Շուրջ երեք տարի է, ինչ տարբեր հարթակներում բարձրաձայնվում է պետության կողմից անուշադրությունը Մուայթայ Բոքսինգի ֆեդերացիային: Խնդիրը պարզելու համար ArmeniaON-ը զրուցել է Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանի հետ:

Անյա Սարկիսովա

ArmeniaON, հունվարի 19. Մուայթայ Բոքսինգի ֆեդերացիան անհանգստացած է այն փաստով, որ ֆինանսական որևէ աջակցություն չի ստանում:

Սպորտի նախարարությունը չի կարող ֆինանսավորել բոլոր ֆեդերացիաներին: Խնդիրն այսպես մեկնաբանեց նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Նրա խոսքով, նախապատվությունը տրվում է ավելի մեծ մասսայականություն ունեցող սպորտաձևերին: Մուայթայ Բոքսինգի ֆեդերացիան էլ պատկանում է այն ֆեդերացիաների շարքին, որոնք մեծ տարածում չունեն Հայաստանում: Գաբրիել Ղազարյանի համոզմամբ, ֆեդերացիան նախ և առաջ պետք է ընդլայնի իր գործունեությունը Հայաստանի և Արցախի տարածքում:

-Միջազգային օլիմպիական կոմիտեն 2018-ին Մուայթայը ընդգրկել է ոչ օլիմպիական մարզաձևերի ցանկում: Հայաստանում այն ազգային օլիմպիական կոմիտեի կողմից գրանցվել է 2017-ին: Բայց միայն դա բավարար չէ, որ ֆեդերացիան ստանա ֆինանսավորում նախարարությունից: Մարզիկների թիվն ու Հայաստանում մարզաձևի տարածվածության մակարդակը ցածր են: Դեռ մի քանի տարի առաջ մենք առաջարկել ենք հանդիպում ֆեդերացիայի ամբողջ անձնկազմի ու մարզիկների հետ, բայց ֆեդերացիայի անդամները ոչինչ չեն ձեռնարկել, – նշում է նախարարի տեղակալը:

-Իսկ ընդհանրապես Սպորտի նախարարությունը ի՞նչ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գործող սպորտի ֆեդերացիաներին:

– Կան պետության  կողմից ֆինանսավորվող ֆեդերացիաներ, որոնք ստնում են պետական աջակցություն: Օլիմպիական և ոչ օլիմպիական երեք մարզաձև:

-Այն ֆեդերացիաները, որոնք գրանցված չեն, արդյոք չե՞ն անտեսվում նախարարության կողմից:

-Սպորտի նախարարությունը համագործակցում է բոլորի ֆեդերացիաների  հետ, լուծում է տեխնիկական, մարզադահլիճների համար տարածքների տրամադրման խնդիրները: Մենք ֆեդերացիաներին տրամադրում ենք ոչ պետական աջակցություն: 2019-ի դրությամբ նախարարության կողմից աջակցություն է ստանում 35  ֆեդերացիա:

-Արդյո՞ք Հայաստանում գործող ֆեդերացիաները  սանիտարահիգիենիկ պայմաններով, մարզիչների պրոֆեսիոնալ մակարդակով ապահովում են մարզիկների անվտանգությունը:

-Մեր խնդիրը հենց դա է: Միայն ֆիզիկական պատրաստվածությունը չի կարող լինել գրավական: Մարզաձևը նաև պետք է հոգեպես կրթի երեխաներին, պարտադիր պայման է, որ մարզիչները լինեն համապատասխան որակավորմամբ, մասնագիտկան կրթություն ստացած լինեն Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Երեխաները պարբերաբար բուժզննում անցնեն, պարապմունքների ընթացքում մարզադահլիճում ներկա լինեն բժիշկներ: Ներկայումս այդ ուղղությամբ առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների  հետ աշխատանքներ  են տարվում:

-Իսկ թե ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում 2019թ-ի ընթացքում պրն Ղազարյանը պատասխանեց.

– Նախատեսվում են ծրագրեր, որոնց միջոցով մասսայական սպորտով կսկսեն զբաղվել հասարակության տարբեր խավերի ու տաիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները: Արդեն  տարվում են աշխատանքներ մարզիչների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու համար: Մեր քաղաքականությունը հոգով ու մարմնով առողջ սերունդ դաստիարակելն է: