Ինչպիսի՞ն է կարմրուկի և պատվաստումներով կանխարգելվող այլ հիվանդությունների հետ կապված իրավիճակն աշխարհում: Որքանո՞վ կարող են վերջին շրջանում կարմրուկի երկու ներկրված դեպքերն անդրադառնալ մեր հանրապետության վրա: Խնդիրը պարզաբանել է Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մարտի 11.  Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան 4 տասնյակ մահվան դեպք է գրանցվել: Հայաստանում չկան կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, սակայն գրանցվում են բերովի դեպքեր: Եվրոպական մի շարք երկրներ, որտեղ կարմրուկը վերացել էր, կրկին տագնապի մեջ են, քանի որ այստեղ սկսում են կարմրուկի բռնկումներ։ 2019 թ. Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք: Առաջինն արձանագրվել է փետրվարի 24-ին Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ: Երկրորդը՝ Վրաստանից ժամանած 28 տարեկան աղջկա մոտ: Երկուսն էլ ուշ են դիմել բժշկի, այդ ընթացքում շփվել բազմաթիվ մարդկանց հետ: Առողջապահության նախարարությունը կանխատեսում է հիվանդության հնարավոր տարածում: Իրականացվում են միջոցառումներ այն կանխարգելելու նպատակով:

Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը նշում է, որ վերջին 2-3 տարվա ընթացքում այն երկրները, որոնք հայտարարել էին կարմրուկի վերացման մասին, կրկին տագնապի մեջ են, քանի որ նկատվում են բռնկումներ։ ԱՄՆ-ում  ևս վերջին 20 տարում կարմրուկի դեպք չէր գրանցվել: Աշխարհի մոտ 98 երկրում իրավիճակն այս առումով հուսադրող չէ։

լուսանկարը՝ Գագիկ Շահինյանի

– Վրաստանում վիճակը ևս տագնապալի է այս առումով: Մենք 30.000 դեղաչափ պատվաստանյութ ենք փոխանցել Վրաստանին՝ մայիսին հետ վերադարձնելու պայմանավորվածությամբ: Նրանք Հայաստանից օգնություն խնդրեցին։ Պատվաստանյութի անբավարար քանակության խնդիր կա։ Մենք հարևան պետություններ ենք, մեկս մյուսին օգնում ենք, երբ լինում է անհրաժեշտություն: Վերջին հաշվով Վրաստանում եթե վիճակը սրվի, դա կազդի նաև Հայաստանի վրա,-նշոմ է Գայանե Սահակյանը:

Ուկրաինա, Ֆիլիպիններ, Վենեսուելա, Ֆրանսիա, Մադագասկար, Սուդան, Թայլանդ, Սերբիա՝ սրանք այն երկրներն են, որտեղ վաղուց կարմրուկի դեպք չէր գրանցվել: 2017 թ.-ի համեմատ 2018-ին բավականին մեծ հիվանդացության դեպքեր եղան։ Համաճարակի պարագայում պատվաստումը միակ միջոցն է, որն անհրաժեշտ է կիրառել:

ArmeniaOn-ի հարցին, արդյո՞ք պատվաստումը երաշխավորում է, որ պատվաստված անձը վարակվելու դեպքում չի մահանա, չէ՞ որ վերջերս Ուկրաինայում կարմրուկից զոհերի մեծ մասը եղել են պատվաստված, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց.

– Ապացուցված է, որ կարմրուկի 1 դեղաչափը երբեք մահվան չի հասցնի, եկեք հիմք չընդունենք Ուկրաինայի դեպքը: Հնարավոր է եղել են կեղծ գրանցումներ, կամ  դա անբարենպաստ պայմաններում պահպանված դեղորայքով պատվաստման հետևանք է:

Հանրապեըությունում չեն գրանցվում նաև պատվաստումներով կանխարգելվող մի շարք այլ հիվանդություններ՝ պոլիոմելիտը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի հաշմանդամության պատճառ էր դառնում: Վերջին տասնամյակում մեզ մոտ չեն գրանցվել նաև դիֆթերիայի, փայտացման դեպքեր, իսկ կապույտ հազն ու խոզուկն արձանագրվում են եզակի դեպքերի տեսքով:

Գայանե Սահակյանի խոսքով, վերջին 5 տարվա ընթացքում պատվաստումներից հրաժարվողների աճի միտում կա: Ծնողների հրաժարումը երեխաներին պատվաստել նեղ մասնագետների շրջանում (վիրաբույժ, ատամնաբույժ) և սոցիալական կայքերում ապատեղեկատվություն տարածելու հետևանք է:

Մասնագետը նաև տեղեկացրեց, որ Հնդկաստանից Հայաստան ժամանող օտարերկրացիներին ևս պատվաստում են դիֆթերիայից ու նմանատիպ այլ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով:

 

 

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here