Մարդու երևակայությունը սահմաններ չունի: Ձեռագործ յուրաքանչյուր մատնոց ասես մի գլուխգործոց լինի: Նույնը կարելի է ասել տնտեսագետ Ռուզաննա Անդրեասյանի մատնոցների հավաքածուի մասին, որն անկրկնելի է իր տեսակի մեջ:

ԱՐՓԻՆԵ ԱԲԱՋՅԱՆՑ

ArmeniON,մարտի1. Մարդկությանը հայտնի առաջին ասեղներն ու մատնոցները հայտնաբերվել են  2000 տարի առաջ Չինաստանում և Եգիպտոսում: Առաջին մատնոցները պատրաստված են եղել քարից, կավից, կաշվից, ոսկուց, արծաթից, փղոսկրից և ֆոսֆորից: Այդ ժամանակից ի վեր դրանք չեն կորցրել իրենց կիրառական նշանակությունը:

 Տիկին Անդրեասյան, ե՞րբ որոշեցիք մատնոցներ հավաքել և ինչո՞ւ հատկապես մատնոց:

 – Մատնոցների հավաքածու որոշել եմ ունենալ 3 տարի առաջ, երբ մայրիկիս մատնոցը փոխանցվեց ինձ: Մայրս այն օգտագործել է ցուրտ ու մութ տարիներին` իր սուրբ մատներով մեզ համար կար ու ձև անելով: Այնուհետև տարբեր շրջագայություններից ինձ համար բերում էի խորհրդանշական հուշանվեր-մատնոցներ, և ժամանակ առ ժամանակ դրանց միջոցով մտովի ճամփորդում էի` վերհիշելով տեսարժան վայրերը:

Ասես ողջ աշխարհն ընդգրկված լինի Ձեր հավաքածուում. ո՞ր մատնոցն եք համարում առավել նախընտրելի:

 – Ինձ համար բոլորն էլ արժեքավոր են, քանի որ յուրաքանչյուրն իր ասելիքն ու ժամանակաշրջանն ունի` սկսած 14-րդ դարից մինչև մեր օրերը: Այստեղ կողք-կողքի, նույն հարթության վրա են գտնվում տարբեր երկրների ղեկավարները, ֆիլմերի և մուլտֆիլմերի հերոսները, տերն ու ծառան, ընտանի և վայրի կենդանիները, թռչուններն ու միջատները…Նրանք բոլորն էլ համերաշխ են ու բարի:

Նախորդ տարի Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց Ձեր մատնոցների անհատական ցուցահանդեսը` «Ծանոթ-անծանոթ աշխարհ» խորագրով: Արդյո՞ք հաջողվեց հանրության լայն շերտերին ներկայացնել մատնոցների այդ յուրահատուկ աշխարհը:

 – Նախ հաճելիորեն զարմացա, որ իմ աշխարհը հետաքրքրեց շատերին: Մարդիկ գալիս էին, դիտում, հարցեր տալիս, լուսանկարում: Ես կարողացա հասնել իմ նպատակակետին:

Ինձ հաջողվեց փոքրիկ, գրեթե մոռացության փոշեծածկույթի տակ մնացած կենցաղային թվացող իրը վեր հանել, բարձրացնել, դարձնել ուշադրության, հիացմունքի առարկա՝ մատնոցների միջոցով ներկայացնել տարբեր երկրների մշակութային արժեքները:

Օրեցօր մեծանում է Ձեր հավաքածուն, և այսօր հատել է 2000-ի սահմանագիծը: Ի՞նչ ճանապարհով եք ձեռք բերում այդքան բազմազան ու հազվագյուտ նմուշներ:

 – Ոչ մի նվեր ինձ այնքան չի ուրախացնում, որքան մատնոց ստանալը: Իմ մտերիմները ճամփորդելիս ինձ չեն մոռանում և իմ հավաքածուն համալրվում է նորերով: Երբեմն էլ պատվիրում եմ տարբեր երկրներից:

Ի՞նչ եք կարծում, Ձեզ նման կոլեկցիոներներ շա՞տ կան աշխարհում:

 – Տարեցտարի մատնոցների հանդեպ հետաքրքրասիրությունը մեծանում է, բնականաբար, ավելանում են թե՛ արտադրողները, թե՛ հավաքողները: Սա մի առանձին գիտություն է, որը կոչվում է «Դիդժուբուտալիզմ»: Ի դեպ, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և այլուր կան մատնոցների թանգարաններ:

Հնարավո՞ր է՝ Դուք էլ Հայաստանում բացեք նման մի թանգարան:

 – Դեռ մտածում եմ… Ժամանակը ցույց կտա: Շատ հաճախ ցանկություններն իրականանում են: Հուսանք, որ մի օր էլ իմ մատնոցների թանգարանն իր հյուրընկալ դռները կբացի աշխարհի առջև:

Լուսանկարները՝ Էդգար Ղազարյանի

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here