Ռեժիսոր Հայկ Մկրտչյանի ‹‹Մաեստրո Մանսուրյան›› փաստավավերագրական ֆիլմի շրջանակում ‹‹Արմենպրես›› լրատվական գործակալությունը հյուրընկալել էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին, ռեժիսոր Հայկ Մկրտչյանին, պրոդյուսեր Հայկ Օրդյանին և ‹‹Մշար›› մշակութային կենտրոնի նախագահ Ալինա Օրդյանին:

ԱՍՏՂԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ArmeniaOn, մարտի 4. ‹‹Մաեստրո Մանսուրյան›› փաստավավերագրական ֆիլմը նվիրվում է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Մարտի 5-ին, ժամը 19:00-ին ‹‹Մոսկվա››  կինոթատրոնում տեղի կունենա  կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի ‹‹Մաեստրո Մանսուրյան›› փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:

-Ֆիլմի նկարահանումը տևել է հինգ տարի. նկարահանումներ են իրականացվել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս,- նշեց ֆիլմի ռեժիսորը:

Նշվեց, որ թիմային աշխատանքի արդայունքում՝ հանդիսատեսը բացահայտելու է ոչ միայն կոմպոզիոր Տիգրան Մանսուրյանին, այլև Մեծ մտավորականի ու հրաշալի մարդու ամբողջական կերպարը:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը շնորհավորեց մաեստրոյին 80-ամյա հոբելյանի առթիվ և ընդգծեք, որ  Տիգրան Մանսուրյանի կյանքին, մտքերին, գործերին նվիրված փաստավավերագրական ֆիլմը պակաս արժեքավոր չէ, քան մաեստրոյի ստեղծագործությունները:

Պրոդյուսեր Հայկ Օրդյանն անդրադարձավ ֆիլմի ստեղծման գործընթացին և հիմնական շեշտադրմանը: 52 րոպե տևողությամբ ֆիլմում տեղ են գտել աշխարհի բազմաթիվ հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են ՝թավջութակահար Յան Ֆոգլերը, ալտահար Պատրիցիա Կոպաչինսկայան, թավջութակահարուհի Անյա Լեխները, դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը,որոնք աշխատել ու աշխատում են մաեստրոյի հետ:

Մաեստրո Մանսուրյանն էլ իր հերթին կարևորելով ֆիլմի ստեղծագործական թիմի աշխատանքը, նշեց.

– Հատկապես ժամանակային առումով  ծայրահեղ դժվար է եղել այդ  երաժիշտներին  մի տեղում տեսնել, խոսել և նկարահանել, քանի որ այդ երաժիշտները անվերջ ճամփորդում են: Բայց այս թիմի միջազգային կապերի տիրապետման արդյունքում մենք խնդիրներ չունեցանք: Այս ֆիլմը իրապես ես եմ:

‹‹ՄՇԱՐ›› մշակութային կենտրոնի նախագահ և ‹‹Մաեստրո Մանսուրյան›› ֆիլմի սցենարի հեղինակ Ալինա Օրդյանն էլ ավելացրեց, որ մեծ պատասխանատվությամբ և նվիրումով են մոտեցել այս ֆիլմի արտադրական գործընթացին: Եվ մեծ պատիվ է համարում, որ հենց ‹‹Մաեստրո Մանսուրյան›› ֆիլմը դարձավ ‹‹ՄՇԱՐ››-ի մեկնարկային աշխատանքը:

  Անդրադարձ եղավ նաև հետագա անելիքներին, առաջիկայում ստեղծագործական խումբը նոր նախագծով հանդես կգա, որը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շահինյանի