Հայաստանը կունենա նոր որակի և նոր ձևաչափի տրանսպորտային համակարգ:

ArmeniaON, մարտի 28. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախարարությունը վերջին քայլերն է կատարում տրանսպորտային համակարգը բարելավելու ուղղությամբ:

Նա տեղեկացրեց, որ ավարտին է մոտենում համապատասխան գործիքակազմի մշակման գործընթացը: Այն հնարավորություն կտա ռեալ հաշվարկելու ուղևորահոսքը, որին կհաջորդի միասնական երթուղային ցանց ստեղծելու փուլը: Նոր համակարգի շնորհիվ ուղևորները հստակ պատկերացում կկազմեն երթուղիների ցանցի մասին, կիմանան, թե որ տրանսպորտը որտեղից, երբ, ինչ ուղղությամբ է գնալու: Կունենան նաև տոմսերն օնլայն տարբերակով ձեռք բերելու հնարավորություն, ինչի շնորհիվ տրանսպորտային ընկերությունները կհասկանան, թե ինչ ուղևորահոսք է սպասվում:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ իրենք չեն փորձելու տրանսպորտային խնդիրներին «կարկատանային» լուծումներ տալ, այլ առաջարկելու են ոլորտը համակարգող համընդհանուր տարբերակ:

Նա նաև վստահեցրեց, որ արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն:

armenpress.am