Պատմության քառուղիներում մենք քայլել ենք երկար և թերթել ենք բազում ցավալի էջեր: Այդ էջերից մեկը 2016 թվականի ապրիլն էր, որը շատերի համար եղավ ճակատագրական` զրկեց, բայց և ապրեցրեց, հիասթափեցրեց, բայց և համախմբեց:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 2. Կան վերքեր, որոնք երբեք չեն սպիանում: Ապրիլյան պատերազմի մասին շատերն են դժվարանում խոսել: Այն միտքը, թե որքան չասված բառեր և կարոտներ մնացին ճանապարհին, պարզապես ստիպում է նրանց լռել կամ մտքերը հանձնել թղթին: Ապրիլյան պատերազմի ժամանակ Թադևոս Ծպնեցյանի ծառայությանը մնացել էր 97 օր, երբ…

«Արդեն լքել էինք զորամասի տարածքն ու գնդի ողջ կազմով Քաշաթաղի շրջանում էինք. սպասում էինք հետագա հրահանգներին։ Երեկոյան ժամը յոթն էր։ Ողջ մայրուղու երկայնքով  զինտեխնիկայի անվերջանալի մի շարասյուն էր ձգվում. առաջնագծում գերլարված էր` թեժ մարտերը շարունակվում էին։ Ես հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի հրամանատարական մեքենայում էի փոխգնդապետ Գրիգորյանի և իմ դիտակետը բարձրացող անձնակազմի հետ. դասակի հրամանատարի տեղակալն էի։ Մեր մեքենաները առանց խափանման անցել էին ողջ ճանապարհը»։

Անկախ խոչընդոտներից՝ տղաները համախմբված էին, և ոչինչ չէր խանգարում նրանց հաղթահարելու բոլոր դժվարությունները և շարժվելու առաջ:

«Անձնակազմն առավոտյան ճաշարանից հետո ո՛չ սնունդ և ո՛չ էլ ջուր էր ունեցել, բայց դե «դուխները» բարձր էր, նպատակը` ակնհայտ: Կապիտան Մկրտչյանի փայլող ու ամեն ինչի պատրաստ հայացքը հուշում էր` զորքս պատրաստ է, ես՝ առավել ևս: Տղաները գիտակցում էին իրավիճակի լրջությունը` ինֆորմացիայի պակաս ոչ մեկը չուներ: Միակ խնդիրը թերևս այն էր, որ քաղցած էին ու ծարավ»։

Ապրիլյան պատերազմը բախտորոշ եղավ շատերի համար: Նրանք կերտեցին նոր պատմության ևս մեկ հերոսական էջ և արթնացրին հայի հայրենասեր ոգին:

«Բախտորոշ և լեղու նման դառն էր 2016-ի ապրիլը: Ամսվա առաջին օրը հարյուրավոր տղաների համար եղավ վերջին խաղաղ օրը, հարյուրից ավելի հայ զինվորների համար՝ կյանքի վերջին մայրամուտը: Հաղթանակի սերունդը կերտեց նոր հաղթանակ: Ինձ համար կյանքը բաժանվեց երկու մասի` մինչ ապրիլ և ապրիլից հետո: Չփոխվեցի ես, բայց փոխվեց ամեն ինչ, անգամ սահմանագիծը»:

Ապրիլյան պատերազմի մասին Թադևոս Ծպնեցյանը միշտ դժվարությամբ է խոսում: Վերապրելը ցավ է պատճառում, ուստի նախընտրում է մտքերը հանձնել թղթին:

«Առանց ցավի ու ափսոսանքի չեմ կարող խոսել այդ օրերի մասին: Երբ պատերազմի մասին են հարցնում, առաջին հերթին պարտքս եմ հիշում ընկած տղաների հանդեպ նրանց չիրականացած երազանքների համար. նրանք իրենց կյանքն են տվել հայրենի երկրի սահմաններն ամուր պահելու համար: Մենք՝ ապրողներս, պետք է նաև նրանց փոխարեն ապրենք ու արարենք: Եվ ամենակարևորը՝  երբեք չմոռանանք նրանց. չէ՞ որ քանի հիշում ենք, նրանք ողջ են ու մեր կողքին են»։ 

Թադևոս Ծպնեցյանը Հայաստանը և Արցախը համարում է իր օջախը: Ծառայության ժամանակ հաճախ է եղել, երբ մտքով «թռել է» դեպի տուն: Մտովի զրույցը հարազատների, ընկերների հետ ուժ էր տալիս և հոգեպես ամրացնում էր տղաներին:

«Շատ անգամ եմ մտքով տուն «թռել»: Անկեղծ՝ հիմա կարոտում եմ այդ թռիչքները, այդ մտովի ճախրանքները: Այն միտքը, որ քեզ սպասում են շատերը, ուժ էր տալիս բոլորիս, ամրացնում հոգեպես՝ սպայից մինչև հասարակ զինվոր»: