացահայտող «Մաեստրո Մանսուրյան»  ֆիլմը կյանքի է կոչվել «Մշար» մշակութային  կենտրոնի հետ համատեղ: Նախագծի գործընկերներն են նաև ՀՀ մշակույթի նախարարությունն ու գերմանական «Գյոթե» կենտրոնի Երևանյան գրասենյակը:

Թե ինչու՞ որոշվեց Մաեստրոյին նվիրված ֆիլմ նկարահանել և ինչը հանդիսացավ այդ գաղափարի շարժիչ ուժը, պատմեց ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանը:

– Գաղափարը ծնվել է շատ վաղուց: Այդ ժամանակ ես աշխատում էի «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունում: Գաղափարը միշտ էլ եղել է, Մանսուրյան կերպարը միշտ մեզ հետ է: Բուն ֆիլմի գաղափարն առաջացավ, երբ մենք մեկ այլ ֆիլմի համար հարցազրույցի հրավիրեցինք Տիգրան Մանսուրյանին: Քանի որ իսկապես չկար մի ֆիլմ, որը պատմեր նրա միջազգային գործունեության մասին, գաղափարը որոշեցինք իրականացնել մենք:

–  Ե՞րբ են սկսվել և ավարտվել  նկարահանման աշխատանքները: Արդյո՞ք  եղել են  խոչընդոտներ ֆիլմը կյանքի կոչելու ճանապարհին:  

– Ֆիլմի նկարահանման գաղափարն առաջարկեցի Հայկ Օրդյանին, ով ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է և 2014 թ-ի գարնանը սկսեցինք նկարահանման աշխատանքները: Քանի որ ֆիլմի ստեղծման գործընթացն ապրեց 5 տարվա կյանք և նկարահանումներն իրականացվեցին ոչ միայն Մաեստրոյի հետ ու ոչ միայն Երևանում, այլև բազմաթիվ այլ երկրներում ու քաղաքներում, հետևաբար  անհնար էր այդ ճանապարհն անցնել առանց խոչընդոտների և ես կարծում եմ՝ այնպիսի ֆիլմ չկա, որտեղ խոչընդոտ չի լինում: Չէ՞ որ դու աշխատում ես տարբեր մարդկանց հետ, ում պետք է հարմարվես ինքդ, իսկ իրենք էլ ինչ-որ չափով պետք է հարմարվեն քեզ: Ես նշեցի միայն կազմակերպչական աշխատանքին վերաբերող դժվարությունների մասին, սակայն այդպիսիք եղել են նաև արտադրական գործընթացի ժամանակ:

Դուք  «Օրդֆիլմ»-ի  հետ սկսեցիք  Ձեր  գործունեությունը, ճի՞շտ  է, իսկ ինչպե՞ս եղավ, որ այն շարունակեցիք «Մշար»-ի հետ:

– Նույն ստեղծագործական խումբն է, պարզապես որպես կազմակերպություն այսօր գործում է «Մշար»-ը, որը նաև լուծեց ֆինանսական խնդիրները և օգնեց աշխատանքներն ավարտին հասցնել: Ֆիլմը նկարահանելու ճանապարհին ֆինանսական մեծ խնդիրների հետ առնչվեցինք, քանի որ այն ընդգրկում էր մեծ աշխարհագրություն: Բավական մեծ գումար էր հարկավոր ճանապարհորդելու, նաև նկարահանման գործընթացը կազմակերպելու համար:

Ո՞րն է ֆիլմի նպատակըի՞նչ «մեսիջ» է այն  պարունակում  իր մեջ, որը պետք է հասնի  հայ  և համաշխարհային հանդիսատեսին։ Ինչո՞վ է տարբերվում  այս  ֆիլմը  Մաեստրոյին ներկայացնող այլ  ֆիլմերից:

– Մանսուրյանին, ով հայ մտավորականության ամենահայտնի կերպարներից է, մենք ցավոք սրտի գիտենք փոքր-ինչ ավելի նեղ շրջանակում: Մենք գիտենք Մանսուրյան, ով գրել է հայկական երաժշտություն մի քանի շատ հայտնի ֆիլմերի համար, երևի թե գիտենք, որ նա գրել է «Ռեքվիեմ», թեպետ դա էլ շատերը  չգիտեն: Ֆիլմի նպատակը հենց դա է, որ մենք Մաեստրոյին ներկայացնենք այդ շրջանակից  դուրս: Մանսուրյան, ով վաղուց արդեն դադարել է ֆիլմերի համար երաժշտություն գրել, Մանսուրյան, ում այսօր ճանաչում է աշխարհը: Ֆիլմը բացահայտում է այն Մանսուրյանին, ում, ցավոք, արտերկրում ավելի լավ են ճանաչում, քան Հայաստանում:

Ինչպիսի՞  նոր բացահայտումներ  են  սպասվում  ֆիլմումև ինքներդ  ձեզ համար ի՞նչ բացահայտումներ եք արել նկարահանման ընթացքում:

– Շատ լավ հարց էր: Եթե ֆիլմի նկարահանման գործընթացը չսկսեի, ես Մաեստրոյին այսքան լավ չէի ճանաչի ու ցավում եմ շատ, որ նախկինում չեմ ճանաչել տեղեկատվության բացակայության պատճառով: Ես ինքս ինձ համար շատ բան բացահայտեցի ֆիլմի աշխատանքներն իրականացնելու ընթացքում: Կարծում եմ, որ Մանսուրյանն իսկապես համաշխարհային ավանգարդ դասական երաժշտության մեջ բացառիկ երևույթ է, ով ժամանակին ստեղծագործել է բոլորովին այլ կերպ, այլ ուղղությամբ և կատարել կտրուկ փոփոխություն դեպի դասական ավանգարդը: Եթե դուք լսեք նրա 60-70-ականների ստեղծագործություններն ու համեմատեք այսօրվա նրա գործերի հետ, ապա կզգաք երաժշտական ֆորմատի կտրուկ անցումը: Այսինքն՝ Մանսուրյանը միշտ քայլել է ժամանակին համընթաց: Ներկայիս Մանսուրյանը այսօրվա հանդիսատեսին միանշանակ հարազատ է ու հասկանալի:

-Մեզ հայտնի է, որ «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմում կոմպոզիտորին յուրովի ներկայացրել են աշխարհում մանսուրյանական  երաժշտության  լավագույն մեկնաբանները:

– Այո, և ֆիլմում նրանցից շատերն ասում են, որ Մանսուրյանի երաժշտության միջոցով ծանոթացան հայ երաժշտությանը: Ընդհանուր գիծը, որը շեշտում են բոլորը, մանսուրյանական երաժշտության չափազանց անկեղծությունն է: Աշխարհահռչակ ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանը նկատում է, որ ինքը Մանսուրյանի երաժշտության միջոցով հասկացավ հայերեն ու ծանոթացավ հայոց լեզվին: Դա բխում է Մանսուրյան կերպարից, որովհետև այդ կերպարն ինքն իրենով անկեղծ է:

  – Նշեք ևս մի քանի աշխարհահռչակ երաժիշտների, ովքեր ներգրավված են ֆիլմում և կատարում են Մաեստրոյի ստեղծագործություններից: Ո՞ր երկրներում են իրականացվել աշխատանքները:

– Քիմ Քաշքաշյանին նկարահանել ենք Գերմանիայում,  աշխարհահռչակ թավջութակահար Յան Վոգլերին նույնպես: Ֆիլմում ներգրավված է նաև աշխարհահռչակ ալտահար Պատրիցիա Կապաչինսկայան, ում Մանսուրյանը առանձին գործ է նվիրել: Նկարահանումը կատարվել է Ավստրիայում: Ներգրավել ենք նաև Անյա Լեխներին՝ նույնպես թավջութակահարուհի, ինչպես նաև մեծանուն կոմպոզիտորի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերին, ով հանրահայտ  ECM records ընկերության հիմնադիրն  է և զբաղվում է Մանսուրյանի ձայնասկավառակաների թողարկմամբ: Նկարահանումներ են իրականացվել նաև Մոսկվայում՝ սկավառակի ձայնագրության ժամանակ: Իսկ Սանկտ-Պետերբուրգում հանդիպել ենք դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխին, ով Մաեստրոյի «Ռեքվիեմը» կատարելու առաջին նախաձեռնողն էր: Եվ, իհարկե, նկարահանումներ են իրականացվել Երևանում, նաև Արթիկում, որտեղ անցել է Մաեստրոյի մանկությունը:

– Մաեստրոյի մեծածավալ կտավը՝ հայկական առաջին «Ռեքվիեմը», գրվել և  կատարվել է Գերմանիայում:  Արդյո՞ք  ֆիլմում խոսվում է այդ մասին:

-Իհարկե: Իր «Ռեքվիեմը» Մանսուրյանը գրել է Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով: Ֆիլմում առանձին հատված նվիրված է «Ռեքվիեմին», և  գրեթե իմ նշած բոլոր հերոսները անդրադառնում են այդ ստեղծագործությանը:  Ռեքվիեմներ շատ կան, բայց իմ կարծիքով Մանսուրյանի «Ռեքվիեմը» յուրահատուկ է այն առումով, որ այնտեղ կան հայկական երաժշտության  տարրեր: Նշեմ, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակին:

– «Մշար» մշակութային կենտրոնի հետ սա ձեր առաջի՞ն համատեղ աշխատանքն է: Պատմեք, խնդրեմ,  ստեղծագործական  խմբի և նկարահանման ընթացքի մասին:

-«Մշար» մշակութային կենտրոնի հետ սա մեր առաջին համագործակցությունն է: Ֆիլմում աշխատել է տասը օպերատոր: Ինձ համար իսկապես էքսպերիմենտ էր, որ թեև ֆիլմում աշխատում էին  տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է գտնել կադրային ընդհանրություն: Նշեմ, որ  սցենարի հեղինակը Ալինա Օրդյանն է: Սցենարը գրվել է նկարհանումներին համընթաց: Գերխնդրիրն էր, որ ֆիլմը ավարտին հասցնենք մինչև Մաեստրոյի 80-ամյա հոբելյանը: Եվ մեզ հաջողվեց դա: Նկարահանող խմբից ուզում եմ շեշտել ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանի անունը: Առանց  նրա այս ֆիլմը չէր ստեղծվի և վերջ: Եթե գրագետ պրոդյուսինգ  չարվեր ապա հաջորդիվ աշխատանքները չէին իրականանա: Բոլոր հերոսները գտնվում էին այլ երկրներում, տարբեր զբաղվածության մարդիկ, և Հայկ Օրդյանի ու մյուս պրոդյուսերների շնորհիվ մենք ի վերջո կարողացանք մարդկանց հավաքել մեկ գաղափարի շուրջ:

-Ե՞րբ  և որտե՞ղ տեղի կունենա  ֆիլմի պրեմիերան:

«Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի էկրանային պրեմիերան կկայանա Երևանում, հավանաբար, փետրվարին օրը դեռևս որոշված չէ: Գերմանիայում նախատեսվում է հեռուստատեսային պրեմիերան:

Նկարահանումների  ընթացքում ո՞րն է եղել ամենահիշարժան և տպավորիչ պահը, որը երբեք չի մոռացվի:

-Շատ հիշարժան պահեր են եղել: Հիշում եմ մի դեպք, որտեղ չեմ կարող չշեշտել Հայկ Օրդյանի համառությունը: Գնացել էինք Սանկտ-Պետերբուրգ նկարահանելու դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխին: Մենք հասանք այնտեղ և մեզ ասացին, որ Լիբրաիխը ֆիլհարմոնիկում համերգի է և այդ պատճառով օրվա նկարահանումները գուցե տեղի չունենան: Համերգի ավարտին նա պետք  է մեզ զանգահարեր, թեև հավանականությունը շատ քիչ էր: Այնուամենայնիվ, համառորեն սպասեցինք հանդիպմանը:  Գրեթե չորս ժամ նսել ենք ֆիլհարմոնիկի դիմացի սրճարամնում, այդ ընթացքում հասցնելով խմել չորս-հինգ թեյնիկ թեյ և սուրճ: Ի վերջո զանգը եղավ, և հանդիպումը կայացավ (ծիծաղում է):

– Եվ վերջում նշեք խնդրեմ, ձեր կարծիքով ո՞րն է ռեժիսորի հաղթանակի և աշխատանքում գերազանց արդյունք ունենալու  գրավականը:

– Մի քիչ բարդ  հարց է, քանի որ արդյունքը տալիս է ոչ թե ռեժիսորը, այլ հանդիսատեսը: Ֆիլմի պրեմիերան դեռ տեղի չի ունեցել, և հանրությունը դեռ չի դիտել ֆիլմը: Կարծում եմ ՝ վաղ է ֆիլմի արդյունքներից խոսելը: Սակայն վստահաբար կարող եմ նշել, որ այն ստացված է այնքանով, որ  ունեցել ենք հրաշալի ստեղծագործական կազմ և hրաշալի գլխավոր հերոս: Մաեստրոն, լինելով հանրաճանաչ մարդ ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում, մեզ շատ է օգնել: Չեմ հիշում մի դեպք, որտեղ նա մեր խնդրանքը մերժեր: Հրաշալի հերոս է, ում հետ չափազանց հեշտ է աշխատել: Առհասարակ դիմանկարներում ֆիլմի հերոսները միշտ խանգարում են, շատ հաճախ լինում են կերպարներ, որոնք իրենց ամբիցաներով  արհեստական բարդացնում են աշխատանքները: Իմ կարծիքով լավ արդյունք ցուցաբերելու գրավակններից  է նաև հերոսի ընտրությունը: