Խորհրդարանն այսօր քվեարկությամբ վավերացրել է մի շարք օրենքների նախագծեր:

ArmeniaON, մարտի 28. ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ: Կողմ քվեարկեց 111 պատգամավոր:

Ընդունված օրինագծի համաձայն՝ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կկազմի 25 հազար 500 դրամ:

Ձայների 112 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Տեղական ընկերություններից օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր աշխատուժի արտահոսքը կանխելու նպատակով սահմանվում է, որ Հայաստանում ՏՏ օտարերկրյա ընկերության մասնաճյուղերը կարող են ունենալ առավելագույնը 30 աշխատակից:

«Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր:

Նույն քանակությամբ ձայներով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

tert.am

Լուսանկարը՝ shantnews.am