Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը` գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Օրբելյանը։

ArmeniaON, մարտի 29. Կոնստանտին  Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան նամակ էր ստացել, որտեղ նշված էր, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնում թատրոնի տնօրենի պաշտոնը։

Վերջինիս պնդմամբ՝ Նազենի Ղարիբյանը վաղուց էր ուզում ազատել իրեն աշխատանքից:

«Նազենի Ղարիբյանը կարծում է, որ իմ նշանակումն անօրինական է եղել։ Ինձ պետությունն է նշանակել։ Գուցե նա Գերագույն դատարանի նախագա՞հն է։ Ինձ ազատել են տնօրենի պաշտոնից, իսկ գեղարվեստական ղեկավարին նշանակում է տնօրենը», – լրագրողների հետ զրույցում ասել է Օրբելյանը։

Օրբելյանը նշել է, որ երեկ նրան զանգահարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նա ինձ զանգահարեց ժամը 22:00–ի սահմաններում և ասաց, որ զարմացած է», – պատմել է Օրբելյանը։ Նրա խոսքով՝ ինքն այս պահին շարունակում է մնալ թատրոնում, սակայն ինչ կարգավիճակով դեռ տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ազատվել է աշխատանքից։

asekose.am