«Տավուշ» հայրենակցական միությունը թարմ ուժերով կշարունակի իր հայրենանվեր գործը: Միությունը հայտարարեց վերագործարկման մասին և ընտրեց նոր նախագահ:

ArmeniaOn, մարտի 30. Կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Տավուշ» հայրենակցական միության համագումարը: Ներկա էին տարբեր ոլորտներում իրեց գործունեությամբ աչքի ընկած գործիչներ, որոնք արմատներով ամուր կապված են Տավշո աշխարհին, որտեղից էլ սերում են իրենց արմատները:

Խոսվեց ոչ միայն արված գործերի, այլև անելիքների մասին: Հավաքվածները շեշտեցին մարզի հոգևոր և տնտեսական զարթոնքի կարևորությունը, խոսվեց արտագաղթած տավուշեցիների համար հայրենիքում նպաստավոր պայմաններ ստեղծելու և նրանց հայրենադարձության անհրաժեշտության մասին, ինչին էլ պետք է միտված լինեն միության անելիքները:

Համագումարին ներկա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր խոսքում շեշտեց, որ այդ ամենը հնարավոր կլինի իրականություն դարձնել, եթե հավատան, որ կարող են: Նշվեց, որ ծրագրերի իրագործմանը պետք է ակտիվորեն ներգրավել արտասահմանում ապրող ու գործող բոլոր տավուշեցիներին, քանի որ հենց այդ համախմբումն է լինելու միության հաջողության գրավականը:

Առավել աչքի ընկած գործիչները պարգևատրվեցին նաև «Տավուշ» հայրենակցական միության պատվոգրերով: Համագումարը ընտրեց խորհրդի կազմն ու նոր նախագահ: «Տավուշ» հայրենակցական միությունը կղեկավարի հայտնի լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: