Երեկ՝ մարտի 31-ին,  80 տարեկան հասակում մահացել է իսպանացի հայտնի գրող, հրապարակախոս, լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը։ Նա մեծ հայասեր էր և հայ դատի պահանջատերերից մեկը, ով իր մաշկի վրա է զգացել Հայոց ցեղասպանության դառը հետևանքները։


ArmeniaON, 1 ապրիլի. Կիրակի՝ մարտի 31-ին, Մադրիդում վախճանվել է մեծ հումանիստ, հայ ժողովրդի բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։

Խոսե Անտոնիոյի կյանքի պատմությունը, իր հետ պատահած մի ողբերգական դրվագից սկսված, ուղիղ կապ հաատատեց հայ ժողովրդի և նրա պատմության ամենացավոտ թեմայի՝ Ցեղասպանության հետ։

1980 թվականի դեկտեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) երեք մարտիկների կազմակերպած ռմբահարման ժամանակ, Գուռիարանը պատահաբար վիրավորվեց։

Juan Antonio Gurriarán, en el diario ‘Pueblo’, en 1984.RAÚL CANCIO

Այդ օրը նա  դուրս է գալիս  «Pueblo» օրաթերթի խմբագրության շենքից, քայլում Մադրիդի կենտրոնական փողոցով։ Մտնում է հեռախոսախցիկ՝ իր կնոջ հետ խոսելու։ Նա պայմանավորվում է  տիկկնոջ հետ, որ գնան Վուդի Ալենի ֆիլմը դիտելու, հետո՝ ճաշեն ռեստորանում։

Երբ Խոսե Անտոնիոն կախում է լսափողը, հարևանությամբ երկու ռումբ է պայթում։ Պայթյունից ոչ ոք չի զոհվում, սակայն 9 տուժածների թվում էր նաև Խոսե Անտոնիոն։

Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո, Խոսե Անտոնիոն ցանկանում է իմանալ, թե ո՞վ է իրականացրել պայթյունը։ Դեռևս հիվանդանոցում, երբ նա պայքարում էր իր երկու ոտքերը պահպանելու համար, սկսում է կարդալ հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության մասին, Հայ դատին վերաբերող գրքեր և նյութեր, ուսումնասիրում հայոց պատմությունը։

Վերականգնողական բուժումը զուգակցելով հայոց պատմության մանրամասն ուսումնասիրման հետ, 1982 թվականին նա Լիբանանում հանդիպում է ԱՍԱԼԱ-ի ղեկավարության հետ։ Զինյալները դիմակով էին և զենքերը վայր չէին դնում, մինչդեռ իսպանացի լրագրողը ձեռնափայտով էր։ Նա հայկական խմբի ղեկավարին է նվիրում Մարտին Լյութեր Քինգի գիրքը  և առաջարկում մտածել իրենց ընտրած ուղու մասին։
Այդ դրվագից հետո լույս է տեսնում նրա գիրքը՝ «Ռումբը»։ Այն պատմում է իսպանացի լրագրողի կենսագրության և մի ամբողջ ազգի ողբերգական գոյատևման պատմությունը։ «La Bomba»-ն մի քանի անգամ վերահրատարակվել է, այդ թվում նաև անգլերեն թարգմանությամբ։