2016 թվականի ապրիլի 1-ին Վարդանը հերթական անգամ երդում տվեց ու բարձրացավ դիրքեր: Նա չէր էլ մտածում, որ մի քանի ժամ անց սկսվելու էր ապրիլյան քառօրյա պատերազմը:

ԷԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, մարտի 28. Կոշի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Պետական Համալսարան: Մեկ տարի սովորելուց հետո Վարդանը զորակոչվելու էր բանակ:

«Պատերազմից հետո ես ոնց որ ես չլինեմ…»,- ասում է: 

Բոլորի նման մեծ սպասումներով դիմեց համալսարան, հետագայում լավ աշխատանք ունենալու ակնկալիքով: Լավ գիտակցում էր, որ այս ամենին երկու տարի պիտի սպասի: Բանակային կյանքին հարմարվեց արագ: Համոզված է՝ բանակը կոփեց ֆիզիկականը, հասունացրեց միտքը: Վարդանը ծառայել է Մատաղիսում ՝ հակատանկային վաշտում:

«Դե ապրիլի 1-ը սովորական օր էր, բարձրացանք դիրքեր: Գիշերը 2-ի կողմերը սկսվեց, դե արդեն օրը փոխվել էր: Սկզբում ռմբակոծում էին Թալիշը, ժամը 3-ի կողմերն արդեն՝ Մատաղիսը»:

Պատմում է ու ձեռքում անընդհատ պտտում կրակայրիչը:

«Դե դիրքերն իրար հետ կապ ունեն, զանգում էին` էս դիրքը գրավեցին, էս մարդն էլ չկա…ու չգիտեմ էլ ինչ… էտ ահավոր էր»:

Հառաչանքով է հիշում ապրիլյան օրերն ու շատ մանրամասներ դժվարությամբ պատմում: Ինքն էլ չի հավատում, որ երեք տարի պատերազմից անցել է:

«Թշնամին մի քանի տանկ ոչնչացրել էր ու նրանք, ովքեր ողջ էին մնացել, խանգարվել էին:

Ինպես Վարդանն ինքն է ասում, ապրիլի 2-ին նորից է ծնվել: Երբ իրենց դիրքերում հենց իր կողքին արկ պայթեց, հասկացավ, որ դժոխք ասվածը հենց դա է:

«Արկը տրաքեց ու էդ ալիքն ինձ ներս շպրտեց: Սաղ վրես ապակի էր, տղերքն էլ, ես էլ մտածում էինք` արկի բեկորներն են ու էտ վերջն ա, բայց բախտներս բերեց»:

Պատերազմի օրերին շատ դեպքեր են եղել, հիմա քիչ բան է հիշում: Վստահեցնում է, որ ամեն անգամ դիրք բարձրանալիս չի էլ մտածել մահվան կամ վախի մասին: Ապրիլյան օրերին մտքում միայն զինակիցներն էին: Նրանց կյանքը պետք էր փրկել նույնիսկ սեփական կյանքի գնով:

«Իսկականից կային տղերք, որ չէին շփվում, բայց էդ օրերին սաղ խոսում էին ու լավ գիտեին, որ դիմացինն ամեն պահի կարա փրկի իրա կյանքը»:

Կռվող տղաների մարտական ոգին բարձրացնելու եկան կամավորական ջոկատները: Երիտասարդների կողքին կանգնեցին ավելի փորձառուները, ովքեր մասնակցել էին Արցախյան շարժմանը: Կամավորական ջոկատում ութսունն անց պապիկ կար: Նրա հետ զրույցը Վարդանը երբեք չի մոռանա: Մի պայուսակ կար, որ այդ օրերին միշտ պապի հետ էր:

«Իրանց բերող ավտոբուսը թշնամու անօդաչու սարքը ոչնչացրել էր ու իրա ընկերն էլ մեջն էր»:

Ամեն անգամ պատերազմից խոսելիս վերապրում է անցածն ու գնահատում կյանքը: Վստահ է ՝ իր բոլոր ընկերները հերոսներ են, ովքեր մթության մեջ շոշափելով փամփուշտ էին գտնում ու նորից կրակում: Դիրքեր են եղել, որտեղ կռվել են տասը հոգով թշնամու հիսունի դիմաց, բայց դիրք չեն հանձնել: Թշնամին անդադար կրակել է այդ օրերին: Ետևում հայրենիքն էր ու ընտանիքը:

«Տանեցիների հետ էդ օրերին վերմակի տակից էի խոսում, որ շատ բան չիմանային, բայց արդեն գիտեին»:

Պատերազմից հետո երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Քառօրյան ավարտվեց, բայց անջնջելի հետք թողեց բոլորի կյանքում:

«Բանակը շատ կարևոր ա: Շատ բաներ են փոխվել, մանավանդ պատերազմից հետո. ամեն ինչին թեթև եմ նայում, կոպիտ ասած` մահն անցելա դեմովս»:

Պատերազմից հետո երազանքներ չկան: Կա մեկ նպատակ՝ դառնալ լավ ծրագրավորող և աշխատանք ունենալ:

«Ծառայության մեջ կյանքն ա երազ թվում, կյանքում ՝ ծառայությունը»: