«էս պահից սկսիր կյանքը սիրել, մի՛ սպասիր, որ կյանքը ստիպի դա»,-ասում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը:

Անյա Սարկիսովա

ArmeniON, մարտի 29. Երիտասարդության շրջանում շատ հայտնի է 03Pallat  ֆեյսբուքյան էջը: Այն ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ  Մանուկյանի մտքերի անկյունն է: «Էջը բացել եմ մոտ հինգ տարի առաջ: Գաղափարը ծնվեց այն բանից հետո, երբ սոցցանցերում չգտա հայկական էնպիսի էջ, որը հետաքրքրեր ու դուր գար ինձ: Եվ որոշեցի ինքս ստեղծել»,-ասում է Նարեկը, որը ձգտում է միշտ տարբերվել մյուսներից:

Մտածել պետք է միշտ

Իմ տարբերությունն այն է, որ ես շատ եմ մտածում, անընդհատ ու ամեն ինչի մասին: Նույնը լինելն ու ոչ մեկից ոչնչով չտարբերվելը ես համարում եմ բնազդով ապրել. ո՞ւմ է պետք ուղեղդ, եթե չես օգտագործում նոր բան ստեղծելու համար: Միանման մտածողները չեն մտածում, ուղղակի համաձայնվում են եղած մտքի հետ: Մարդկանց ուզում եմ ստիպել մտածել: Չլինել էդքան պարզ ու անհետաքրքիր: Ինձ շատերն են գրում խորհուրդ ստանալու համար, կապ չունի` ծանոթ են, թե անծանոթ: Փորձում եմ օգնել, շատերն ասում են` իրենց հոգեբանն եմ: Դեպք է եղել, որ իմ գրառումներից մեկի միջոցով մի աղջկա հետ եմ պահել հղիության արհեստական ընդհատումից, կարդացել ու փոշմանել է, էդ քայլին չի դիմել:

Ինձ միշտ զարմացրել է էն  փաստը, որ մարդիկ կուրորեն հետևում են հայտնի մարդկանց աֆորիզմներին, դրանք իրենց համար կյանքի օրենք են դարձնում` ինչ է թե դրա հեղինակը Ռեմարկը կամ Կոելյոն են: Ու չեն հասկանում, որ, ի վերջո, նրանք էլ են մարդ և նրանք էլ կարող են սխալվել: Էս կյանքում չկա միանշանակ ոչինչ:

Ես տեսնում եմ մարդկանց արած սխալները և հասկանում, թե ինչպիսին պետք չէ լինել: Շատ ավելի հեշտ է լինել լավը, երբ քո առաջ ունես հարյուր վատ օրինակ:

Ազատ ժամանակդ էլ պետք է հետաքրքիր լինի

Ինձ համար ոգեշնչման ամենամեծ աղբյուրը ֆիլմերն են, նաև` գրքերը, որոնք լավագույնս օգնում են, որ մտածես, ու էդ մտքերից ծնվեն գաղափարներ, որոնք մինչ այդ ոչ մեկի մտքով չի անցել: Ինքնարտահայտման լավագույն տարբերակն ինձ համար նկարներ ստեղծելն է: Կրեատիվ ու, ինձ թվում է, հետաքրքիր նկարներ ստանալն էլ հոբբի է, էդպես իմ ներաշխարհն է երևում:

Շատ սկզբունքային եմ

Դեռ փոքր տարիքից էի էդպիսին. եթե բոլորը գնում էին աջ, ես պիտի գնայի ձախ: Դե, երեխաները սովորաբար շատ են սիրում հարցեր տալ, ես՝ ավելի: Հիշում եմ` մի անգամ, երբ հայրս ծխում էր, հարցրի, թե ինչու է ծխում: Ախր ամեն անգամ ինձ ասում է` ծխելը վնասակար է, որ մեծանամ, հանկարծ չծխեմ, բայց ինքը ծխում է: Ասաց, որ էդպես հանգստանում է: Ես ինքս ինձ խոստացա, որ երբեք չեմ ծխի, ու ոչ թե նրա համար, որ վնասակար է, այլ որովհետև ինքս բավականաչափ ուժեղ եմ, որ կառավարեմ ինձ, ու ծխախոտի միջամտության կարիքը չի լինի երբեք: Վեց տարեկանում բակում ընկերոջս ասացի, որ երբ մեծանամ, չեմ ծխի: Ես հասկանում էի, որ չես կարող ասել, թե տարիների հետ ինչպիսին կդառնաս, բայց ես խոստմանս տերն եմ:

Չեմ սիրում ցուցամոլություն

Դրա օրինակներից մեկը ծառայությանս տարիներն են: Երբեք նկար չեմ դրել սոցցանցերում կամ գրել, թե հսկում եմ մարդկանց անդորրը: Դա պարտք է, որ պետք է կատարեն բոլորը կամ գոնե նրանք, ովքեր կարող են: Ես ծառայել եմ, մասնակցել նաև ապրիլյանին: Քառօրյայի ժամանակ «սնարյադներից» պաշտպանվելու համար փոս էինք փորում, ու մեզ թվում էր, թե փորում ենք մեր սեփական փոսը: Ծանոթ տղերք էին զոհվել, նայում էի նրանց մարմիններին ու մտածում, որ իրենց տնեցիք տեղյակ էլ չեն, որ իրենց տղերքը էլ հետ չեն գալու… Ամենաահավոր պահերից էր: Ապրիլի 1-ի գիշերը գլուխը բարձին դնելուց ոչ ոք չէր մտածի, որ մյուս բարձին դնելը մի երեք ամիս հետո է լինելու: Առաջին անգամ, երբ ադրբեջանցի զինվորների սպանելուց հետո գնացինք հաց ուտելու, մտքումս մի բան էր. «Մենակ Աստված գիտի, թե քանի ընտանիք է ողբալու մեր արածի պատճառով, իրենց ծնողները դեռ չգիտեն, որ իրենք էլ տղա չունեն, իսկ մենք նստել ենք հաց ուտելու, ոնց որ թե՝ հա էլի, ամեն ինչ կարգին է»: Ծառայությունը մեզ համար էնքան դժվար չի, ինչքան մեր ծնողների, դրանում վաղուց եմ համոզվել: Երկու օր էր` մերոնք  լուր չունեին ինձնից, հեռախոս վերցրի կողքիս երկրապահից, զանգեցի տուն, որ ասեմ՝ հետս ամեն ինչ կարգին է… Չէի սպասում, որ մամաս «ալո» բառը լացելով կասեր:

Աբուլն էլ՝ զինակից ընկերս, արդեն երկրորդ գիշերն էր, որ ընդհանրապես չէր քնել, ու նստած մի ավերակի անկյունում՝ հացը բերանը՝ աչքը կպել էր: Բայց դե հինգ վայրկյան էլ չքնեց խեղճը, «զալպից» (համազարկ) վեր թռավ: Շատ բան չեմ պատմի, ինչ էլ պատմեմ, չեք հավատա, որովհետև էդպիսի բաներ մենակ կինոներում են լինում: Շատ հեշտ է լիքը երկար ու սիրուն տողեր գրել, որ կարդացողն էլ հիանա կամ հուզվի։  էդ միտքը ինձ միշտ հետ է պահում բանակի մասին գրելուց, որովհետև արդյունքը էդ է լինելու, իսկ ես չեմ սիրում ցուցադրական բաներ։ Էդ կինո էր, որը մնաց կուլիսների հետևում: Բոլոր խորիմաստ թվացող ստատուսներից կասեմ մենակ մեկը` հանգիստ քնել կարողանալը, գլուխը բարձին դնելը, գլխիդ վերևում ծածկ ունենալը ոչ թե նորմալ է, ոչ թե լավ է, այլ իսկական շռայլություն է:

Գնահատեք ամեն ինչ: Կյանքի լավ կողմն էն է, որ անընդհատ հիշեցնում է, որ միշտ էլ հնարավոր է՝ ավելի վատ  լինի: Ինքը սովորեցնում է, բայց դու սովորելու հետ սեր չունես: Միշտ պետք է մտածել, որ քեզ հետ կատարվածը ամենավատը չի, եթե սրան չդիմանաս, հետո ի՞նչ պիտի անես: Երբեք էլ չգիտես` քնես-զարթնես, ինչ կլինի: Մի օր կզարթնես ու կտեսնես, որ քեզ համար թանկ մի մարդ մոռացել է զարթնելը: Իսկ մի օր էլ դու կքնես ու չես հիշի զարթնելու մասին: