2018 թ-ի ապրիլին բժշկական փորձաքննություն անցած 3-րդ կարգի բոլոր  հաշմանդամներին զրկեցին կարգից: Նրանց թվում  էր նաև այսօրվա մեր հերոսը:  ArtmeniaON-ի հետ զրույցում  նա պատմեց հաշմանդամներից շատերին հուզող հարցերի մի շարք մանրամասներ:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, փետրվարի 26.  Հաշմանդամության  3-րդ կարգից զրկելու պատճառն այն է, որ նրանք  պարզ չէ, թե ինչու՞ այլևս հաշմանդամ չեն համարվում:  Հիվանդներն, ովքեր տարիներ շարունակ ստացել են թոշակ և անվճար օգտվել բժշկական ծառայություններից, այսօր կանգնել են փաստի առաջ: Ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում օգտվել հիվանդանոցում ամեն տարի իրենց հատկացվող անվճար բուժօգնությունից: Այդ մասին ավելի մանրամասն մեզ պատմեց մեր հերոսը, ով չցանկացավ բարձրաձայնել իր անունը: Արդեն 8 տարի է, ինչ հիվանդ է շաքարային դիաբետի առաջին տեսակով:

Դա ինսուլինակախյալ դիաբետն է: Այդ դեպքում հիվանդն անպայման ամեն օր պետք է ստանա ինսուլին, հակառակ դեպքում կարող է ընկնել հիպերգլիկեմիկ կոմայի մեջ (շաքարն այնքան է բարձրանում, որ կոմա է առաջացնում) :  2018 -ի ապրիլին անցա իմ  7-րդ բժշկական փորձաքննությունը, որտեղ ինձ մերժեցին:  8-րդը լինելու էր վերջինը, որից հետո իմ կարգը համարվելու էր մշտական:  Ցավոք, զրկվեցի կարգից  ու այժմ պետք է պառկեմ հիվանդանոց  հերթական բուժումներս ստանալու նպատակով, բայց չեմ կարողանում: Դրա համար բավական մեծ գումար է անհրաժեշտ՝ մոտ  320.000 դրամ:

Մերժվելուց հետո նա տեղամասային սոցապ ծառայություն բողոք է ներկայացրել, ապա ևս մեկ անգամ վերանայել են իր փաստաթղթերը և կրկին մերժել: Ըստ փորձագետների հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողը կարող է տարին 1 անգամ պառկել հիվանդանոց և ստանալ իրեն հասանելիք անվճար բուժօգնությունը:

– Ինֆորմացիան ճշտելու նպատակով տարբեր բուժհաստատություններից սկսեցի տեղեկություն հավաքել այն մասին, արդյո՞ք կարող եմ անվճար բուժում ստանալ, եթե արդեն կարգ չունեմ: Ինձ պատասխանեցին, որ  իմ պարագայում դա  անհնար է: Բացի այդ  320.000 դրամ վճարելու դեպքում, միևնույն է,  բուժմանս դեղորայքը հիվանդանոցը չի տրամադրելու, պետք է գնեմ ինքս: Որոշ ժամանակ անց ինքնազգացողությունս սկսեց վատանալ, դիմեցի Առողջապահության նախարարություն: Ինձ ասացին, որ դիաբետը հիվանդություն չի համարվում և կարգ վերականգնելն անհնար է, քանի որ հիմա օրենքն ավելի խիստ է:

Նախորդ 6 տարիներին  այցելել է Արմենիա բժշկական կենտրոն:  Հիվանդության առաջին տարում բուժումը ստացել է վճարովի, քանի որ այդ ժամանակ դեռ կարգ չուներ: Դժգոհում է բուժանձնակազմի աշխատանքից: Երբ առաջին անգամ իրեն կոմայի մեջ տարել են հիվանդանոց, մինչև ծնողները չեն վճարել, բժիշկները բուժում չեն սկսել:

– 2011 թ-ին, երբ անսպասելի առողջական վիճակս վատացավ, ինձ տեղափոխեցին Արմենիա ԲԿ:  Հայտնաբերվեց  դիաբետի առաջին տեսակը: Կյանքս մազից էր կախված, հիպերգլիկեմիկ կոմայի մեջ ինձ հասցրել են հիվանդանոց: Այնտեղ մտնելու առաջին իսկ պահից գումար են պահանջել, որ սկսեն կյանքս փրկելու աշխատանքներ իրականացնել: Հաջորդ տարիներին բուժումս ստացել եմ անվճար, քանի որ արդեն կարգ  ունեի: Իսկ հիմա դա խնդիր է, կարգից զրկել են, ամեն հիվանդ չէ, որ կարող է տարվա մեջ մեկ կամ երկու անգամ  320.000  դրամ վճարել հիվանդանոցին ու բուժում ստանալ, այն էլ ինչ բուժում՝ անորակ: Վերջին փորձաքննության ժամանակ հարցրեցի փորձագետներից  մեկին՝ մի՞թե պարտադիր պետք է կույր լինեմ, կամ ոտքերիցս մեկը չլինի, որ կարգ  տաք:  Նա անամոթաբար պատասխանեց՝ այո…

Իսկապես անելանելի վիճակ է, քանի որ եթե հիվանդն  ունի ֆինանսական խնդիր,  իսկ կարգից զրկվել է, ապա չի կարող ստանալ  բժշկական օգնություն:  Դրան էլ հաջորդում են առողջական վիճակի վատթարացումն ու հոգեբանական տարատեսակ խնդիրների առաջացումը:

Լուսանկարները՝ Globnews.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here