Հայաստանում հոգեկան խանգարումների առաջացման պատճառների, հոգեմարմնական հիվանդությունների կապի և այլհետաքրքիր թեմաների մասին ArmeniaON-ը զրուցել է կլինիկական հոգեբան Լիանա Թերզյանի հետ:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON մարտի  30.  Հոգեբանությունը, որպես գիտություն, վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրել, կարծում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի հոգեբան Լիանա Թերզյանը:

– Զգալի փոփոխություններ են նկատվում  մեթոդաբանության ներմուծման, հարմարման, նոր գրականության ստեղծման, ուղությունների ընդլայնման, նաև մասնագիտության պահանջարկի մեծացման հարցում:

Լիանան նաև դասավանդում է Հանրային դիվանագիտության դպրոցում՝ որպես փորձագետ: Հոգեբանի խոսքով, եթե սիրում ես քո մասնագիտությունը, ապա պարբերաբար կատարելագործվում ես: Շատ կարևոր է պահպանել մասնագիտական և անձնային հիգիենան: Հոգեկան խանգարումների պարագայում ռեմիսիայի (ոչ սուր շրջան) փուլում հոգեբանն աշխատում է հարակից մասնագետի` հոգեբույժի միջամտությամբ:

Ասում է, որ գրագետ աշխատանքի կազմակերպան դեպքում ազդեցություններ սովորաբար չեն լինում: Իսկ եթե անգամ լինում են, դրանք քննարկվում են սուպերվայզերի՝ վերահսկող մասնագետի հետ: Ահա թե ինչու է կարևոր մասնագիտական և անձնային հիգիենայի պահպանումը: Նշում է, որ իրենց դիմում են վախերի, տագնապների, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների, նևրոզի, հոգեկան տրավմաների, անհանգստության, տրամադրության անկումների, դեպրեսիայի առկայության պարագայում: Թե ի՞նչ է հոգեկան առողջությունը և մեր հասարակությունն, արդյոք, հոգեպես առողջ է, մասնագետը պատասխանում է՝

– Դա կախված է նրանից, թե ում ենք համարում « հոգեպես առողջ »: Հասարակության մեջ հաճախ հանդիպում է այն կարծրատիպը, թե հոգեպես առողջ մարդ գոյություն չունի և դա այն անձն է, ով չի ունենում խնդիրներ: Այդպես չէ : Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոգեկան առողջությունը սահմանում է իբրև բարեկեցության վիճակ, որում անհատն իրացնում է իր կարողությունները: Կարողանում Է հաղթահարել առօրյա սթրեսները, աշխատել բեղուն և արդյունավետ , ինչպես նաև ունակ է ներդրում ունենալ հասարակության մեջ:

Մասնագետը նկատում է, որ առօրյայում մեզ հանդիպում են խնդրահարույց իրավիճակներ: Եվ Հուզական արտահայտումներ տալով, հասկանալով դրանք փորձում ենք հաղթահարել: Այն իրավիճակները, որոնք լիովին դուրս չեն մղվում, մնում են մեր ներսում, հետագայում արտահայտվում են երազներում` մղձավանջի տեսքով: Հոգեբանը հավաստիացնում է, որ  հոգեկան խնդիրները կարող են նաև մարմնական շատ հիվանդությունների պատճառ դառնալ:

– Յուրաքանչուրիս մոտ տարատեսակ իրավիճակներում կարող են առաջանալ բացասական հույզեր և ապրումներ, որոնք մենք սովորաբար փոձում ենք արտահայտել (վերբալիզացնել): Այն հույզերը, որոնք չենք կարողանում արտահայտել, նյութականացնել, կուտակվում են մեր ներսում ՝ առաջացնելով տարբեր լարումներ: Այդ ընթացքում օրգանիզմը զգալով ավելորդ բեռը, փոձում է մեզ հասկացնել չլուծված, խանգարող հանգամանքների մասին:

Այսպիսով` տարատեսակ ցավերի, կծկումների, ջերմության տատանման միջոցով օրգանիզմը փորձում է մեզ հասկացնել` ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան ավելորդ է, ասում է` լուծի՛ր այդ հարցը: Հենց դա էլ հոգեսոմատիկան է՝ մարմնականի և հոգեկանի կապը, ասում է Լիանա Թերզյանը: