Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի ներկայացման մեջ լուրջ երգիչների հետ միասին գերմաներեն լեզվով կերգեն նաև դեռահաս աղջիկներ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցիկ խաղով ու ձայնային տվյալներով: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա Մոցարտի «Կախարդական սրինգ»-ի երևանյան պրեմիերան:   

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, փետրվարի 23.  Պարզվում է դեռահասների շրջապատում ևս կան դասական երաժշտությամբ հետաքրքրվողներ: Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի շատ գեղեցիկ բեմադրված ներկայացմանը լուրջ օպերային երգիչների հետ միասին մասնակցում են նաև 13-16 տարեկան օպերային երգչուհիներ:

Լուսանկարը՝ Ռոզի Սարգսյանի

Աղջիկների հոյակապ ձայնային տվյալները և գերմաներեն վարժ երգելու ընդունակությունը պարզապես զարմացնում են:

Օպերային թատրոնի դահլիճում կայացավ ներկայացման գլխավոր փորձը: Մեզ շատ գրավեց փոքրիկ երգչուհիների թե՛ ձայնը, թե՛ խաղը:

Լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

Նրանք 3 ընկերուհիներ են՝ Ժաննան, Միշելը և Աստղիկը: Ըստ աղջիկների բոլորովին բարդ չէ երգել գերմաներեն լեզվով:

– Գերմաներեն չենք հասկանում, բայց օպերան հասկանում ենք, գիտենք ինչի մասին է և ինչ ենք երգում: Դժվար չի եղել սովորել, քանի որ մեզ  օգնել են: Շատ հետաքրքիր է անցնում, լավ է, որ այս տարիքից արդեն շփվում ենք բարձր մակարդակի մարդկանց հետ:

լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

Աղջիկները խորհուրդ են տալիս լսել որակյալ երաժշտություն: Այդ հնարավորությունն ընձեռում է նաև ներկայացումը: Իր ձայնային հզոր տվյալներով աչքի ընկավ Լիպարիտ Ավետիսյանը, ով ներկայացման վառ ներկայացուցիչներից մեկն է:

Լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

2013 թ-ից նա աշխատում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ  վերջին 3 տարիներին ծավալում է միջազգային գործունեություն՝ ողջ աշխարհին ներկայացնելով հայկական մշակույթն ու թատրոնը:

– Մյուս ներկայացումներից այս մեկը տարբերվում  է նոր հույզերով,  քանի որ նոր դեր է:  Բնականաբար, կան նոր էմոցիաներ, նոր մոտեցում:  Ընդհանուր առմամբ նույն զգացողություններն ունեմ, ինչ մյուսների ժամանակ, նույն մեր սիրելի աշխատանքն է, – նշում է երգիչը:

Լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

Օպերային թատրոնի մեներգչուհի Ալինա Փահլեվանյանը պատմեց, որ այս օպերան շատ է սիրում, այն կարծես հեքիաթ լինի: Հաճելի է, որ բեմադրությունը կգրավի նաև երեխաներին, քանի որ այն ժամանակակից է, 3D պրոյեկցիաներով: Այդպիսի բեմադրություններն այժմ բավական հարգված են: Երգչուհին տիրապետում է գերմաներենին և չի հանդիպել լեզվի հետ կապված դժվարության:

Լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

Հիշեցնենք, որ ներկայացման Հայաստանյան պրեմիերան կկայանա փետրվարի 25-ին:

Տեսանյութը՝ Գագիկ Շահինյանի