Նկարչուհի Սյուզի Սարգսյանն ArmeniaON-ի հետ զրույցում պատմեց անցած ուղու, իր կյանքում նկարչական արվեստի զբաղեցրած կարևոր դերի մասին, ապա ցուցադրելով իր ստեղծագործությունները՝ մեկնաբանեց դրանք:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ 

ArmeniaON, փետրվարի 16. Նա մանուկ հասակից զբաղվում է նկարչությամբ: Թեպետ իրեն չի համարում պրոֆեսիոնալ, սակայն ունի այնպիսի լուրջ աշխատանքներ, որոնց նայելիս դժվար է չզարմանալ: Սկսել է նկարել դեռևս 10 տարեկանից, այնուհետև  ընդունվել է Հենրիկ Իգիթյանի անվան նկարչական քոլեջ, որտեղ սովորել է 4 տարի:

14 տարեկանում  դուրս եկա քոլեջից, քանի որ արդեն  մեզ տեղափոխեցին մեծահասակների խումբ: Այդ նոր խմբում ես կարոտում էի իմ ուսուցիչներին: Նոր  ուսուցիչները նույն սրտացավությամբ ու պատասխանատվությամբ չէին մոտենում դասընթացին: Բացի այդ նոր խումբն ինձ դուր չեկավ:  Այդ պատճառով ես փորձեցի ինքս ինձ վրա աշխատելով զարգանալ այս բնագավառում,- նշում է Սյուզին:

Նա ստեղծագործում է տարբեր ոճերում: Ավելի շատ գերադասում է նատյուրմորտներ, ապստրակտներ և դիմանակարներ: Իր խոսքով սրանք այն ոճերն են, որոնք ամենալավն են ստացվում:

– Մանրանկարչությունը ևս հոգեհարազատ է, սակայն ինձ համար չէ:  Չեմ սիրում այնպիսի գործեր նկարել, որոնք շատ երկար ժամանակ են պահանջում: Ես մի փոքր անհամբեր մարդ եմ  (ծիծաղում է):

Նկարչուհին պատմում է, որ իր կյանքում եկավ մի պահ, երբ դադարեց նկարել: Պատճառ չկար, պարզապես այդպես ստացվեց: Հեռացավ իր համար այդքան կարևոր նշանակություն ունեցող  գործից: Մտածելով, որ նկարել առաջվա պես այլևս չի ստացվի, իր ուժերը որոշեց փորձել այլ բնագավառում:

2010 թ-ին, ընդունվելով Աշոտ Բլեյանի անվան կրթահամալիր, ընտրեց լուսանկարչության և վիդեոմոնտաժի ոլորտը: Մասնակցելով տարբեր միջոցառումների, կամաց-կամաց անցում կատարեց փոքրիկ հեղինակային ֆիլմերի նկարահանմանը: Նրա աշխատանքները ցուցադրվել են կրթահամալիրի շրջանակներում իրականացվող «Ժանգոտ դդում» մրցույթի ժամանակ: Այստեղ Սյուզին արժանացել է մրցանակի և դրամական պարգևի: Կրթահամալիրում սովորելու ընթացքում հաճախ նրանք լուսանկարում էին քոլեջում սովորող տարբեր ուսանողների, նկարիչների:

Հերթական աշխատանքների ժամանակ բարձր խմբի նկարիչ-ուսանողներց մեկն իմանալով, որ Սյուզին ժամանակին զբաղվել է նկարչությամբ, տեսնելով նրա աշխատանքները հորդորել է անպայման զբաղվել սիրելի գործով:

– Մինչ օրս հիշում եմ նրա բարկությամբ լցված հայացքը: Հավատացեք, որ նա կարողացավ մեծ ազդեցություն ունենալ ինձ վրա, որ  կրկին վերսկսեմ սիրելի գործս:  Շնորհակալ եմ նրան (ժպտում է):

Սյուզի Սարգսյանը ծնվել է 1993 թ-ին՝ Ջերմուկ քաղաքում: Նկարչուհին իր տաղանդը հավանաբար ժառանգել է պապիկից, ով ևս նկարիչ էր: Այժմ նա զբաղվում է սիրելի գործով՝ արդեն բավական երկար ժամանակ:

– Նկարչությունն իմ հոբբին է, սակայն դա չի նշանակում, որ ես անլուրջ եմ մոտենում գործիս: Ազատ ժամանակս նվիրում եմ արվեստին: Վերջերս հիմնականում դիմանկարների վրա եմ աշխատում: Սիրում եմ նկարչությունը, այն ինձ օգնում է կտրվել աշխարհից և առանձնանալ իմ սեփական աշխարհում: Այնտեղ ամեն բան ուրիշ է, այնտեղ ես ազատ եմ թռչնի պես, քանի որ ես եմ ստեղծողը, արարողը: