ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը օգնություն կցուցաբերի Իրանում ջրհեղեղից տուժածներին: 

ArmeniaON, մարտի 29. Նախօրեին նախարարը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և պայմանավորվածություն ձեռք բերել  մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Իրան կուղարկվեն տեխնիկական միջոցներ և փրկարարներ:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ կազմակերպական աշխատանքները կտևեն մեկ-երկու օր, իսկ օգնությունն իրականացվելու է ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով: Նրա կարծիքով, անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորել վարչապետի որոշմամբ:

Նշենք, որ Իրանում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղից մարդիկ են տուժել. առնվազն 19-ը զոհվել է, շուրջ 100-ը՝ տարբեր վնասվածքներ ստացել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել 31 նահանգներից 25-ին: Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն 70 գյուղում ավելի քան 56 հազար մարդ է տուժել:

news.am

Լուսանկարները՝ panorama.am,