86 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Միշել Լեգրանը։


ArmeniaON, հունվարի 26. Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանի մասին խոսելիս հիմնականում հնչում է «Ախ, այո, ես դիտել եմ «Շերբուրյան հովանոցները» արտահայտությունը:

Բացի այդ` նա երեք անգամ արժանացել է «Օսկար»-ի, 5 անգամ «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ.-ին ստացել է «Պատվո լեգեոն» շքանշանը:

Նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, երաժշտական սցենարների, շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությունների հեղինակ է, թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ:

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում, երաժիշտների ընտանիքում։ Միշելի հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, ղեկավարում էր նվագախումբ, մայրը ՝ Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի է եղել, քույրը՝ երգչուհի։ Երբ երեխան 3 տարեկան էր, ծնողները բաժանվում են, բայց դա չի անդրադառնում տղայի երաժշտական ունակությունների վրա։ Տանը դաշնամուրը տղային գրավում էր իր կախարդական հնչյուններով։ Ահա այսպես, վաղ մանկությունից նա ինքնուրույն սովորում է նոտաներ։

Միշելի ուղին հետո շարունակվել է երաժշտական դպրոցում։
Տասը տարեկանում Լեգրանն ընդունվում է Փարիզյան կոնսերվատորիա։ Այնտեղ նա ոչ միայն սովորում է նվագել բազմաթիվ գործիքների վրա՝ փող, տրոմբոն, ջութակ, թավջութակ, երգեհոն, այլև՝ հրապուրվում է ջազային երաժշտությամբ, ու սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։

«Ես 10 տարի ապրել եմ մայրական գծով իմ հայազգի պապի հետ, նա մահացել է 1942-ին։ Անունը Սարգիս Դեր-Միքայելյանն էր։ 1915-ին Ֆրանսիա էր արտագաղթել՝  Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար։

Ես հիշում եմ, որ նա նվագում էր սազ, ուդ, դաշնամուր ու ինձ ցույց էր տալիս ակորդներ, որպեսզի ես կարողանամ հետո հայկական մեղեդիներ նվագել։

Լեգրանի պապն ուներ գրամոֆոն ու հայտնի եգիպտացի երգիչ Օմ Կալսումի բազմաթիվ ձայնասկավառակներ, որին նա պաշտում էր։ Նա միշտ երաժշտություն էր լսում։ Քեռիս Անյերեում նվագախմբերից մեկի դիրիժորն էր։

Պապս իսկական հայ էր․ չափազանց զգացմունքային, կրքոտ, առատաձեռն։

Ես մորս հետ 6 տարի ապրել եմ Անյերեի նրա տանը։ Երբեմն կիրակի օրերին նա ինձ իր հետ տանում էր Ժան Գուժոնի փողոցում գտնվող հայկական եկեղեցին, որտեղ հավաքվում էին տեղի հայերը ․․․

Ճամփորդելով աշխարհով մեկ, ես ամենուրեք հանդիպում էի հայերի, գրեթե բոլոր քաղաքներում ու դրա համար էլ ինձ զգում էի ասես փոքրիկ Հայաստանում։ Ես ինձ հայ եմ զգում»,- ասել է Լեգրանը։


1951 թվականին` հոր պատվերով նա գրում է մի շարք ստեղծագործություններ: 1952-ին Լեգրանը ավարտում է բուհը, ստանալով առաջին մրցանակը՝ որպես երգահան։

1953 թվականին Լեգրանը սկսեց երաժշտություն գրել կինոյի համար։

1960-ականներից Լեգրանը դարձավ ամերիկյան և անգլիական կինոյի երաժշտության մշտական հեղինակ:

Մեղեդային յուրօրինակ շնորհը և երաժշտության ներդաշնակ հնչողությունը թույլ են տալիս Լեգրանին համեմատել այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ռավելը, Ստրավինսկին, Գերշվինը:

22 տարեկանում նա թողարկում է իր առաջին ձայնասկավառակը, որը դառնում է երբևիցե ամենաշատ վաճառված ձայնասկավառակներից մեկը: Նա աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Շառլ Ազնավուրի, Բարբրա Սթրեյզանդի և Լայզա Միննելիի հետ: Լեգրանը երգեր է գրել նաև ֆրանսիացի շանսոնյեների համար:

Հետագայում նա ղեկավարում է սեփական նվագախումբը` միաձուլելով էստրադային երանգները ջազային երգացանկի հետ: Ֆրանսիայում այդ նվագախմբի հաջող դեբյուտից հետո Լեգրանը միջազգային ճանաչում և բարձր գնահատական է ստանում ջազային երաժիշտների և քննադատների կողմից: Նա հրավիրվում է Նյու-Յորք, որտեղ որպես գործիքավորող աշխատում էր ամերիկյան ջազի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մայլս Դեվիսը, Բեն Ուեբստերը, Ջոն Կոլտրեյնը և Բիլլ Էվանսը:

Միշել Լեգրանը համարվում է ամենաբազմակողմանի զարգացած կոմպոզիտորը: Նրա ստեղծագործություններում առկա են ռեյգթայմ, բարոկկո, ֆլամենկո, ֆանկ-ռոք, սվինգ և ֆրանսիական օպերետային մեղեդիներ: Ֆրանսիական ջազային և էստրադային երաժշտության մեջ նրա ավանդն ահռելի է:

50-ականների կեսերին Լեգրանը սկսել է գրել երաժշտություն կինոյի համար։ Գրել է երաժշտություն «Յոթ մահացու մեղքեր» կատակերգության, «Եվա» դրամայի, «Ռոշֆորի աղջիկները” երաժշտական մելոդրամայի ու այլ ֆիլմերի համար։ Բայց նրան մեծ հաջողություն բերեց «Շերբուրգյան հովանոցները» ֆիլմը, որը 1964-ին է թողարկվել։ Ուշագրավ է այն փաստը, որ այդ մելոդրամայի բոլոր կանացի պարտիաները կատարել է կոմպոզիտորի քույրը՝ Ժնևան։ Այդ ֆիլմի համար գրած երաժշտության համար Միշել Լեգրանը «Օսկար» է ստացել։


Ֆիլմերի վրա աշխատանքին զուգահեռ՝ նա համագործակցել է ժամանակակից էստրադային երգիչների հետ։ Նրա հիթերը կատարել են Էդիտ Պիաֆը, Մորիս Շեվալյեն, Մայլս Դևիսը, հիմա շարունակում են կատարել Բարբարա Սթրեյզենդը, Լայզա Մինելին, ռուսական երգիչներ։

Երաժիշտը նաև նկարահանվել է կինոյում՝ մարմնավորելով 8 դեր։ Լեգրանի առաջնախաղը 1952-ին է եղել, երբ նա նկարահանվել է «Վերջին Սուրբ ծնունդը» ֆիլմում, իսկ առաջին իսկական դերը ստացել է «Կլեոն 5-7» դրամայում, կատարելով դաշնակահար Բոբի դերը։ Ֆիլմի հոյակապ երաժշտությունը դարձյալ Լեգրանն էր գրել։

Լեգրանի Le Jazz Grand ալբոմը , որը ներառում է ջազային կոմպոզիցիաներ, թողարկվել է 1978-ին, իսկ 1991-ին թողարկվել է Dingo-ն , որի համար կոմպոզիտորը «Գրեմմի» է ստացել։
2012 թվականին Միշել Լեգրանն իր 80-ամյակի առիթով ժամանում է Հայաստան, որտեղ Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես է գալիս համերգային ծրագրով։

«Հայաստանն իմ սրտի համար յուրահատուկ երկիր է: Հայ պապիկս 1942 թվականին է մահացել: 10 տարի նրա մոտ եմ ապրել: Շատ բան է պատմել Հայաստանի մասին:

Դաշնամուրի վրա ինձ ցույց էր տալիս այն ակորդները, որոնցով կարելի էր նվագակցել հայկական ժողովրդական գործիքներին: Նա մեծ, թախծոտ սեր ուներ Հայաստանի նկատմամբ:

Առաջին անգամ լինելով Հայաստանում (2009 թ.), հանդիպեցի իմ գերադաստի անդամներին, որոնց մասին չգիտեի: Հայերի հետ հավասար լացել եմ անցյալի համար:

Հայկական ֆիմեր շատ քիչ եմ դիտել: Իսկ եթե առաջարկ լինի, որ հայկական ֆիլմի համար երաժշտություն գրեմ, անպայման կգրեմ»,- իր հայաստանյան այցի ժամանակ ասել է Լեգրանը:

Լեգրանի կինը՝ Քաթրինը, նույնպես երաժիշտ է, ամուսնու  նվագախմբում նա երգեհոն է նվագում։

Միշել Լեգրանն ունի չորս զավակ։ Երկու որդիները էստրադայի հետ են կապել իրենց կյանքը՝ մեկը երաժշտություն է գրում, մյուսը՝ կատարում։ Դուստրերը սպորտն են ընտրել՝ մեկը զբաղվում է ձիասպորտով, մյուսը՝ մեքենա վարելու դասընթացներ է կազմակերպում։

Լեգրանը պասիվ հանգստի փոխարեն նախընտրում էր բազմազանությունը՝ նա ոչ միայն գրում էր երաժշտություն , նվագում բազմաթիվ գործիքներ, ղեկավարում նվագախումբ, այլև երգում էր։ Միշելն ինքը խոստովանել է, որ հանգստանալիս ինքը կարող է միաժամանակ մի քանի հաճելի գործերով զբաղվել՝ մի քանի ժամ երաժշտություն գրել ֆիլմի համար, հետո տրվել երգերին և այդպես շարունակ։

Photo: Michel Legrand oficial facebook page

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here