Այսօր աուտիզմի խնդրով երեխաների մասին ինֆորմացիայի տարածման միջազգային օրն է: Քննարկվել են հանրակրթական դպրոցներում աուտիզմ ունեցող երեխաների կրթության և ներառականության խնդիրները:    

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 2. Ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, անկախ իր  ֆունկցիոնալ վիճակից, ախտորոշումից: Ամենակարևոր քայլն այսօր արված է` դպրոցի դռները բաց են բոլոր երեխաների առաջ: Դժվարություններ կան, քանի որ ուսուցիչների մեջ վախ կա աշխատելու այս երեխաների հետ: Ուսուցիչը, սակայն, մոռանում է, որ նախ ինքը պետք է լինի մանկավարժ, ծանոթ լինի երեխայի ցանկացած խնդրին և կարողանա աշխատել տարբեր կարիքներով երեխաների հետ: Պետք է շեշտը դնել երեխայի ոչ թե ախտոևոշման, այլ`ուժեղ կողմերի վրա:«Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ քննարկում նվիրված Աուտիզմի համաշխարհային օրվան:

«TMM – Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի ղեկավար Լենա Հարությունյանի խոսքով այսօր կան բավականին մեծ փոփոխություններ թե’ ծնողների, թե’ մասնագետների ջանքերի շնորհիվ:

– Նարեկս 12 տարեկան է, ունի աուտիզմ: Սովորում է 5-րդ դասարանում: Սեպտեմբերից նոր սկսել է հաճախել դպրոց: Մինչ այդ 5 տարի իր  դասընկերների հետ դասի չի նստել, քանի որ չեն եղել այդ հմտությունները: Այս տարի մեծ աշխատանքների ու ջանքերի արդյունքում նա կարողանում է դասընկերների հետ մասնակցել դասերին, բայց խնդիրներ միշտ էլ լինում են: Ես միանշանակ գտնում եմ, որ միշտ էլ  ելք կա:

Կրթության, գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը նշեց, որ իրենց նպատակը ներդաշնակ հասարակություն ստեղծելն է: Ուզում են, որ բոլոր երեխաներն ունենան հավասար իրավունքներ, լինեն հասարակության լիարժեք անդամ անկախ իրենց ախտորոշումից: Բոլոր երեխաները պետք է սովորեն հանրակրթական դպրոցներում և ունենան իրենց կարիքներին համապատասխան աջակցություն:

– Այսօր ՀՀ-ում մենք ունենք 7000-ից ավելի կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Նրանք սովորում են և’ հատուկ, և’ հանրակրթական դպրոցներում: Հատուկ դպրոցներում այսօր սովորում է 1900֊ից քիչ երեխա: Թվերը շատ խոսուն են:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Սոֆիա Հովսեփյանն ասաց, որ  այսօր չկա ճիշտ վերաբերմունք մասնագետի կողմից: Ուսուցիչը, որպես մասնագետ, պատրաստ է օգնել, սակայն երբ կարծրատիպերը տեղի են տալիս, նա սկսում է սիրով չաշխատել երեխայի հետ: Շատ կարևոր է, որ մասնագետը տիրապետի գիտելիքների, որպեսզի կարողանա դպրոցում աջակցել այս խնդրով երեխային: Ուսուցչի մեջ կա սխալվելու վախ, ինչը, հավանաբար, հենց այդ կարծրատիպերի և քիչ իրազեկված լինելու արդյունք է: Էրգոթերապևտ Գայանե Հովհաննիսյանը ևս նշեց իրազեկության պակասի մասին.

– Անիրզեկությունն, ըստ իս, աշխատանքային փորձի պակասից է: Եթե աուտիզմով  երեխան դասի ժամանակ բարձր ձայներ է արձակում, ապա ուսուցիչը նախ պետք է հասկանա՝ նա ինչ պահանջ ունի, ոչ թե պատժի: Վերականգնողական կենտրոններում մասնագետներն ավելի խորքային են տիրապետում այս հարցերին: Հանրակրթական դպրոցում` ոչ այնքան:

Մասնագետները կարևորում են նաև վերականգնողական կենտրոնների համագործակցությունը մանկապարտեզների և դպրոցների հետ`լիարժեք արդյունք ստանալու համար:

– Ես պահանջում եմ ներառում: Ինձ համար կարևոր չէ, որ իմ երեխան «ա» կամ «բ» ասել սովորի: Ես ուզում եմ նա իրեն լիարժեք մարդ զգա: Ես ամենաերջանիկ ծնողն եմ, իմ երեխան այսօր հասակակիցների առօրյայից հետ չի մնում: Նա անգամ նվեր է ստացել` թևնոց, ամբողջ օրը կրում է, – ասում է Լենա Հարությունյանը:  

Այսպիսով, մասնագետները շեշտը դնում են հասակակիցների հետ երեխայի շփման, նրա զարգացման և հետո միայն գիտելիք ձեռք բերելու վրա: