Մեր քաղաքը մեր դեմքն է, պատիվը: Նրան նայելիս ակամայից կարծիք է ձևավորվում քաղաքացու մասին՝ իմ և քո մասին…Մանկական երկաթուղում այս անգամ հանդիպեցինք ոչ թե մանկության մեր հուշերին, այլ աղբակույտերի, որոնք ծածկել են երկաթուղու գեղեցկությունն ու այստեղ իր մանկությունն ապրած ցանկացած քաղաքացու ջերմ ու բարի հուշերը:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, փետրվարի 12. Հրազդանի կիրճ, մանկական երկաթուղի, վայր, որտեղ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ եղել է և ունի հուշեր: Թեպետ ձմեռ է, բայց այստեղ տիրում է աշնանային մթնոլորտ: Բոլորովին նշանակություն չունի, որ ցուրտ է: Կան մարդիկ, ովքեր ամեն օր այստեղ են՝ մարզվում են, սրճում, խաղում, կամ էլ զբոսնում: Ի՞նչ մանկական երկաթուղի առանց մանուկների: Այո, նրանք նույնպես այստեղ են: Չնայած երկաթուղին անշարժ կանգնած է, միևնույն է, փոքրինկերը գալիս են, նստում, խաղում, լուսանկարվում և շատ լավ ժամանակ անցկացնում:

Լուսանկարը՝ Արփինե Աբաջյանցի

Ցավոք, գեղեցիկ տեսարանից ու ջերմ մթնոլորտից բացի, այստեղ տեսնում ենք մի տեսարան, որն իսկապես մտահոգիչ է այն քաղաքացիների համար, ովքեր անհանգստացած են քաղաքի մաքրությամբ: Ամեն քայլին ականատես ենք լինում աղբակույտերի, որոնք ծածկում են այգու գեղեցկությունը, հակահիգիենիկ են և՛ երեխաների, և՛ այստեղ այցելող մեծահասակների համար:

Երկաթուղում գտնվելու և աշխատելու ընթացքում մենք զրուցեցինք մի քանի քաղաքացիների հետ, ովքեր այգու դրական հատկանիշները նշելիս չմոռացան նաև շեշտել աղբակույտերի փաստը: Հանդիպեցինք նաև քույր ու եղբոր, ովքեր 6 տարի դադարից հետո եկել են այգի զբոսնելու: Հաճա՞խ են այցելում այգի և ի՞նչն է դուր գալիս նրանց այստեղ:

Լուսանկարը՝ Վազգեն Եթումյանի

Պարզեցինք՝ շատ վաղուց չեն եկել և այսքան տարվա դադարից հետո կարոտել են իրենց մանկական հուշերը: Եղբայրը նշեց, որ քույրն ապրում է Հայաստանից դուրս, հյուր է եկել և որոշել են վերհիշել իրենց անցկացրած հաճելի օրերը: Իսկ ի՞նչ է փոխվել այգում, պատասխանեցին.

– Ոչինչ չի փոխվել, ամեն բան նույնն է:

Գրեթե բոլոր այցելուների համար երկաթուղին նույն նշանակությունն ունի՝ այն հուշերի այգի է: Մենք մոտեցանք զբոսնող մյուս զույգին: Առանձնապես խոսել չկամեցան, սակայն մեզ հաջողվեց գոնե պարզել հաճա՞խ են այցելում մանկական երկաթուղի, ի՞նչն է գրավում նրանց այգում և ինչը՝ ոչ:

-Առաջին անգամ ենք այստեղ, այսօր զուգընկերուհուս հետ որոշել ենք մենակ մնալ, զբոսնել ու հանգստանալ առօրյայից: Այստեղ բավականին աղտոտ է, որ մի փոքր մաքրեն ու գեղեցկացնեն շատ ավելի հաճելի կլինի:

Լուսանկարը՝ Մերի Բադալյանի

Այգում զբոսնում էր նաև մի երիտասարդ, ով, ինչպես պարզվեց, ընտանիքի հետ Ադրբեջանից արտագաղթել էր Ռուսաստան Սումգայիթի ջարդերի ժամանակ: Սամվելն առաջին անգամ է այցելում Հայաստան և շատ հիացած է: Մեծ ցանկություն ունի ընտանիքի հետ տեղափոխվել և հաստատվել հայրենիքում: Նա խոսեց երկաթուղու, քաղաքի գեղեցկության, աղբակույտերի առատության, դրանց հետևանքով առաջացած անհարմարությունների և տհաճության մասին:

– Բարև ձեզ, առաջին անգա՞մ եք գտնվում մանկական երկաթուղում:

– Այո, առաջին անգամ է: Շատ տպավորված եմ իմ հայրենիքով, սակայն սրտի ցավով եմ նայում քաղաքի աղբին:

-Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան:

– Իմ ընկերներից մեկը լուսանկարիչ է: Նա միշտ գալիս է Հայաստան և շատ գեղեցիկ լուսանկարներ անում: Ես նրա աշխատանքները նայելիս կարծես սիրահարվեցի հայրենիքիս և որոշեցի ինքս այցելել: Շատ հիացած եմ, հուսով եմ կգա մի օր, երբ ընտանիքիս հետ կհաստատվենք այստեղ, կապրենք մեր հայրենի հողում:

Լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

Մեր մտերմիկ զրույցից պարզ դարձավ, որ վերոնշյալ անհարմարություններն անգամ ի զորու չեն պակասեցնել սերը հայրենիքի հանդեպ: Բայց ակնհայտ էր մեր հերոսի սրտացավությունը:

Այո, գեղեցիկ է Երևանը, մեր քաղաքն ու տունը: Ցավոք, ոչ բոլոր քաղաքացիներն են դա հասկանում՝ անխնա աղտոտելով այն:

Լուսանկարը՝ Մերի Բադալյանի

Մայրաքաղաքը մեր դեմքն է, պատիվը: Քաղաքին նայելիս հասկանալի է դառնում այնտեղ բնակվող քաղաքացու տեսակն ու էությունը: