Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին հայտնել է պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել:

ArmeniaON, մարտի 25. Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Այսուհանդերձ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Մանվել Գրիգորյանին հիվանդանոց տեղափոխելու պատճառը առողջության վատթարացումը չէ:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով համապատասխան տեղեկատվություն մինչև ապրիլի 3-ը:

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: