«Այս կաֆեները ստանում են գերշահույթ, որևէ մեկը խնդիր չունի ընտանիք պահելու»: Այս մասին այսօր հայտարարել է «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

ArmeniaON, մարտի 14. Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցում քաղաքապետարանը չի զիջելու:

 «Մենք հեղափոխությունից մի քանի ամիս հետո փորձում ենք կառուցել իրավական երկիր, և այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը»:

Վիկտոր Մնացականյանն այսօր Օպերայի տարածքում առավոտից հետևում էր սրճարանների ապամոնմտաժման աշխատանքներին:

«Մենք  մեկ ամիս առաջ ծանուցել ենք, վարչությունների պետերը զրուցել են բիզնեսների ներկայացուցիչների հետ, նրանք պատշաճ ծանուցված են»,- այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

Լուսանկարը՝ armenpress -ի
Լուսանկարը՝ armenpress -ի

Թաղապետը չի կարծում, որ այս սրճարանատերերը տարածքում բիզնես-գործունեությամբ սոցիալական խնդիր են լուծում: Նա համոզված է, որ  գերշահույթ են ստանում, հետևաբար սպասելու կամ ժամանակ տալու պատճառ չի տեսնում:

«Որևէ մեկը խնդիր չունի ընտանիք պահելու, ընդհակառակը, մենք սիրահոժար համաձայնել ենք տրամադրել աղեղնաձև զբոսայգու աջ կողմը, որտեղ կշարունակեն իրենց գործունեությունը: Մենք հաստատակամ ենք, ուզում ենք վերականգնել օրինականությունն ու կանաչապատ հատվածը»:

Վիկտոր Մնացականյանը վստահեցնում է, որ սրճարանների աշխատակիցներն անգործ չեն մնա, այլ սրճարանատերեր պատրաստ են նրանց աշխատանքի ընդունել: Այդ աշխատակիցների թիվը, ըստ Մնացականյանի, ոչ թե 300 է, ինչպես սրճարանատերերն են ներկայացնում, այլ՝ 12:

«Մենք սկսում ենք ապամոնտաժումը, միակ խնդիրը քաղաքացիների անվտանգության հարցն է»:  

meganews.am

Լուսանկարները՝ Hetq.am, Lragir.am, armenpress